Նախագիծը շրջանառության դնելուց առաջ մտավախություն ունեի, թե իշխանական պատգամավորների վրա ճնշումներ կսկսվեն, եւ նրանք ի վերջո ետ կվերցնեն ստորագրությունները: Իրականում՝ ես ինքս մի քանի ժամից ստիպված եղա նախագիծը հանել շրջանառությունից: (Կարդացեք նաև' «Առկախված հարցերի և ապագայի մասին. Նիկոլ Փաշինյան (մաս 1)):

Դա տեղի ունեցավ փետրվարի 27-ին: Ժամը 11-ի մոտակայքում օրինագիծը շրջանառության մեջ դրեցի եւ երկու ժամից տեղեկացա, որ Մարտի 1-ի զոհերի մի խումբ հարազատներ ուզում են ինձ տեսնել: Շտապեցի հանդիպման: Նրանք գրեթե նույն կազմով էին, ինչ նախորդ խոսակցության ժամանակ: Միանգամից զգացի, որ լարված են, վատ տրամադրությամբ: Պահանջում էին նախագիծը շրջանառությունից հանել: Հետաքրքրվեցի, թե ինչու՞ են այդպես ցանկանում: Նրանք բերեցին փաստարկներ, որոնք շատ նման էին, իսկ որոշ դեպքերում կրկնում էին ՀԱԿ խմբակցության սենյակում տեղի ունեցած խոսակցությունը. Կոնգրեսի գրասենյակից էին գալիս: Տեղի ունեցավ սկզբից լարված, հընթացս շատ անկեղծ ու իմ կարծիքով՝ ջերմ զրույց: Ասացի, որ եթե իրենք ուզում են, ես իհարկե, նախագիծը կհանեմ շրջանառությունից: Նույն օրը բոլոր համահեղինակների համաձայնությունը ստանալով նախագիծը հանեցի շրջանառությունից: Թվում էր՝ սրանով պատմությունը պետք է ավարտված համարվեր, բայց որոշ ժամանակ անց բհկհակկ-ական կայքում մի հոդված հայտնվեց շրջանառության մեջ դրած նախագծի մասին, որը բացահայտում էր, որ նախագիծը ոչ այլ ինչ է, քան սերժանտական մի ահասարսուռ դավադրություն: ՀԱԿԿ բարձր ղեկավարության ուղղակի ազդեցության տակ գտնվող շրջանակներ սկսեցին ակտիվորեն շրջանառության մեջ դնել հոդվածը՝ սարսափազդու մեկնաբանություններով՝ արյան վաճառքից սկսած մինչեւ իշխանական դավադրություն եւ Ռ. Քոչարյանին ու Ս. Սարգսյանին Մարտի 1-ի արյան պատասխանատվությունից մաքրելու փորձ: Եւ այս համատեքստում ինձ էին ուղղվում մեղադրանքներ, որոնց անհեթեթությունը առաջին հայացքից կարող էր եւ տեսանելի չլինել:

Մեղադրանք թիվ 1 - «Դա արյան վաճառք է»,- պնդում էին որոշ օգտատերեր՝ ՀԱԿԿ-ից: Նրանք սակայն մոռանում էին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ինքը դեռ 2008-ին եւ 2011-ին պահանջել է, որ իշխանությունները Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին վճարեն մեկ միլիոնական դոլար փոխհատուցում: Ի՞նչ է ստացվում, եթե մեկ միլիոն դոլար է, արյան վաճառք չէ, իսկ եթե 50 տարի, տարին հինգ միլիոն դրամ՝ արյան վաճա՞ռք է: Ի դեպ, քննարկումների ընթացքում Տեր-Պետրոսյանի առաջարկած մեկ միլիոն դոլարն էլ հիշեցին, պնդելով, որ դրանից թեկուզ մեկ ցենտ պակաս փոխհատուցման մասին խոսելն անընդունելի է: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ իմ հեղինակած նախագծի առանցքը փողը չէ: Պատկերացրեք՝ հիսուն տարի ՀՀ պետական բյուջեում տող է առանձնացվում Մարտի 1-ի զոհերի մասով: Սա մի օրենսդրական երաշխիք է, որ Մարտի 1-ի էջը ոչ ոք փակել չի կարող՝ նույնիսկ սպանությունների բացահայտումից հետո: Նմանօրինակ օրենքի գոյությունը կարեւոր քաղաքական երաշխիք կլիներ այն բանի, որ ՀՀ որեւէ իշխանություն Երեւանի փողոցներում չի գնդակահարի սեփական քաղաքացիներին, որովհետեւ պետությունն օրենքով ընդունում է, մեղա է գալիս նախկինում տեղի ունեցածի համար:

Կար, իհարկե, զոհերի ընտանիքներին նյութական երաշխիքներ տրամադրելու հարցը, եւ ինձ համար սա ամենեւին էլ երկրորդական չէր: Բայց եթե ասենք՝ մեկական միլիոն դոլար տվեք զոհերի հարազատներին, կասեն, որ այս սուղ սոցիալական վիճակում բյուջեում չորս միլիարդ դրամ չկա: Իսկ ներկայացված նախագիծը պետական բյուջեի վրա պիտի նստեր տարեկան 50 միլիոն դրամ, գումարած ինչ-որ հարկեր, ասենք՝ եւս քսան միլիոն դրամ: Ի դեպ, նախագծի ստեղծման օրերին հ/ը-ները ոգեւորությամբ հաղորդում էին, թե առողջապահության նախարարությունը գնումների ոլորտում իրականացված կարգաբերումների շնորհիվ խնայել է 180 միլիոն դրամ: Այսինքն, գտել էի նաեւ առնվազն առաջիկա երկու երեք տարվա գումարը: Նկատի ունեմ՝ նախագիծը փաստարկված էր, գործնականում չէր ավելացնում պետական բյուջեի բեռը, պետական մակարդակով արձանագրում էր մարտիմեկյան սպանդի դատապարտում եւ մեր չափանիշներին համարժեք ինչ-որ սոցիալական երաշխիքներ էր ստեղծում Մարտի 1-ի զոհերի ընտանիքների համար:

Մեղադրանք թիվ 2 - Կրկին ՀԱԿԿ շրջանակներից իմ հասցեին սկսեցին մեղադրանքներ տեղալ, թե ինչու է օրենքի նախագծում օգտագործված ոչ թե սպանված, այլ «կյանքից զրկված» հասկացությունը: Պատասխանը պարզ է. մեծ է հավանականությունը, որ տասը զոհերից ՈԶ սպա Համլետ Թադեւոսյանը ոչ թե սպանվել է, այլ զոհվել' զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով: Քրգործում այս մասին վկայող բազմաթիվ փաստեր կան եւ սա 2008թ. ընդդիմության պաշտոնական վարկածն է: Ինչո՞վ է սա կարեւոր. նրանով, որ օրենքի նախագծում անհրաժեշտ էր գտնել ձեւակերպումներ, որ վերաբերվեր Մարտի 1-ի բոլոր զոհերին: Նույն տրամաբանությամբ, գրված չէ Մարտի 1, 2-ին սպանված, որովհետեւ զոհերից երկուսը մահացել են ավելի ուշ, հիվանդանոցում: Եթե օրենքում գրված լինի' Մարտի 1, 2-ին սպանված, այն չի տարածվի Տիգրան Աբգարյանի եւ Սամվել Հարությունյանի վրա, որովհետեւ նրանք Մարտի 1-ին չեն սպանվել, նրանք Մարտի 1-ին վնասվածքներ են ստացել, տեղափոխվել հիվանդանոց եւ մահացել այնտեղ՝ շուրջ մեկ ամիս անց: Իսկ «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ստացած մարմնական վնասվածքների պատճառով կյանքից զրկված» արտահայտությունն անհրաժեշտ էր իրավական ճշգրիտ պատճառահետեւանքային կապ ստեղծելու համար, որովհետեւ որեւէ մեկը հնարավոր է Մարտի 1-ին վնասվածք է ստացել եւ, տնից տեղից հեռու, մի քանի օրից մահացել՝ էլեկտրահարվելու պատճառով:

Պնդում էին, թե «կյանքից զրկված» արտահայտությունն օգտագործված է հատուկ՝ տեղի ունեցած սպանությունները հետագայում այլ որակման արժանացնելու համար: Խեղճերը չգիտեին (այսինքն՝ նրանց ղեկավարությունը թաքցրել էր իրենցից), «կյանքից զրկել» արտահայտությունը օգտագործված է ՀՀ ՔՕ «104. Սպանություն» հոդվածում:

Ինձ «բռնացրել» էին սպանդ եւ ոճրագործություն բառերը օրենքի նախագծի մեջ չներառելու մեջ: Քաղաքական բնորոշումները օրենքի նախագծի մեջ օգտագործելը էդ ու՞մ մտքով է անցել: Եթե դրանք այդքան զորեղ իրավական նշանակություն ունեցող բառեր են, հենա Բարաք Օբաման ամեն տարի Հայոց ցեղասպանության մասին ասում է՝ սպանդ, ոճրագործություն, եղեռն, ինչու՞ ենք դժգոհ մնում: Շատ պարզ պատճառով. այդ բառերը դե յուրե ոչինչ չեն նշանակում:

Մեղադրանք թիվ 3 - Կրկին ՀԱԿԿ շրջանակներից պնդում էին, թե նախագիծը Սերժին է ձեռնտու: Սրա կապակցությամբ կասեմ ընդամենը հետեւյալը. եթե ձեռնտու է, ո՞վ է բռնել նրա ձեռքը: ԱԺ-ում մեծամասնություն ունի՞: Ունի: Ցանկացած օրենք շվվացնելով անցկացնու՞մ է, անցկացնում է: Է, եթե իրեն ձեռնտու է իմ գրած նախագիծը, ո՞վ է ձեռքը բռնել, թող իր պատգամավորներից մեկի միջոցով դնի շրջանառության մեջ, անցկացնի: Ինչո՞ւ չի անում, էդքան խելք չունի՞:

Մեղադրանք թիվ 4 - Ամենահրեշավոր մեղադրանքը, սակայն, որ նախագծի համատեքստում ինձ ներկայացվել է բհկահակկական որոշ շրջանակների կողմից, այն է, թե այս նախագիծը շրջանառության մեջ եմ դրել ԱԺ' Մարտի 1-ի նոր հանձնաժողովի ձեւավորումը տապալելու համար: Այս մեղադրանքը որեւէ, թեկուզ կեղծ փաստարկով հիմնավորված էլ չի եղել, որ հիմա դրան պատասխանեմ: Բայց այսպիսի ակնարկներով աղմուկն էր, որ ինձ ստիպեց ավելի քան երկու ամիս համբերատար սպասել, եւ այս թեմային որեւէ կերպ չանդրադառնալ: Պատճառը մեկն էր. հասկանում էի, որ ցանկանում են ինձ ներքաշել մի անհեթեթ աղմուկի եւ բանավեճի մեջ, եւ այդ բանավեճը կառուցել այնպես, որ ի վերջո հնարավոր լիներ հանձնաժողովի ձեւավորման հնարավոր տապալման պատասխանատվությունը ինձ վրա բարդել: Այս է պատճառը, որ հարցի քննարկման ընթացքում ոչ մի հարց չտվեցի, ոչ մի ելույթ չունեցա, ոչ մի մեկնաբանություն չարեցի: Եւ քանի որ հարցադրումը հնչելու է, թե ինչու եմ հոդվածը հիմա գրում, միանգամից պատասխանեմ. որովհետեւ չէի կարող գրել, քանի դեռ ԱԺ-ում Մարտի 1-ի հանձնաժողովի հետ կապված հարցը քվեարկության չէր դրվել:

Իսկ ԱԺ-ում այս հարցի քննարկումը հետաքրքիր անցավ: ՀԱԿԿ ներկայացուցիչ հիմնական զեկուցողը ԱԺ ամբիոնից քնքշորեն ասաց՝ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյան (11.04.2013): Բա ու՞ր են ֆեյսբուքյան ակտիվիստները, բա ու՞ր մնաց սպանդը, ոճրագործությունը, պետական հեղաշրջումը, ընտրությունների կեղծումը: Քննարկումը սրա համար էի՞ք անում, որ Սերժ Սարգսյանին ԱԺ ամբիոնից «ՀՀ նախագահ» հռչակեք:

Իսկ ՀԱԿԿ փոխնախագահ Լ. Զուրաբյանը խփեց բոլոր ռեկորդները: Մարտի 1-ի հանձնաժողովի ձեւավորման որոշման նախագծի քվեարկությունից առաջ, ԱԺ նիստում վարման կարգով ձայն խնդրելով' նա հայտարարեց. «… այս քվեարկությունը լինելու է իրականում քվեարկություն, թե ով է պատասխանատու մարտի 1-ի հանցագործության համար» (20.05.2013):

Սա իսկապես ռեկորդային հայտարարություն էր: Ի՞նչ էր նշանակում, մի՞թե այն, որ բոլոր կողմ քվեարկածները պատասխանատու չեն Մարտի 1-ի ոճրագործության համար: Գուցե սա նորմալ լիներ, եթե չլիներ մի նրբություն: Նախագծին կողմ է քվեարկել նաեւ 2008թ. Ոստիկանության զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը, ով ներկայումս ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ է: Եթե ուրիշ բան չասենք, 2008թ. Մարտի 1-ի զոհերից երեքը զոհվել են «Չերյոմուխա-7» զինատեսակի գործադրմամբ: «Չերյոմուխա-7» եղել է միայն ու միայն ՈԶ տրամադրության տակ, ասել է թե' դրանք չէին կարող կրակվել առանց Գ. Գրիգորյանի հրամանի: Էդ ո՞նց եղավ, որ նա, ըստ Զուրաբյանի, պատասխանատու չէ Մարտի 1-ի հանցագործության համար: Սա, ընդ որում, կարեւոր է նրանով, որ հայտարարության պահին Զուրաբյանը գիտեր, որ Գրիգոր Գրիգորյանը «կողմ» է քվեարկելու, իսկ Գրիգորյանը գիտեր, որ ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու, այսինքն' հանձնաժողով չի ձեւավորվելու: Դեռ քիչ է, որ 2012-ին ՀԱԿ-ի ներկայացուցիչը «կողմ» է քվեարկել, որ Գրիգոր Գրիգորյանը ընտրվի ԱԺ՝ ՆԳ, ԱԱ եւ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, հիմա էլ նրան ազատում են Մարտի 1-ի պատասխանատվությունից: Ու սա անում են նրանք, ովքեր ինձ մեղադրում էին, թե ուզում եմ Սերժին ու Ռոբին մաքրել Մարտի 1-ի արյան պատասխանատվությունից:

Բայց ՀԱԿԿ-ի թողարկած «ինդուլգենցիան» հավասարապես վերաբերում է նաեւ Վ. Օսկանյանին, որն ըստ Զուրաբյանի հայտարարության տրամաբանության, այլեւս պատասխանատու չէ Մարտի 1-ի հանցագործության համար:

Նույնը վերաբերում է նաեւ Գ. Ծառուկյանին, ով ՀԱԿ-ի կողմից հրապարակված հայտնի ցուցակում հիշատակված էր Մարտի 1-ի պրոցեսները կազմակերպած օլիգարխների շարքում: Ի դեպ, ՀԱԿԿ ներկայացուցիչները վերջին շրջանում լուրեր են շրջանառում, որտեղ փորձում են Ծառուկյանի հայտնվելը ցուցակում ինչ-ինչ թյուրիմացությամբ կամ դավադրությամբ բացատրել, ինչպես եւ Ռ. Հայրապետյանի չհայտնվելը: Բայց սա պատերի տակի խոսակցության թեմա չէ: Փաստահավաք խմբում ՀԱԿ ներկայացուցիչ նշանակածները թող հրապարակային, կոնկրետ բացատրություն տան իրենց նշանակած մարդու գործունեության համար, վերջինս էլ, ենթադրում եմ' իր տեսակետը կներկայացնի, եւ մենք բոլորս ի վերջո կիմանանք, թե ինչն-ինչոց է, կամ եզրակացության գալու հնարավորություն կունենանք: Իսկ քանի դեռ հրապարակային բացատրություններ չեն տրվել, այդ ամենն առուծախի տպավորություն է թողնում:

Ի դեպ, Հովիկ Աբրահամյանը ձեռնպահ է քվեարկել Մարտի 1-ի հանձնաժողով ձեւավորելու նախագծին: Նշանակում է' կիսով չափ ազատվե՞ց Մարտի 1-ի հանցագործության պատասխանատվությունից: Փաստորեն, եթե մի հատ էլ նույնաբովանդակ մի հարցի ձեռնպահ լինի, լրիվ կազատվի. երկու «ձեռնպահը» մի «կողմի» տեղ չի՞ անցնում:

Նիկոլ Փաշինյան
ԱԺ պատգամավոր

հատուկ «ՀԺ»-ի համար