Lragir.am-ի հարցերին պատասխանում է էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահրամ Ավանեսյանը

Պարոն նախարար, ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել Հայաստանում առկա մենաշնորհների դեմ, կկարողանա՞ք նորմալ տնտեսություն ստեղծել Հայաստանում:

Մենակ ոչ, մենակ մոնոպոլիաների դեմ դժավար է պայքարելը: Մոնոպոլիաների դեմ պետք է պայքարել' այնպես անելով, որ առաջանան ընկերություններ, որոնք իրենց ուժերով ու հնարավորություններով կկարողանան արդյունավետ պայքար վարել: Ինչ վերաբերում է ինձ, ես ամեն ինչ անելու եմ, որ դա տեղի ունենա Հայաստանի Հանրապետությունում: Իսկ ինչի՞ արդյունք եք համարում այսօրվա մենաշնորհները: Խորը վերլուծություն ես չունեմ, թե ինչի արդյունք է, բազմաթիվ գործոնների արդյունք է: Կան, իհարկե, շատ դեպքեր, որ մարդիկ ստանում են տարբեր տեսակի առավելություններ: Ճիշտն ասած, ես կուզեմ, որ ավելի կոնկրետ խոսենք մոնոպոլիաների վերաբերյալ:

Կոնկրետ օրինակ' արդեն մեկ տարի քննարկվում է ֆրանսիական Կարֆուր սուպերմարկետների ցանցի' Հայաստանյան շուկա մուտք գործելու հարցը: Որպես հիմնական խոչընդտոտ' շրջանառվում է այն տարբերակը, որ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է խոչընդոտում ընկերության մուտքը:

Կոնկրետ դեպքի վերաբերյալ ես ասեմ, ես ինքս Կարֆուրի հետ չեմ խոսել: Այն, ինչ ես եմ լսում այսօր, այն է, որ Կարֆուրն այսօր Հայաստանի Հանրապետությունում է, որ բացվելու է: Ես չգտեմ, թե ինչ մեթոդներով են նման դեպքերում պայքարում: Ուղղակի մի բան ասեմ' ինձ համար իրոք զարմանալի է, որ ասում են' ինչ-որ մեկը խոչընդոտում է: Օրինակ' նախկինում, երբ դարձյալ էկոնոմիկայի նախարար էի, ինձ ասում էին, որ ինչ-որ մեկը, անունը չտամ, պայքարում է, թույլ չի տալիս, որ McDonalds-ը Հայաստան գա: Ես McDonalds-ի հետ դրանից հետո ուղղակի աշխատել եմ, ակնհայտորեն նման բան չի եղել: Չեմ ասում, որ նույն բանն է, ուղղակի ասում եմ, որ շատ հաճախ այն, ինչ մենք լսում ենք, հետո պարզվում է, որ այդպես չի:

Լավ, անձի վրա չկենտրոնանանք, սուպերմարկետների գործին, կոպիտ ասած, վնասելու է, դիմադրություն կա՞, թե ոչ:

Ակնհայտ է, որ Կարֆուրն ավելի էժան ապրանքներով է գալու: Ես չեմ զարմանա, որ այն բիզնեսմենները, որ այսօր Հայաստանում կան, ամեն ինչ անեն, որ չթողնեն Կարֆուրը մտնի: Ես չեմ կարծում, որ դրա մեջ զարմանալի բան կա: Այլ հարց է, թե իրենք ինչ ճանապարհներով են դա անում: Համենայնդեպս ես կարող եմ ասել' էկոնոմիկայի նախարարության միջոցով նման բաներ ընդհանրապես հնարավոր չի լինելու անել:

Պարոն Ավանեսյան, իսկ նորմա՞լ եք համարում, որ խոշոր բիզնեսների հետ երկրի վարչապետի կամ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի անուններն են կապվում: Հնարավոր կլինի՞ այդ պայմաններում ձեր պատկերացրած տնտեսությունը ձևավորել:

Բոլոր երկրներում էլ նման խոսակցություններ կան: Ես հիշում եմ, կառավարությունից դուրս եմ եկել, ինձ էլ էին կապում նման հարցերի հետ: Լավ կլիներ, որ դրա 0.1 տոկոսը ճիշտ լիներ, ես բավականաչափ ուրախ կլինեի: Ճիշտն ասած, ոչ հավատալու, ոչ չհավատալու խնդիր չունեմ, որովհետև դա ասեկոսեների մակարդակի է: Ես իրականում աշխատել եմ և մասնավոր, և պետական հատվածում և երբեք չեմ ունեցել նման խնդիրներ, որ մտածեմ' բոլորը շատ ազնիվ են, կամ բոլորը սրիկա հանցագործներ են: Նման դեպքերում կարևորն այն է, արդյո՞ք այդ փաստերը հետագայում հիմնավորվում են, թե չեն հիմնավորվում:

Ռոզա Հովհաննիսյան