Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր
իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ նախկին նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի գործով հերթական նիստը։

Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը հանդես եկավ հայտարարությամբ.

«Դատավարության առաջին օրվանից (չհաշված՝ նախաքննության ամբողջ ընթացքը) մեղադրող կողմից այդպես էլ չենք կարողացել ստանալ Վարդան Սեդրակյանի մեղադրանքի հիմքերը՝ այն ապացույցները, որոնք ընկած են Վ. Սեդրակյանի (շեշտեմ. Վ.Սեդրակյանի, այլ ոչ թե բոլոր մեղադրյալների միասին) մեղադրանքի հիմքում, ինչը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» 6-րդ հոդվածի համաձայն, պարտադիր է:

Մեղադրող կողմը պարտավոր է մեղադրանքի հիմքերը ներկայացնել ոչ թե պաշտպանական կողմի դրդմամբ կամ խնդրանքով, այլ պարտավոր է, որոհետև պարտավոր է միշտ:

Ավելին, մեղադրանքի հիմքերը ոչ միայն պետք է ներկայացվեն, այլև՝ պետք է ներկայացվեն հանգամանորեն և մատչելի, ինչպես նշված է Կովենցիայի 6-րդ հոդվածում:

Տվյալ դեպքում, մեր կարծիքով, հատուկ, դիտավորյալ (այլ պատճառ չենք գտնում), մեղադրող կողմը մեղադրական եզրակացությունում շարադրել է բոլոր մեղադրյալներին վերաբերող ապացույցները, այն էլ՝ խառը հերթականությամբ, դրանց անունը դնելով Վ. Սեդրակյանի, Ս. Հարությունյանի և Խ. Պողոսյանի մեղքը հիմնավորող ապացույցներ: Այդպիսի դատավարական «սոփեստությունն» անթույլատրելի է:
4-րդ դատական նիստն է, ինչ Վ. Սեդրակյանը զրկված է պաշտպանվելու հնարավորությունից, քանի որ դատարանը հետազոտում է մեղադրողի կողմից ներկայացված ապացույցները՝ տարատեսակ վկաների իրարամերժ, հակասական ցուցմունքները, իսկ մենք այդպես էլ չենք կարողանում հասկանալ, թե այդ ապացույցներն ինչ կապ ունեն Վ. Սեդրակյանի հետ: Չմոռանանք, որ Քրեական դատավարության օրենսգրքի 309.1 հոդվածի համաձայն՝ գործի քննությունը դատարանում կատարվում է միայն ամբաստանյալի նկատմամբ և միայն այն մեղադրանքի սահմաններում, որով նրան մեղադրանք է առաջադրվել»,- հայտարարությունը կարդաց պաշտպանը:

Ըստ պաշտպանի հայտարարության՝ դատական բժիշկ-փորձագետը Պ. Հայրիկյանի մարմնի վրայի վերքերը չի տեսել, դեպքից 1 ժամ անց հիվանդանոց ընդունվելու ժամանակ Պ. Հայրիկյանի արյան ճնշումը 100/60 է, իսկ պուլսը՝ 73 զարկ, ինչը չի լինում արյան զգալի կորստի ժամանակ, հատակից հայտնաբերված 2-րդ գնդակը, որով իբր պատճառվել է երկրորդ վնասվածքը, իր վրա արյան հետքեր չի պարունակում, չնայած Պ.Հայրիկյանը երկրորդ հրազենային վնասվածքը աջ կողմից ստացել է հենց այդ գնդակով։ Հատակից հայտնաբերված 2-րդ գնդակը, որով իբր պատճառվել է երկրորդ վնասվածքը, չի պարունակում նաև ասֆալտի հետ ուժային շփման հետքեր (եթե հաշվի առնենք, որ հատակին է ընկել կրակվելու արդյունքում), Պ.Հայրիկյանի կարճաթև ներքնաշափիկի և անթև շապիկի վրա չկան համապատասխան վնասվածքներ, թեև աջ կողմից առկա է հրազենային 2-րդ վնասվածքը, որն, ի դեպ, դատաբժիշկ փորձագետը չի տեսել:

Փաստաբան Սիրունյանի հայտարարությունը կարող եք տեսնել Lurer.com-ի պատրաստած տեսանյութում.