Shamshyan.com. «Ամեն ինչ վաճառվում է. նույնիսկ այն, ինչ ասում են, թե չի վաճառվում՝ իրականում վաճառվում է ավելի բարձր գնով»: Այս կարծիքին է մեր դարի մարդկանց մեծ մասը: Ցավոք, նրանց կարծիքը դատարկ տեղում չի ձևավորվել: Ազատ շուկայական տնտեսության տեսաբաններն ու բազմաթիվ լուրջ մտածողներ, հակադրվելով Մարքսին, ապացուցել են, որ միայն տնտեսական ոլորտով չի պայմանավորված հասարակական կյանքը։ Սակայն մեզանում, երբ հասկացան, որ կարելի է ձեռքն ընկած ամեն բան վաճառել, ոչ մի վայրկյան չվարանեցին։ Տնտեսական, ավելի կոնկրետ՝ սպառողական մտածողությունը տարածվեց գրեթե բոլոր ոլորտներում և ստացավ յուրահատուկ ընթացք: Այս վաճառությունը միայն իշխանությունների մենաշնորհը չէ: Այսօր ընդունված երևույթ է' աղջկան հարուստ տանը վաճառել և անունը դնել սեր ու ամուսնություն: Հանգիստ կարելի է գնել դիպլոմ, մասնագիտական պաշտոն, որից բացարձակ գլուխ չես հանում։ Հիմա վաճառքում կան հեղինակություն, ընկերություն, ընտանիք, խելք, բարոյականություն, ամեն ինչ: Վաճառում են և հանգիստ ասում' «փողին մունաթ»: Սրանք, իհարկե, եղել են միշտ և ամենուր, սակայն ոչ մի տեղ չեն ընկալվել որպես օրինակելի, բնական երևույթ: Բոլոր ժամանակներում էլ եղել են կաշառակերներ, բայց ներկայում սովորել ենք զարմանալ ոչ թե կաշառք վերցնողի, այլ՝ չվերցնողի վրա: Եվ սա դեռ ամբողջը չէ: Մեր շուրջը կա մի խավ, որը, առիթից օգտվելով, նույնպես ուզեց ինչ-որ բան վաճառել: Բայց քանի որ վաճառելու ոչ մի նյութական արժեք չուներ, ապա որոշեց վաճառել իրեն՝ ծայրից ծայր լցված հին հայհոյանքներով ու բամբասանքներով: Երբ այդ անպետք ապրանքի ցուցադրությունը չստացվեց, սկսեց համոզել, հետո պարտադրել… Սրանք, իրականում, նախանձով են նայում մարմնավաճառներին. Բոլոր մարմնավաճառներն ունեն մի սրտաճմլիկ անցյալ, ինչպես Վիկտոր Հյուգոյի հերոսուհի Ֆանտինը: Շատ հավանական է, որ բոլոր Ֆանտիններն ուրիշ միջավայրում մարմնավաճառ չդառնային, բայց այս հոգի վաճառողները, նույնիսկ հազար մարդու ոտք են պաչում, որ իրենց թույլ տրվի այդ վաճառքը: Բազմաթիվ դրամատիկ կերպարներ են եղել, որ մեծ դժվարությամբ են գործարք կնքել սատանայի հետ, այն էլ հանուն վսեմ գաղափարի: Իսկ մեր «վսեմները», քիչ է մնում աղոթեն, որ սատանան իրենց հայտնվի: Ու մի կարգին գին էլ չեն ուզի: «Բիրիքով» կտան' կգնա… Արևմտյան երկրներում, որտեղից մենք փոխառել ենք ազատ շուկայական արժեքները, ահռելի մեծ աշխատանք է տարվել, որպեսզի շուկայական լինեն միայն տնտեսակական հարաբերությունները, բայց ոչ երբեք հասարակականները: Իսկ մեզ մոտ սկսել են շուկայականացնել մարդկային հարաբերությունները: Այս ակնհայտ վտանգավոր ընթացքը հեռացնելու է մեզ քաղաքացիական հասարակություն դառնալու նպատակից, իսկ արժեքային խեղումներն ու հանրային այլակերպարությունները ծանր հետևանքները կարող են ունենալ սերունդների համար:

ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը' Գագիկ Շամշյանի