ԳԱԼԱ-ի հետ զրույցում ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն անդրադարձել է ադրբեջանական ANS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլաևի հայտարարությանը: Վերջինս մասնավորապես հայտարարել էր.

«Ադրբեջանը կարող է գազ մատակարարել Հայաստանին: Եթե Հայաստանը գազի հարցում օգնության խնդրանքով դիմի մեզ, ապա անկասկած մենք նրանց կօգնենք գազային հարցում: Ադրբեջանը գիտակցում է իր տարածաշրջանային դերը»:

Վ. Խաչատրյանը նշել է, որ, դատելով Ադրբեջանի վարած արտաքին քաղաքականությունից, այս հայտարարությունն իրատեսական չէ:

«Ադրբեջանը ոչ միայն գազ չի մատակարարի Հայաստան, այլև ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը ներտնտեսական գործունեություն վարող երկրների կամ կազմակերպությունների հետ խնդիրներ ունենա»:

Պարոն Խաչատրյանը հիշեցրել է այն դեպքը, երբ որոշ ժամանակ առաջ երրորդ միջնորդավորված անձը բավականին մատչելի գներով Ադրբեջանից նավթամթերք էր ստանում, բայց երբ ադրբեջանական իշխանությունները տեղեկություն ստացան այս մասին, արգելեցին ու ադրբեջանական կազմակերպությունները, որոնք աշխատել էին հայ գործարարների հետ, լուրջ խնդիրներ ունեցան:

Տաթև Ֆռանգյան