Հունիսի 2-ին Սյունիքի մարզում հնչած կրակոցներն ու դրանից հետո զարգացած իրադարձությունները շարունակում են մնալ քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում, ովքեր կատարված միջադեպին տարբեր գնահատականներ են հնչեցնում:

ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նշել է հետևյալը. «Նախ շատ ցավալի է դա բոլորիս համար, առաջին անգամ չէ, որ մենք այդ մասին առիթ ունեցել ենք խոսելու: Ես ինքս բազում անգամ ասել եմ, որ Հայաստանում մի իրավիճակ է ստեղծվել, երբ իրենց բացթողումը ակնհայտորեն ունեն իրավապահ մարմինները»:

Ըստ նրա՝ Գորիսում հնչած կրակոցները պատահականություն չեն և ոչ էլ եզակիներից են: «Մենք ամեն օր ականատես ենք լինում, ռուսերեն եմ ուզում ասել այդ բառը, самосуд-ի, կամ ինքնադատաստանի դեպքերի: Բնականաբար շատ սարսափելի եմ համարում, երբ որ քաղաքապետի թեկնածուն և մարզպետը, անկախ ամեն ինչից, խառնում են այդ ամենին իրենց թիմակիցներին և խնդիրները լուծում են նմանատիպ մեթոդներով»,- ասել է նա:

Ըստ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահի՝ այս ամենը Հայաստանում առկա անպատժելիության մթնոլորտի հետևանք է: «Հայաստանում անգամ ամենաբարձր պաշտոնյաները և իրենց զավակները ապահովագրված չեն, և դա իրենք էլ պետք է գիտակցեն, որ բացի սովորական մահկանացուները, այլ նաև այն մարդիկ, ովքեր օգտվում են շատ-շատ իրավասություններից և արտոնություններից, և նրանց համար այսօր ծանր իրավիճակ է, և դա պետք է բոլորը գիտակցեն»,- ասել է Խաչատուր Քոքոբելյանը:

«Երբ Հայաստանում տիրում է մի մթնոլորտ, մի իրավիճակ, երբ հարցերը լուծվում են զուտ «տղայական» մակարդակով, որևէ դրական առաջընթացի սպասել պետք չէ»,- կարծիք է հայտնել ԱԺ պատգամավորը:

Վերջում Խաչատուր Քոքոբելյանը նշել է, որ իրավապահ մարմինները պետք է գործեն անհապաղ և լուրջ քայլեր ձեռնարկեն, որպեսզի նմանատիպ դեպքերը բացառվեն: «Հակառակ պարագայում խոսել, թե՝ տեսեք դեպքը եղավ և մենք պատժեցինք, որովհետև իրավապահների խնդիրն է, որ նմանատիպ դեպքերի բացակայություն լինի, սակայն բոլորս տեսնում ենք, որ դրանք շքերթ են դարձել մեր երկրում»,- նշել է նա:

Փայլակ Ֆահրադյան