Գորիսի միջադեպին Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը տվեց քաղաքական գնահատական:

«Գորիսի միջադեպն արդյունքն է այն բանի, որ մեր իշխանություններն ամբողջ իրենց ռեսուրսը մեկ տարի ծառայեցրել էին' խորհրդարանական, նախագահական, Երեւանի ավագանու ընտրություններում հաղթանակ տանելու համար, եւ բնականաբար, նրանք այդ ընթացքում չէին զբաղվում սեփական ընդերքում կատարվող գործընթացներով եւ չէին տեսնում, թե այդ հաղթանակն ինչ լկտիության նոր ալիքով է հղի: Հիմա դրա արդյունքը երեւում է, հիմա նրանք բավական ծանր վիճակի մեջ են, որովհետեւ հասկանում են, որ, փաստորեն, իրենք իրենց վրա են վերցրել ե'ւ իշխանության, ե'ւ ընդդիմության դերը. իշխանությունն այսօր ե'ւ իշխում է, ե'ւ պարտավորված է ինքն իրեն քննադատելու մասն ապահովել, որովհետեւ ուրիշների քննադատությունը չի սիրում եւ չի ուզում լսել»,-հայտարարեց Վահան Հովհաննիսյանը:

«Սուրենխաչատրյաններ», որպես երեւույթը, ՀՅԴ-ական պատգամավորի հավաստիացմամբ, կան բոլոր հասարակություններում, անգամ «կրիմինալից համեմատաբար զուրկ նորվեգիաներում եւ շվեյցարիաներում, բայց նրանք այդ երկրներում մարզպետ չեն դառնում, տասնամյակներ շարունակ իշխանության զինանոցի կարեւորագույն դերակատար չեն դառնում, իշխանությունը կարողանում է մարդկանց այդ տեսակը ֆիլտրել, հեռու պահել որոշում կայացնելու օղակներից»:

Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրեն Խաչատրյանի տեղակալի նշանակումը Հովհաննիսյանը նույն լծակների կիրառում է համարում. «Սուրեն Խաչատրյանի ծանր, մուգ ստվերը դեռ մնում է Սյունիքի մարզպետարանի վրա»:

Սյունիքի արդեն նախկին մարզպետին քրեական պատասխանատվության ենթարկելու կամք, Վահան Հովհաննիսյանի կարծիքով, իշխանությունները չեն ունենա: «Եթե առջեւում ընտրություններին լինեին, ես չէի արդարացնի, բայց կհասկանայի, որ չեն ուզում մարդուն նեղել, որովհետեւ վաղը Սյունիքից ձայներ պետք է բերի: Հիմա այդ խնդիրն էլ չկա, բայց գոյություն ունի քաղաքական միջավայրի իներցիա, այսինքն' եթե հիմա Սուրեն Խաչատրյանի դեմ իշխանությունը լուրջ սանկցիաներ կիրառի, չէ՞ որ ամիջապես հարցեր կբարձրանան հասարակության մեջ' բա մի տարի առաջ էս մեկին ինչի՞ չբռնեցիք, կես տարի առաջ էն մեկին գործից ինչո՞ւ չհանեցիք, բա երկու տարի առաջ այսպիսի դեպք եղավ… Այսպիսի դեպքերը բազմաթիվ են: Հիմա, երբ թվում էր, թե նախագահն արդեն ընտրված է, մեծամասնություն ունի խորհրդարանում, քաղաքապետն էլ իր կուսակցությունից է, հիմա նախագահը հանգիստ կարող է այդ կիսագողական շրջապատից ազատվել: Առջեւում ընտրություններ չկան, ի՞նչն է քեզ պահում»,- ասաց Հովհաննիսյանը:

Թե ի՞նչն է այդ քայլից հետ պահում նախագահին, դաշնակցական պատգամավորը չգիտի: Դիտարկմանը, թե նման դեպքերի կրկնությունը հնարավոր է «սամասուդի» ինստիտուտը գործի դնի մեր երկրում, Հովհաննիսյանն ասաց, որ եթե քաղաքացի ես, պարտավոր ես ապրել օրենքներով' ոչ թե գողական, այլ պետական: «Գողական օրենքներով սկսում են ապրել կամ այդ համակարգին ենթարկվել այն ժամանակ, երբ դադարում են իրենց քաղաքացի զգալ: Դադարում են իրենց քաղաքացի զգալ, որովհետեւ պետական համակարգի պաշտպանությունը չեն զգում, իրենց չեն զգում մի համակարգի մաս, որում հավասար իրավունքների տեր են, եւ փորձում են ստեղծել սեփական իրավունքի դաշտը: Դա անթույլատրելի է, բայց որպեսզի դրա դեմն առնվի, դու չես կարող մեկին պարտադրել գիտակից քաղաքացի լինել, իսկ մյուսին թողել' ինչ ուզում է անի: Եթե դու պահանջում ես, որ մարդիկ գիտակից քաղաքացի լինեն, պետք է Բուդաղյաններից էլ պահանջես, բայց պետք է նաեւ Խաչատրյան Սուրիկից էլ պահանջես, որ քաղաքացի լինի ու պատասխան տա իր գործողությունների համար: Եթե դու մեկին դիտում ես որպես քաղաքացի, իսկ մյուսին' որպես քո ընկեր, դա արդեն պետություն չէ»,- նշեց Հովհաննիսյանը: