Ազգային ժողովում այսօրվա նիստում քննարկվում էր կառավարության ներկայացրած ծրագիրը, ըստ որի՝ պետք է հարկային արտոնություններ տրվեն օտարերկրյա ներդրողներին:

Ելույթով հանդես եկավ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Ասում եք, որ մենք դեմ ենք ներդրումներին, ոչ, ի սեր Աստծո, ներդրումները լավն են: Այս սեպտեմբերին, այս սոցիալական լարված վիճակում բարձրացնում եք բուհերի վճարները մինչև 2500 դոլար: Էլեկտրաէներգիան 45 տոկոս գումարայինով ավելանում է, պարզ է՝ գնաճը գնալու է, սոցիալական լարվածությունն ավելանալու է, և դրան զուգահեռ ավելացնում եք մինչև չգիտեմ 2500 դոլար վճար, ու այն պատճառաբանությամբ, որ դասախոսների աշխատավարձները բարձրանան, բայց մնացածներն ընդունվելու խնդիր չունե՞ն: Արտասահմանյան ուսանողներ եք ուզում ներգրավել, ասեք խնդրեմ ո՞ւր են Սիրիայից, արաբական երկրներից, Պարսկաստանից, Վիետնամից, Հնդկաստանից եկող ուսանողները, որոնք փող էին բերում, ո՞ւր են, չկան:

Ձեր նախարարը հայտարարում է, որ ասպիրանտուրան բանակից խուսափելու միջոց է: Սա է, սա է մեր կրթական ստրատեգիան, որով մենք պահում ենք կրթական գիտական համակարգը: Մեր կրթական համակարգում բացարձակ գոյություն չունի կրթական բաղադրիչը: Մենք դա ենք պահանջում, իսկ դուք խեղաթյուրում եք, թե մենք ներդրումներին դեմ ենք: Ոչ, կրթական կոմպոնենտը պետք է լինի թիվ մեկը՝ կրթական հիմնարկ բացելու համար: Ո՞վ է ձեզնից ուրիշ բան ուզում, ասում ենք՝ բերեք ծրագիրը: Առաջարկում ենք բերեք կրթական ծրագիր, կրթական ծրագիրը բերեն այստեղ, հաստատենք, նայենք, դաբրոն տանք գործին»,-ասաց Արամ Մանուկյանը: