«Բյուջեի կատարողականը ներկայացնում է մի մարդ, ով բյուջեի կատարման ողջ ընթացքում կառավարության անդամ չի եղել»: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Սա իսկապես բնորոշ փաստ է և հերթական անգամ ցույց է տալիս, որ բոլոր այն դեպքերում, երբ Ազգային ժողովի կանոնակարգը Տիգրան Սարգսյանին հնարավորություն է տալիս Ազգային ժողովում խուսափել հիմնական զեկուցողի կարգավիճակից, նա դա անում է, և կարելի է հասկանալ թե ինչու է անում, որովհետև կռահում է. բոլորս գիտենք, որ կան հարցեր, որոնց պատասխանելը նրա համար առանձնապես հեշտ չէ»,-ասաց Փաշինյանը:

Վերջինիս խոսքերով՝ բյուջեն ամենևին էլ հաշվապահական թվերի գումարում-հանում չէ: «Դա երկրի թիվ մեկ ֆինանսաքաղաքական փաստաթուղթն է, և այդ քաղաքականության իրականացման համար պատասխանատու է կառավարությունը՝ իր առաջին դեմքով: Ես հարցեր ունեմ, բայց որպեսզի չասվի, որ դա կապ չունի բյուջեի կատարողականի հետ, ուզում եմ նախապես պարզաբանել. Կառավարության անդամները պետական բյուջեից ստանում են աշխատավարձ, և մենք յուրաքանչյուրս իրավունք ունենք իմանալ, թե ինչով են նրանք զբաղվում երկրի տնտեսությունը ջղայնացած տեմպերով զարգացնելուց ազատ ժամանակահատվածում»,-նշեց պատգամավորը:

Նիկոլ Փաշինյանը, դիմելով ամբիոնի մոտ կանգնած ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին, հարցրեց.

«Կարո՞ղ եք արդյոք պարզաբանել տեղեկությունները հանրահայտ օֆշորային սկանդալի մասին: Մամուլում հրապարակումներ եղան, որ Տիգրան Սարգսյանը Նավասարդ Կճոյանի և երրորդ անձի օֆշորային գոտում բացել է հաշվեհամար, որի արդյունքում Հայաստանի բանկերից տրված 10 միլիոն դոլարի վարկը, ըստ էության, անհայտ վիճակում է գտնվել, և մամուլում տեղեկություններ կան, որ այդ միջնորդության գործում Տիգրան Սարգսյանն անձամբ է դերակատարություն ստանձնել, և գումարների մի մասն էլ հետ են փոխանցվել տվյալ բանկ։ Ընդհանրապես, դա շատ կասկածելի գործարք է, որը, կարծում եմ, ուղղակի հարցականի տակ է դնում ոչ միայն կառավարության օրինական հանձնառությունը ծառայել ՀՀ ժողովրդին, այլև՝ անձամբ Տիգրան Սարգսյանի անձնառությունը»:

Փաշինյանին ի պատասխան՝ Սարգսյանն ասաց. «Անդրադառնալով ձեր հարցադրման առաջին մասին, որը հարցադրում չէր, այլ տեսակետի արտահայտում: Թույլ տվեք նկատել, որ կանոնակարգն այնպիսին է, որ անգամ եթե մենք ունենայինք լիովին նոր կազմով Կառավարություն, միևնույն է, այդ կառավարության նորանշանակ՝ լինի ֆինանսների նախարարը, վարչապետը կամ այլ նախարար, պետք է տար հաշվետվություն նախորդ կառավարության գործունեության համար և այս առումով զարմանալու որևէ զարմանալի բան չկա:

Ինչ վերաբերում է ձեր հարցադրմանը, ապա վարչապետը դիմել է իրավապահ մարմիններին՝ պարզելու, թե ինչպես են այդ տեղեկությունները ստացվել և ինչ տարբերակով է օգտագործվել համապատասխան պաշտոնյայի անունը»:

Արձագանքելով նախարարի պատասխանին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Խնդիրը հենց դրանում է, որ փոխանակ դատախազությունը դիմեր Տիգրան Սարգսյանին՝ Տիգրան Սարգսյանն է դիմել դատախազությանը, որպեսզի դուք այսօր հնարավորություն ունենաք ամբիոնից ասել՝ «Պարո՛ն Փաշինյան, կարծում եմ, որ խնդիրը նրանում է, որ դուք բարձրացնում եք և տալիս եք հարց ոչ թե պատասխան լսելու, այլ հնչեցնելու համար»,-արձագանքելով պատգամավորի խոսքին՝ ասաց Դավիթ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմել է գլխավոր դատախազություն։ Վարչապետի դիմումը վերաբերում է վերջերս «Հետքի» հրապարակած «Ովքե՞ր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հոդվածին:

Նշված հոդվածով «Հետքը» տեղեկացրել էր, որ Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերից մեկը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է: Ավելի վաղ Սարգսյանի մամուլի քարտուղարը նշել էր, որ վարչապետը դիմելու է գլխավոր դատախազություն՝ ապացուցելու համար, որ նա որևէ առնչություն չունի այդ կազմակերպության հետ: