Lragir.am. Հայաստանի գյուղատնտեսության զարգացման նպատակով Աստծու բարեհաճությունը Մայր Աթոռի միջոցով ստանալու գյուղատնտեսության նախարար պարոն Սերգո Կարապետյանի նախաձեռնությունը ժամանակին արժանացել էր պարոն Կտրիճ Ներսիսյանի (որին նաև Գարեգին Բ կաթողիկոս են անվանում) հավանությանը, և նա խոստացել էր վերականգնել բերք ու բարիքի օրհնության ծիսակարգը: Այդ գեղեցիկ ծեսերի ընթացքում ծիսակատար քահանան պետք է համապատասխան աղոթքներով խնդրեր Աստծուն, որ Նա բարենպաստ եղանակ ու առատ բերք պարգևի Հայոց աշխարհին: Ես չգիտեմ՝ օրհնեցին արդյոք մեր մեծապատիվ քահանաները հայոց արտերն ու դաշտերը, ծառերն ու մարգագետիները, թե ոչ, բայց արդյունքում ունենք այն, ինչ ունենք, իսկ ինչ որ ունենք՝ ձեռնտու չէ ոչ գյուղացուն, ոչ քաղաքացուն, ոչ պետությանը և հուսով եմ, ոչ էլ եկեղեցուն: Այս է իրականությունը, և սա բնական է, քանի որ աղոթքի զորությունը ուղիղ համեմատական է աղոթողի հավատքին:
Ընդհանուր առմամբ, եկեղեցիներն իրենց հոգևոր գործառույթներն իրականացնում են աղոթքի ու խոսքի միջոցով: Ցավոք, հոգևորականների մեծ մասը այսօր ծույլ է խոսքի ու աղոթքի մեջ, նույնիսկ Մայր Աթոռի պատարագները ոչ միշտ են զարդարվում քարոզներով: Ավելորդ է խոսել պատարագների ժամանակ եկեղեցիների ներսում տիրող ժխորի մասին ու աղոթքի համար հոգևոր մթնոլորտի իսպառ բացակայության մասին: Ավելորդ է խոսել, որովհետև միևնույն է ոչինչ չի փոխվելու, քանի դեռ չունենք այն ազգընտիր հոգևոր առաջնորդը, ով խորապես կգիտակցի աղոթքի ու խոսքի զորությունը, ով առողջ քննադատությունը հիվանդագին չի ընդունի: Անհրաժեշտ է կոնկրետ քայլերով ամրապնդել ժողովրդի վստահությունը եկեղեցու և հոգևորականների նկատմամբ, ինչպես դա անում է Հռոմի նորընտիր պապ Ֆրանցիսկոս առաջինը: Այլապես, շքեղ մեքենաներ ու դղյակներ օրհնելով, եկեղեցանման շինկառույցներ ավելացնելով կամ փողոցներում փուչ ու դատարկ օբյեկտներ օրհնելով հայ ազգի վզին փաթաթված չարիքն ու նախատինքը չի վերանա և ոչ էլ հայ եկեղեցին կհզորանա:
Այսպես եթե շարունակվի՝ մի օր էլ Հայաստանում առնետների կերպարներով կառուցված եկեղեցիներ էլ կունենանք ու Հայաստանի "հանճարեղ" պատմաբաններն ու ճարտարապետներն էլ կբացատրեն ժողովրդին, թե առնետները որքան խելացի ու մարդամոտ կենդանիներ են, և նորանկախ Հայաստանը շատ սահուն կերպով կթևակոխի առնետների երկրպագման դարաշրջան:
Իհարկե, պաշտոնապես Հայ եկեղեցին հոգևոր կառույց է, սակայն իմ դիտարկմամբ, Մայր Աթոռը վեր է ածվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր գործող հատուկ արտոնություններով օժտված շինվարչության, որը պահպանել է իր նախկին "Հայ Առաքելական Եկեղեցի" անունը և իր յուրահատուկ կեցվածքով տարբերվում է այլ շինարարական կազմակերպություններից: Հանուն արդարության հարկ է նշել, որ այսպիսի եզրակացության եմ հանգել մանավանդ ելնելով այն փաստից, որ ի տարբերություն հոգևոր գործառույթների' աշխարհիկ գործերում Հայ եկեղեցին զգալի առաջընթաց է ապրել: Մասնավորապես բավական ընդարձակվել ու բարեկարգվել է Մայր Աթոռի տարածքը, այստեղ տեղի սրճարանում կարելի է նաև մի գավաթ սուրճ ըմպել, քայլել գեղեցիկ ծաղիկներով պարուրված պարտեզներում, մի խոսքով շատ հաճելի, դասական ժամանցային վայր է' շրջապատված նորանոր դասական շինկառույցներով, որոնք, ի տարբերություն Հայոց այգիների' շատ լավ պաշտպանված են կարկուտներից:  

Գենադի Մնացականյան