Ազգային ժողովի այսօրվա նիստում Վերահսկիչ Պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվություն։ Հաշվետվությունում առկա են բազմաթիվ թերացումներ մի շարք ոլորտներում։

1.Վերահսկիչ պալատի հաշվետու տարվա ընդհանուր նկարագիրը

Հաշվետու տարում Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի (այսուհետ՝ Վերահսկիչ պալատ) գործունեությունն իրականացվել է' Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Վերահսկիչ պալատի 2012 թվականի գործունեության տարեկան ծրագրին (այսուհետ՝ Տարեկան ծրագիր) համապատասխան:

Վերահսկողության արդյունքների վերաբերյալ տարեկան հաշվետվությունը կազմելիս Վերահսկիչ պալատն առաջնորդվել է Բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) սկզբունքներով:

Վերահսկողության արդյունքներն ամփոփվել են Վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվություններում, որոնք «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի պա-հանջների համաձայն Վերահսկիչ պալատի խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) կողմից հաստատվելուց հետո՝ 10 օրվա ընթացքում ներկայացվել են ՀՀ Նախագահին, ՀՀ Ազգային ժողովին և ՀՀ կառավարությանը: Ընթացիկ հաշվետվությունները հաստատվելուց հետո 30 օրվա ընթացքում տեղադրվել են Վերահսկիչ պալատի ինտերնետային էջում՝ բացառությամբ 2 ընթացիկ հաշվետվություն, քանի որ դրանք պարունակում են «գաղտնի» տեղեկատվություն, և դրանց կարելի է ծանոթանալ ՀՀ Ազգային ժողովում՝ օրենքով սահմանված կարգով:

Ղեկավարվելով «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով՝ վերահսկվող օբյեկտների ղեկավարները Վերահսկիչ պալատին տրամադրել են տեղեկատվություն ընթացիկ հաշվետվություններում ամրագրված, հայտնաբերված խախտումները վերացնելու ուղղությամբ:

Տարեկան ծրագրի կատարման արդյունքների մասին առավել մանրամասն տեղեկությունը տեղադրված է Վերահսկիչ պալատի պաշտոնական ինտերնետային էջում (www.coc.am):

2. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ.

2.1. Քաղաքաշինության ոլորտ

Վերահսկողության ընթացքում արձանագրվել են բազմաբնույթ խախտումներ և թերություններ, որոնք ընդհանրական են և նույնությամբ կրկնվում են գրեթե բոլոր օբյեկտներում: Դրանցից առավել հատկանշական են հետևյալ երևույթները'

. չկատարված աշխատանքների դիմաց վճարում

. անորակ աշխատանքներ

. գների արհեստական թանկացումներ

. շինարարական նախագծերը և՛ ձևի, և՛ բովանդակության առումով կազմվում և կատարվում են սահմանված նորմերի պահանջների խախտումներով

. խախտումով կազմված նախագծին տրվում է փորձագիտական դրական եզրակացություն

. նախագծանախահաշվային փաստաթղթերը սահմանված կարգով չեն հաստատվում

. չեն պահպանվում պետական ստանդարտով սահմանված շինարարական գծագրերի մշակման միասնական կանոններն ու նորմերը

. շինարարության ընթացքում նախատեսված բարձրորակ նյութերի և ապրանքների փոխարեն փաստացի օգտագործվում են դրանց ցարծորակ տեսակները

. «ծածկված» աշխատանքների ակտերը կազմվել են թերի, սահմանված կարգի խախտումներով, ամբողջությամբ չեն նկարագրում շինարարական աշխատանքների կատարման տեխնոլոգիական փուլերը

. բացակայում են ավարտված շինարարության շահագործումն ընդունող հանձնաժողովի ակտերը

. անորակ վերանորոգված մի շարք ջրանցքներում շեպերն ունեն երկայնական ճաքեր, որոնք անհրաժեշտ է հրատապ լրացուցիչ կարգով հետազոտել և վերանորոգել

. տեխնիկական և հեղինակային հսկողությունն իրականացվում է թերի կամ որոշ դեպքերում ընդհանրապես սահմանված կարգով չի իրականացվում:

Շինարարության ոլորտում արձանագրված խախտումների և բացթողումների բազմաթիվ օրինակներ ներկայացված են Վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվություններում: Դրանցից որպես օրինակ կարելի է նշել.

. «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում ընտրանքային կարգով 8 օբյեկտում իրականացրած 986,090.0 հազ. դրամի հիմնանորոգման աշխատանքների ստուգման արդյունքում արձանագրվել է 47,158.2 հազ. դրամի անորակ և վերականգնման ենթակա գումարի չափով խախտում:

. Թալինի մայր ջրանցքի (ՊԿ0+00 ից ՊԿ 102 + 46 հատված) շրջադարձերի որոշ հատվածներում սխալ նախագծային լուծումների հետևանքով ջուրը ջրանցքից դուրս է գալիս և ողողում ջրանցքի սպասարկման գոտին:

. Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից թվով 6 օբյեկտի կառուցման համար կատարողական ակտերով կապալառուներին վճարել է 3,523,744.7 հազ. դրամ, մինչդեռ նշված աշխատանքների համար ՀՀ կառավարության որոշումներով հաստատված պայմանագրերի արժեքը կազմում էր 3,299,919.9 հազ. դրամ: Փաստորեն առանց պայմանագրերի փոփոխության կապալառուներին պայմանագրային արժեքներից 223,824.8 հազ. դրամով ավելի է վճարվել:

. ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ընտրանքային կարգով ստուգված 4 օբյեկտում' 134,045.3 հազ. դրամ ընդհանուր գումարով կատարված հիմնանորոգման աշխատանքներում հայտնաբերվել է անորակ և վերականգնման ենթակա 8,625.8 հազ. դրամ գումարի չափով խախտում:

Ընդհանուր առմամբ, շինարարության ոլորտում վերջին 5 տարիներին Վերահսկիչ պալատի կողմից կատարված ուսումնասիրության արդյուքները ցույց են տալիս, որ վերոգրյալ խախտումների հիմնական պատճառներից մեկը, ըստ ամենայնի, քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, փորձաքննության, հաստատման և փոփոխման գործընթացներում առկա ռիսկերի բարձր մակարդակն է: Այդ նպատակով, 2013 թվականին Վերահսկիչ պալատը տվյալ ուղղությամբ իրականացնելու է վերահսկողական համալիր միջոցառումներ:

Շինարարության ոլորտում կոռուպցիոն ռիսկերից և ուռճացված գներից խուսափելու նպատակով Վերահսկիչ պալատը հաշվետու տարում նույնպես հետամուտ է եղել շինարարական նախագծերի նախահաշիվներում կիրառվող տոկոսադրույքների չափերի վերանայմանը: Մասնավորապես.

- ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ՀՀ քաղաքաշինության նախարարությունը և Երևանի ճարտապետության և շինարարության պետական համալսարանը համատեղ կարգով վերանայել են տոկոսադրույքների չափերը, որոնց անաչառության վերաբերյալ Վերահսկիչ պալատը հայտնել է իր անհամաձայնությունը:
- Վերահսկիչ պալատի մասնագետների անմիջական նախաձեռնությամբ և մասնակցությամբ մշակվում են տոկոսադրույքների նոր չափեր:

2.2. Ճանապարհաշինարարության ոլորտ

Ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքներով նույնպես բացահայտվել են մի շարք բացթողումներ և խախտումներ, որոնք ընդհանրական են, կրում են համակարգային բնույթ: Ճանապարհաշինությանն ուղղված աշխատանքների պլանավորման, դրանց իրականացման, հսկողության և որակի կառավարման գործընթացների ուսումնասիրությամբ արձանագրված խնդիրների ամփոփ նկարագիրը մտահոգիչ է, մասնավորապես.

. չունենալով որոշակի աշխատանքների համար լիազոր մարմնի կողմից հաստատված նախահաշվային միավոր արժեքներ, նախահաշիվներում հաճախ կիրառվել են ոչնչով չհիմնավորված, այդ աշխատանքների իրական արժեքները զգալիորեն գերազանցող արժեքներ, ինչը հանգեցրել է նախահաշվային արժեքների էական ավելացման

. նախագծերում օգտագործվող նյութերի ծագումը չնշելու հետևանքով հաշվարկներում կիրառելով հնարավոր ամենաբարձր գները և նախատեսելով շինարարական նորմերով ու կանոններով չնախատեսված աշխատանքներ, էականորեն ավելացվել են նախահաշվային արժեքները

. նախագծվել և իրականացվել են Հայաստանի Հանրապետությունում գործով նորմատիվային ակտերով չնախատեսված աշխատանքներ, ինչի արդյունքում հնարավար չի եղել իրականացնել այդ աշխատանքների նկատմամբ որակի վերահսկողություն

. նախագծերով չեն հիմնավորվել աշխատանքների համար սահմանված երաշխիքային ժամկետները, իսկ նախագծային փոփոխությունները կատարվել են ՀՀ օրենսդրության պահանջների խախտումով

. աշխատանքներն իրականացնելիս օգտագործվել են ГОСТ-ով նախատեսվածից ավելի ցածր մարկայի ասֆալտբետոնյա խառնուրդներ և անհայտ ծագման ու որակի բիտում

. իրականացվել են աշխատանքներ առանց անհրաժեշտ լաբորատոր հետա-զոտությունների, կան նաև իրականացված լաբորատոր հետազոտություններ, որոնց արդյունքներն իրենց հերթին արժանահավատ չեն, բացի այդ աշխատանքներն ընդունելիս չեն իրականացվել նորմերով նախատեսված անհրաժեշտ բոլոր ստուգումները

. ասֆալտբետոնե խառնուրդի պատրաստման ժամանակ, հաշվի չառնելով բնակլիմայական գոտիները և ճանապարհների տեխնիկական կարգերը, համատարած օգտագործվել է նույն կարգի բիտում

. ճանապարհի պահպանման աշխատանքների համար կազմված բյուջետային հայտի հաշվարկները արժանահավատ չեն, բացի այդ ճանապարհի սպասարկման մակարդակների կամայական փոփոխության արդյունքում տեղի են ունեցել աշխատանքների թանկացումներ

. չի հիմնավորվել և չի վերահսկվել գծանշման աշխատանքների համապատասխանությունը գործող ստանդարտներին£

Բացի այդ, ընտրանքային կարգով «Իջևան ՃՇՇ» ՓԲԸ-ում և «Արարատ ճանշին» ՍՊԸ-ում իրականացված ստուգմամբ արձանագրվել է 198,116.0 հազ. դրամ գումարի չափով խախտում, որից.

- «Իջևան ՃՇՇ» ՓԲԸ - վերականգնման ենթակա գումար՝ 95,952 հազ. դրամ և անորակ աշխատանքներ՝ 8,360 հազ. դրամ,

- «Արարատ ճանշին» ՍՊԸ - վերականգնման ենթակա գումար՝ 80,900 հազ. դրամ և անորակ աշխատանքներ՝ 12,904.0 հազ. դրամ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, ինչպես նաև նախարարության «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում իրականացված վերահսկողությամբ արձանագրված խախտումների և թերություների վերաբերյալ մանրմասն տեղեկատվությունը ներկայացված է Վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվություններում:

2.3. Գնումների գործընթաց, բյուջետային միջոցների անարդյունավետ օգտագործում

Վերահսկողությամբ դեռևս բացահայտվում են հակամրցակցային, անարդյունավետ, ոչ թափանցիկ, ոչ հրապարակային և խտրական հիմքերով կազմակերպված գնման գործընթացներ:

Վերահսկողության արդյունքների վերլուծությունը ցայց է տալիս, որ գնումների հետ կապված խնդիրների առանցքը կազմված է հետևյալ երկու հիմնական բացասական երևույթներից.

- երկրի կարիքների համար ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց պետությունը վճարում է դրանց իրական արժեքից շատ ավելի մեծ գումարներ, այսինքն' գումարները պլանավորում են ավելի շատ, քան իրականում պետք է,

- ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց, դրանց իրական արժեքից ավելի մեծ գումարների վճարման դեպքում նույնիսկ պետությունը չի ստանում այն արդյունքը, որն ի սկզբանե ակնկալում էր, այսինքն' արդյունքը կամ ընդհանրապես չի լինում, կամ լինում է անորակ կամ մասնակի:

Այսպիսով, խնդիրը գտնվում է գնումների գործընթացի պլանավորման, կազ-մակերպման, պայմանագրերի կառավարման և հսկողության գրեթե բոլոր փուլերում:

. Հատկապես, ռիսկային է քաղաքաշինության և ճանապարհաշինության, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների նպատակով իրականացվող գնումների գործընթացը:

Հաշվետու տարում Վերահսկիչ պալատը գնումների ոլորտում իրականացված այլ ընտրանքային ստուգումներով նույնպես հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ և ռիսկեր, որոնցից որպես օրինակ կարելի է նշել.

. «Տարեցների շուրջօրյա խնամքի ծառայություններ» և «Երեխաների գիշերօթիկ խնամքի և պաշտպանության ծառայություններ» ծրագրերի շրջանակներում ներգրավված թվով 8 գիշերօթիկ և թվով 4 տուն ինետրնատ հաստատությունների կողմից իրականացված գնումների գործընթացի ընտրանքային ստուգմամբ արձանագրվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի բազմաթիվ և բազմաբնույթ կոպիտ խախտումներ, մասնավորապես հաղթող են չանաչվել մասնակիցներ, որոնք, նույնիսկ, իրավունք չունէին մասնակցելու հայտարարված մրցույթներին:

. Համաշխարհային բանկի կողմից հաստատված գնման պլանով նախատեսված տեղեկատվական տերմինալների տեխնիկական բնութագիրը «Դատաիրավական» ԾԻԳ-ը լրացրել է վճարային համակարգերով, և ձեռք է բերել 80 վճարային տեղեկատվական տերմինալ՝ 369,867.1 հազ. դրամ ընդհանուր արժեքով: Դատական մարմինները, ինչպես նաև ԾԻԳ-ը, իրենց վերապահված լիազորություններով և կանոնադրությամբ վճարահաշվարկային գործառնություններ իրականացնելու իրավասություն չունեն և չեն իրականացնում, դատական համակարգում տեղակայված պետական սեփականություն հանդիսացող այդ տերմինալները օգտագործվում են միայն որպես տեղեկատվական տերմինալ: Ստուգմամբ պարզվել է, որ վճարային համակարգերով հագեցված տերմինալներ գնելու արդյունքում դատական համակարգի կարիքներին անհրաժեշտ յուրաքանչյուր տերմինալի ձեռք բերման համար «Դատաիրավական» ԾԻԳ-ը ծախսել է ստուգման ժամանակաշրջանում շուկայում առկա տեղեկատվական տերմինալների գնից (ներառյալ՝ բոլոր հարկերը և վճարները) առնվազն երկու անգամ ավելի գումար, այսինքն՝ անարդյունավետ ծախսվել է 185,000.0 հազ. դրամ:

.«Դատաիրավական» ԾԻԳ-ը «Դատական գլոբալ ցանցի կազմակերպման տեխ-նիկատնտեսական հիմնավորում, դատական համակարգում շահագործվող ծրագրային ապահովման միջոցների կարիքների գնահատում, ԴԱՀ ծրագրի ֆունկցիոնալության ընդլայնում» ծրագիր ձեռք բերելու նպատակով 545,0 հազ. եվրոյին համարժեք դրամի չափով պայմանագիր է կնքել «Suprematech Solutions INC» ամերիկյան ընկերության և «Մեյսիս ինֆորմեյշն սիստեմս» ՍՊԸ-ի միջև կազմված կոնսորցիումի հետ: Ստուգմամբ պարզվեց, որ գումարն ամբողջությամբ փոխանցվել է «Suprematech Solutions INC» ամերիկյան ընկերությանը: «Մեյսիս ինֆորմեյշն սիստեմս» ՍՊԸ-ն պայմանագրի շրջանակում գումար չի ստացել, ծասխեր չի կատարել, մինչդեռ կոնսորցիումի կողմից ներկայացված մրցութային առաջակում նշված է եղել միայն «Մեյսիս ինֆորմեյշն սիստեմս» ՍՊԸ-ում աշխատող ծրագրավորողների անունները:

Իրավիճակը գնումների համակարգում, առհասարակ, խիստ մտահոգիչ է: Ակնհայտ է, որ խնդիրներն ունեն համակարգային բնույթ:

. Այս ամենի կապակցությամբ, ՀՀ ֆինանսների նախարարությունը, որպես լիազոր պետական մարմին, պաշտոնապես բազմիցս նշել է, որ գնումների ոլորտում առկա ռիսկերն էապես նվազեցնելու նպատակով անհրաժեշտ է ներդնել էլեկտրոնային գնումների համակարգ:

Ընդ որում, էլեկտրոնային գնումների ներդրման աշխատանքներն իրականացվում են դեռևս 2004 թվականից սկսած: Պարբերաբար, այդ կապակցությամբ իրականացվել են ուսումնասիրություններ, շարունակ կազմակերպվել են քննար-կումներ, սեմինարներ, հրավիրվել են միջազգային փորձագետներ: Ներգրավվել են ֆինանսական ռեսուրսներ պետական բյուջեից և դոնոր կազմակերպութ-յուններից: Ոլորտի կարգավորման նպատակով շարունակ մշակվում և լրա-մշակվում են օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր և հայեցակարգեր:

Արդյունքում, 2011 թվականին ՀՀ ֆինանսների նախարարությունը պաշտոնապես հայտարարեց, որ էլեկտրոնային գնումների համակարգն արդեն ձևավորված է, իսկ ակնկալվող արդյունքները՝ ստացված, և շուտով հանրային գնումներն կիրականացվեն արդեն լավագույն ճանապարհով:

Այնուամենայնիվ, ուսումնասիրությամբ պարզվում է, որ համակարգը փաստացի չի գործում, և նույնիսկ գործընթացում խնդիրները գնալով ավելանում են: Դեռ ավելին, ծրագրի բանալիները /կոդերը/ պարզապես գոյություն չունեն: Ծրագիրը ձախողված է:

Այդ փաստը 2012 թվականի տարեվերջին պաշտոնապես ընդունվեց նաև Ֆինանսերի նախարարության կողմից: Այսինքն' օգտագործված ռեսուրսները չտվեցին ակնկալվող արդյունքը:

Այժմ, ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ մշակվում է ՀՀ էլեկտրոնային գնումների համակարգի բարեփոխումների 2013-2015 թթ. ճանապարհային քարտեզ, որով նախատեսվում է շտկել խափանված համակարգը և զարգացնել մնացած հանարավորությունները: Այդ նպատակով, կրկին նախատեսվում է ներգրավել լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ:

Վերոհիշյալ քարտեզի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանում բացակայում է, թերևս, ամենակարևոր բաղադրիչը' ծրագրի ձախողման պատճառները և հետագա փուլերում դրանք չկրկնելու ռիսկերի կառավարման մեխանիզմները:

Այդ կարևոր երկու բաղադրիչների բացակայությունը զգալիորեն նվազեցնում է ներկա փուլում պլանավորվող բարեփոխումների հուսալիությունը:

. Գնումների համակարգն, առհասարակ, պետք է լրջորեն ուսումնասիրել, հասկանալ ստեղծված կոռուպցիոն ռիսկերի պատճառահետևանքային կապերը, գտնել դրանց վերացման ուղիները, շտկել համակարգում գործող ենթակառուցվածքների շեղված աշխատանքը, այսինքն' համակարգը դարձնել կենսունակ և արդյունավետ, և նոր այն վերափոխել էլեկտրոնային կառավարման:

. Հատկապես անկատար է գնագոյացման մեխանիզմը. ձեռք բերված ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գներն էապես շեղվում են տվյալ պահին շուկայում գործող համապատասխան միջին գներից: Գնագոյացման արդյունավետության և իրատեսության ապահովման նպատակով հաշվետու տարում Վերահսկիչ պալատը ՀՀ կառավարությանն առաջարկել է սահմանել պետական կարգավորիչ /հսկիչ/ գներ, որոնք շուկայի իրադրության փոփոխության պարագայում կարող են պարբերաբար վերանայվել և նորովի հրապարակվել: Ընդ որում, պետական գնումներ իրականացնող մարմինն իր գնումները պետք է իրականացնի միայն արդեն նախանշված գների վերին շեմից ոչ բարձր պայմաններում:

Այդ առումով, Կառավարության կողմից արդեն ձեռնարկվել են քայլեր: Վերահսկիչ պալատը հետամուտ է լինելու հարցին, դեռ ավելին 2013 թվականին վերահսկողություն է իրականացվելու գնումների ողջ գործընթացի նկատմամբ:

. Բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման տեսանկյունից, Վերահսկիչ պալատը Կառավարությանն առաջարկություններ է ներկայացրել նաև ներքին աուդիտի համակարգի մասով, մասնավորապես ներկա փուլում ներքին աուդիտորի նշանակման, ազատման և գործունեության այլ կարևոր հարաբերություններում նպատակահարմար է նվազեցնել պետական մարմնի ղեկավարի ազդեցությունը: Տվյալ ուղղությամբ, Կառավարությունը նույնպես համաձայնվել է և իրականացնում է օրենսդրական համապատասխան փոփոխություններ: Առհասարակ, գնումների արդյունավետությունն ապահովելու տեսանկյունից, Վերահսկիչ պալատն էապես կարևորում է ներքին աուդիտի համակարգի լիարժեք ձևավորւմն ու զարգացումը:

2.4. Տնտեսական հարաբերություններ, գործարար միջավայր, պետական հսկողություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարության շրջանակներում իրականացված վերահսկողության արդյունքներում արձանագրվել են էական խնդիրներ և ռիսկեր, մասնավորապես.

. «Աջակցություն ՓՄՁ սուբյեկտներին» ծրագիրն իրականացվել է թերություններով և խախտումներով: 2010թ. վարկային փաթեթից օգտված 30 սուբյեկտից գործում է 8-ը, 2011թ.՝ 17 սուբյեկտից՝ 8-ը, իսկ 2012 թ. վարկավորված 130 սուբյեկտից 11-ն արդեն իսկ լուծարվել կամ դադարեցրել է գործունեությունը: Մի շարք դեպքերում վարկերն օգտագործվել են ոչ նպատակային, իսկ ֆինանսական աջակցությունը տրամադրվել է ոչ հավաստի ցուցանիշների հիման վրա, ֆինանսական աջակցության միջոցները բավարար չափով չեն նպաստել բիզնեսի ընդլայնմանն ու աշխատատեղերի ավելացմանը:

. Ռիսկային է նաև արդեն տրամադրված վարկային միջոցների վերադարձելիության խնդիրը, մասնավորապես ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՓՄՁ ԶԱԿ-ի միջոցով «Կոնսեր» ՍՊԸ-ին և «Վայք գրուպ» ՓԲԸ-ին հատկացված համապատասխանաբար' 395.000.0 և 164.000.0 հազ. դրամի ստանձնած պարտավորությունների ոչ պատշաճ կատարելու արդյունքում վերականգնվել է ընդամենը 85,825.1 հազ. դրամը:

. ՀՀ հասարակական վայրերի զուգարաններով ապահովման հայեցակարգի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարության արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք բերված 2 բիո զուգարանները մինչ օրս չեն շահագործվում, որի հետևանքով կատարված 100,000.0 հազ. դրամի ծախսը անարդյունավետ է:

. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը որակավորման պատշաճ վերահսկողություն չի իրականացրել զբոսաշրջության բնագավառում հյուրանոցային տնտեսության օբյեկտների նկատմամբ:

. «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից շուկան ուսումնասիրվել է կամայականորենª առանց սահմանված կարգի և մեթո-դական ցուցումների, իսկ ապրանքների կողմնորոշիչ գների սահմանման նպատակով տեղեկությունների հավաքագրման կարգը հաստատելուց հետո կողմնորոշիչ գները նույնպես որոշվել են առանց սահմանված ընթացակարգերի: Թողարկած տեղեկագրերում ընդհանրապես չի ներառվել աշխատանքների և ծառայությունների արժեքների վերաբերյալ տեղեկատվությունը: Բացարձակապես դուրս է մնացել նաև պետական կարիքների համար բոլոր ապրանքների մասով կողմնորոշիչ գների սահմանման բնագավառը:

Գյումրու տեխնոպարկի մասին

. ՀՀ կառավարության կողմից 12.06.2008թ. նիստի N 23 արձանագրությամբ հաս-տատվել է «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքը տեխնոքաղաքի վերակառուցելու հայեցակարգին հավանություն տալու մասին» որոշումը:

. Համաձայն Հայեցակարգի Գյումրի տեխնոպարկում կներառվեն և կզարգանան հետևյալ ոլորտները՝ զբոսաշրջություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ճար-տարագիտություն (կառուցապատման և շինարարական ժամանակակից տեխնոլոգիաներ), նորաձևություն և տեքստիլ արդյունաբերություն, արվեստ, ոսկեգործություն, արհեստագործություն:

. Կառավարության 2008թ.-ի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքը տեխնոքաղաքի վերակառուցելու հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ 1463-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների 2-րդ կետով նախատեսված էր միջազգային չափանիշներին համապատասխան բիզնես-պլանի մշակում: Արդյունքում օտարերկրյա խորհրդատուի կողմից մշակվեց «Գյումրու տեխնոպարկ, ռազմավարական ուղեցույց և բիզնես պլան» փաստաթուղթը (Բիզնես-պլան):

. Ըստ Բիզնես-պլանի Գյումրու տեխնոքաղաքի համար ձեռներերության զարգացման ռազմավարության շրջանակներում իրականացվելիք հիմնական ծրագրերն են.

- Արվեստներ / արհեստներ, միկրոձեռներեցություն, կրթություն, որի արդյուքնում պետք է Կումայրի թաղամասում վերականգնել նախկին փոստային գրասենյակի և մանկավարժական ինստիտուտի շենքերը՝ որպես նպատակային նշանակության փոքր գրասենյակներ արվեստների, արհեստների և միկրոձեռնարկությունների, ինչպես նաև ապրելու/աշխատելու կենսագործունեության համար: Բացի այդ, դիտարկել կրթական գործունեությունը վերսկսելու հնարավորությունը:

- Բիզնես-պարկ, լոգիստիկայի կենտրոն, ազատ գոտու կարգավիճակ, որի արդյունքում հղկող հաստոցների գործարանի շենքը պետք է քանդել կամ փոխակերպել արդյունաբերության և բաշխման գործունեության համար օգտագործվող ժամանակակից միավորների:

- Տեխնոլոգիական պարկ, որի արդյունքում Պոլիտեխնիկ ինստիտուտի նախկին տարածքում պետք է պատրաստել և իրականացնել կրթական և ձեռներեցության ինտեգրված գոտու մաստեր-պլան: Տվյալ վայր տեղափոխել Պետական ճարտարագիտական համալսարանը: Կառուցել ինկուբատոր, տեխնոլոգիական միավորներ:

. Ընդհանուր առմամբ ծրագրի վերջնանպատակը ներդրումների ներգրավումն է, ձեռնարկությունների զարգացման խթանումը, աշխատատեղերի ստեղծումը և քաղաքի ու վերջինիս բնակիչների հարստացումը:

. Վերը նշված նպատակներին հասնելու համար պահանջվում է իրականացնել կապիտալ ներդրումներ (շինարարական աշխատանքներ), որի ծախսերը համաձայն բիզնես-պլանի մոտավորապես կկազմեն 49-53 միլիոն ԱՄՆ դոլար:

. Կառավարության որոշումներով 2008-2012 թվականներին Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման ծրագրով նախատեսված են եղել մի շարք միջոցառումներ, որոնց արդյունքում ստեղծվել են 2 լաբարատորիաներ, որոնք իրականացնում են վերապատրաստումներ, ստեղծվել են 5 ընկերություններ որոնք աշխատում են վնասով, ունեն 10 վարձու աշխատողներ, և ապահովում են փոքր հասույթներ: Արդյունքում պետական բյուջեից 2008-2012 թվականներին ծախսվել է 430.6 մլն դրամ նախատեսված 689 մլն. դրամի փոխարեն:

Ուշագրավ է այն, որ դեռևս հայտնի չէ, թե վերջիվերջո որքան է տևելու Տեխնոպարկի ձևավորման ծրագիրը, այսինքն' չկա նախանշված ծրագրի ավարտ, չկա քայլերի հաջորդականություն, ակնկալվող արդյունքները չափելի չեն, պատասխանատվության շրջանակը նույնպես հստակ չէ: Հնարավոր ոիսկերի առումով ծրագիրը գնահատված չէ, այսինքն' ռիսկերի կառավարումը նույնպես հստակ չէ: Ամեն ինչ առավել քան անորոշ է:

ՀՀ և ՌԴ միջև պարենային ապրանքների ներմուծման, արտահանման կարգավորման և դրանց անվտանգության ապահովման հարցերի շուրջ ՀՀ և ՌԴ բարձրագույն վերահսկիչ մարմինների կողմից իրականացված վերահսկողությամբ արձանագրվել են որոշ խնդիրներ, մասնավորապես.

. ՌԴ-ի տարածք ապրանքների ներմուծման, անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության ոլորտում գործող ռուսական օրենսդրության վերլուծությունը ցույց է տալիս, որ իրավական ակտերում առկա ակնհայտ «բաց»-երը «Ռոսսելխոզնադզորի» պաշտոնատար անձանց հնարավորություն է տալիս ընդունել ՌԴ մաքսային սահմանով ապրանքների ներմուծումը, արտահանումը թույլատրող կամ սահմանափակող ոչ միանշանակ որոշումներ:

. ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության միջև համագործակցության մակարդակը բավարար չէ, արդյունքում փոխադարձ հետքրքրքող հարցերի արձագանքման գործընթացը դանդաղում է կամ լիարժեք չի իրականացվում:

. ԱՊՀ երկրների շրջանակներում ընդունված համաձայնագրի համաձայն, արտահանող երկրի կողմից տրված որակի հավաստագիրը պետք է ճանաչվի ներմուծող երկրի կողմից: Սակայն, ՀՀ-ից ՌԴ ներմուծվող պարենային ապրանքները սննդի անվտանգության նկատառումներից ելնելով «կրկնակի անգամ» ենթարկվում են փորձաքննության, մինչդեռ, ՌԴ-ից ներմուծվող պարենային ապրանքները ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից լաբորատոր փորձաքննության չեն ենթարկվում:

. Վերահսկողության արդյունքների հիման վրա ՌԴ կառավարությունը որոշում է կայացրել թույլատրել Վերին Լարսի սահմանային ավտոմոբիլային անցակետով ՀՀ ներկրել ալկոհոլային խմիչքներ և ծխախոտ:

Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության ոլորտում նույնպես արձանագրվել են ռիսկեր և խնդիրներ, մասնավորապես.

. Անբարեխիղճ մրցակցության գործողության համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ նախորդ տարվա հասույթի մինչև մեկ տոկոսի չափով տուգանքի նշանակման գործընթացը ռիսկային է, կանոնակարգված չէ, չկա որևէ հաստատված մեթոդաբանություն:

. Գերիշխող դիրքի չարաշահման համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ 5 մլն դրամից մինչև 200 մլն դրամի չափով տուգանքի նշանակման գործընթացը ռիսկային է, հարցը կանոնակարգված չէ, չկա որևէ հաստատված մեթոդաբանություն:

. Համակենտրոնացումը չհայտարարագրելու համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ համակենտրոնացմանը մասնակցելու նախորդ տարվա հասույթի 4 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 500 մլն դրամի չափով տուգանքի նշանակման գործընթացը նույպես ռիսկային է, հարցը կանոնակարգված չէ, չկա որևէ հաստատված մեթոդաբանություն:

. Արդյունքում, ընկերությունների նկատմամբ միևնույն կամ համանման խախտման տուգանքի չափը որոշվում է տարբեր մոտեցումներով, կամ մի դեպքում ընկերությունը տուգանվում է, իսկ մյուս դեպքերում' պարզապես տրվում է նախազգուշացում:

. Տուգանված ընկերություններն իրենց կողմից կատարված խախտումների վերացման վերաբերյալ ներկայացրել են փաստաթղթեր, որոնց արժանահավատության ճշտման նպատակով ՀՀ տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովը անհրաժեշտ և բավարար աշխատանքներ չի կատարել:

2.5. Կրթության ոլորտ

ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի շրջանակներում իրականացված ստուգումներով նույնպես հայտնաբերվել են խախտումներ, թերություններ և ռիսկեր, մասնավորապես.

. Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացման և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովման նպատակով «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամը կատարել է վերապատրաստման բուն գործընթացի հետ ուղղակի կապ չունեցող ծախսեր: Ընդ որում, մեկ դաստիարակի հաշվարկով միավոր/ժամի համար վարկային ծրագրերի շրջանակներում ստացել է 3814 դրամ, մինչդեռ վերապատրաստման փորձ ունեցող «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում այն կազմել է 500 դրամ:

. Ուսուցիչների վերապատրաստման և մասնագիտական զարգացման միջոցով կրթության որակի հետագա բարելավման ծրագրի շրջանակներում վերապատրաստող մասնավոր կազմակերպությունների համար վարկային միջոցներից ձեռք են բերվել 40,133.3 հազ. դրամի հիմնական միջոցներ, մինչդեռ հայտնի չէ, թե այդ կազմակերպությունները հաջորդ անգամ կընգրկվեն արդյոք վերապատրաստողների ցուցակում:

. Դպրոցների տնօրենների վերապատրաստման գործընթացը նախապատրաստելու համար վարկային միջոցներից ծախսվել է 69,947.9 հազ. դրամ (մշակվել է ձեռնարկ և ուղեցույց, ինչպես նաև վերապատրաստվել են տնօրեններին հետագայում վերապատրաստող 25 դասախոսներ), սակայն տնօրեններն այդպես էլ չեն վերապատրաստվել, քանի գործընթացն դադարեցվել է:

. Ուսումնական գործընթացում տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրման շրջանակներում բաց կրթական միջավայր /պլատֆորմ/ ստեղծելու նպատակով կատարվել են նախապատրաստական աշխատանքներ, որի դիմաց միջազգային փորձագետին վճարվել է շուրջ 7 մլն. դրամ, սակայն հետագայում «պլատֆորմի» ստեղծման գործընթացը դադարեցվել է:

. Բարձրագույն կրթության ֆինանսավորման կայուն համակարգի ներդրման շրջանակներում նախատեսվել է ուսանողներին տրամադրել հատուկ վարկեր և այդ նպատակով 34,009.8 հազ. դրամի չափով կատարվել են նախապատրաստական աշխատանքներ (վարկերի տրամադրման մեխանիզմի ձևավորում), սակայն հետագայում վարկերի տրամադրման գործընթացն դադարեցվել է:

. «Հանրակրթական ուսուցում» ծրագրի շրջանակներում ընտրանքային կարգով ստուգված 10 ավագ դպրոցներից 6-ը չունի ՀՀ օրենսդրությամբ պահանջվող համապատասխան լիցենզիա, իսկ 9-ը՝ աշակերտների թիվը 124-ով ավելի ցույց տալու արդյունքում պետական բյուջեից 17,464.0 հազ. դրամ ավելի գումար է ստացել:

Բյուջեից հավելյալ ստացված միջոցներից դեռևս չծախսված 11,505.8 հազ. դրամի 42%-ը (4,858.3 հազ. դրամ) վերահսկողության ընթացքում դպրոցների կողմից արդեն վերականգնվել է պետական բյուջե, իսկ մնացած՝ 6,647.5 հազ. դրամը պակասեցվել է դպրոցների նախահաշվից:

. «Համակարգչային և ինտերնետային կապի ծառայություններ» ծրագրի շրջանակներում 2012 թվականին Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցին նոր միացված դպրոցների չորս ամսվա սպասարկման համար բյուջեից «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացվել է 82,560.5 հազ. դրամ, սակայն սպասարկումը փաստացի իրականացվել է նախատեսվածից մեկուկես ամիս պակաս: Այսինքն, 31,915.1 հազ. դրամ ավելի ստացված գումարը «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ենթակա է վերականգնման պետական բյուջե:

. Սարքավորումների հաշվառման բացակայության, դրանց իրական պահանջների չբացահայտման արդյունքում 2011 թվականին 20,040 հազ. դրամի չափով ձեռք բերված սարքավորումները պարզապես չեն օգտագործվել, քանի որ դրա կարիքն իրականում չի եղել:

. Որոշ դպրոցներում նոր սարքավորումների փոխարեն տեղադրվել են օգտագործված սարքավորումներ, ինտերնետային կապը եղել է ցածրորակ, որի արդյունքում դպրոցները ստիպված օգտվել են այլընտրանքային կապից:

Հաշվետու տարում ոլորտում իրականացված վերահսկողությամբ արձանագրված խախտումների և թերություների վերաբերյալ մանրմասն տեղեկատվությունը ներկայացված է Վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվություններում:

2.6. Երևան քաղաքի գույքի և հողային պաշարների օտարում և վարձակալության տրամադրում, ինքնակամ կառույցներ և շինություններ

. Երևան քաղաքին պատկանող գույքի օտարման գործարքների ընտրանքային կարգով ստուգված թվով 3 շինությունն (Իսահակյան փողոց, Մաշտոցի պողոտա, Հյուսիսային պողոտա) օտարելուց հետո պայմանագրով նախատեսված ներդրումային պարտավորությունները ստուգման պահին գնորդների կողմից չէին կատարվել: Այդ առումով քաղաքապետարանը որևէ էական միջոցներ դեռևս չէր ձեռնարկել:

Կնքված օտարման պայմանագրերում գնորդների պարտավորություններն անորոշ են, մասնավորապես դրանցում չեն նշվել գնորդների կողմից կատարվելիք ներդրումների չափը և դրանց կատարման ժամկետը: Արդյունքում, իրավիճակը դարձել է գրեթե անվերահսկելի և անկառավարելի:

. Երևան քաղաքին պատկանող գույքը ստուգման պահին վարձավճարի գծով ապառքը կազմում էր 9,141.8 հազ. դրամ, որից 7,207.9 հազ. դրամը համայնքի բյուջե է գանձվել ստուգման ընթացքում:

Հողային պաշարների կառավարման անարդյունավետ դեպքեր նույնպես արձանագրվել են, մասնավորապես Քաղաքապետարանի թույլտվությամբ իրականացվել են գործող օբյեկտներին հարակից հողերի ընդլայնում կադաստրային արժեքով, մինչդեռ այդ հողային պաշարներն առանձին գույքային միավորներ են և դրանք, ըստ էության, կարող էին օտարվել աճուրդով: Այսինքն, Քաղաքապետարանը չի ընտրել հողի օտարման առավել արդյունավետ ճանապարհ, ինչը միևնույն ժամանակ կապահովեր մրցակցություն և թափանցիկություն, իսկ գինը կլիներ «շուկայական»:

Հարկ է նշել, որ վերահսկողության ընթացքում հողերի վաճառքը կադաստրային արժեքից ցածր գնով չի տրվել:

Օբյեկտների սպասարկման համար նախատեսված և դրանց հարակից տարածքներն արհեստական ճանապարհով տարանջատվում են, արդյունքում գույքն ի սկբանե օտարվում է սակարկությամբ, իսկ հարակից տարածքը, որպես ընդլայնման միավոր, օտարվում է ուղղակի վաճառքով' կադաստրային արժեքով: Արդյունքում, անտեսվում են հողի օտարման արդյունավետության, թափանցիկության և մրցակցության սկզբունքները:

Ուշագրավ է նաև այն, որ գործարքները կնքելուց անմիջապես հետո Քաղաքա-պետարանի թույլտվությամբ ձեռք բերված տարածքը կրկին բաժանվում է առանձին միավորների, որից հետո արդեն նոր սեփականտերը ընդլայման նպատակով հատկացման տարածքը, որպես առանձին գույքային միավոր վաճառում է այլ անձնաց՝ շուկայում գործող գներով։

. Աճուրդային եղանակով հողերի օտարման կապակցությամբ պետք է նշել, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի, ՀՀ հողային օրենսգրքի պահանջներով հողամասի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը և մնացած պայմանները որոշվում է համայնքի ավագանու կողմից, սակայն Երևանի ավագանին, անտեսելով վերոգրյալ օրենքների պահանջները, այդ լիազորությունը փոխանցել է Երևանի քաղաքապետին, իսկ քաղաքապետն էլ իր հերթին այն փոխանցել է Քաղաքապետարանում գործող համապատասխան հանձնաժողովին:

Հանձնաժողովը, որպես սակարկության ձև նախընտրել է «փակ» աճուրդները: Փաստորեն, անտեսվել է նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի պահանջը՝ «Երևանի քաղապետի, համայնքի ավագանու կամ համայնքի ղեկավարի կողմից իրեն իրավաստեղծ լիազորությունների փոխանցումն այլ մարմինների արգելվում է»: Մինչդեռ, ուսումնասիրության արդյունքները ցույց տվեցին, որ սակարկությունների մեկնարկային գների որոշման ժամանակ շուկայական գին պարզելու որևէ հստակ մեթոդաբանություն գոյություն չունի, այսինքն' պարզ չէ, թե ինչ սկզբունքով է որոշվում հողմասի մեկնարկային գինը:

Արդյունքում, 2010-2012 թթ. աճուրդային կարգով օտարման ներակայցված հողերի մեկնարկային գները որոշ դեպքերում սահմանվել են շուկայականից «ակնհայտ» շեղումներով:

. Հողամասերը վարձակալությամբ տրամադրելու գործընթացում նույնպես արձանագրվել են որոշ խնդիրներ, մասնավորապես վարձավճարները սահմանմանվել են կամայական մոտեցումներով:

Տարածքները կրկին անհիմն և արհեստական եղանակով բաժանվում են հիմնական և օժանդակ մասերի և յուրաքանչյուրի դեպքում վարձավճարը սահմանվում է տարբեր եղանակով:

Օրինակ. Ազատության հրապարակին հարող տարածքում «Սիրո մեղեդի» ՍՊԸ-ն սրճարանային բիզնեսի նպատակով օգտագործում է ընդհանուր 1250 քմ տարածք, սակայն Քաղաքապետարանի ոչ հիմնավոր թույլտվությամբ ամրագրվել է, որ սրճարանի փաստացի զբաղեցրած տարածքը կազմում է 663.3 քմ, իսկ մնացած՝ 586.6 քմ տարածքը կանաչապատման և բարեկարգման համար է նախատեսված: Արդյունքում, հիմնական մասը հաշվարկվել է շուկայական մեթոդներով, իսկ մյուս մասը' կադաստրային արժեքով:

. Ինքնակամ կառույցների ձեռք բերման նպատակով 30-օրյա ժամկետում վճարումներ չկատարած կառուցապատողներին Քաղաքապետարանը սահմանված 5-օրյա ժամկետում այդ կառույցները վարձակալելու վերաբերյալ առաջարկ չի ներկայացրել, դեռ ավելին, այդ տարածքները շարունակվում են փաստացի օգտագործվել ինքնակամ կառուցապատողների կողմից: Հարկ է նշել, որ այուամենայնիվ, եթե նման առաջարկ լիներ, և եթե կառուցապատողը հրաժարվեր, ապա Քաղաքապետարանը կարող էր պարզապես դրանք օտարել:

Ընտրանքային կարգով ստուգված գործաքներից թվով 104 գործով Քաղա-քապետարանը չի օգտվել օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորություններից և այդ տարածքները չի օտարել աճուրդով կամ մրցույթով, արդյունքում համայնքի բյուջեն զրկվել է զգալի ֆինանսական մուտքերից: Որպես օրինակ կարելի նշել,

- Մոլդովական 51/23 հասցեում գտնվող բնակավայրային նշանակության 1529 քմ հողամասում ինքնակամ կառուցված 75 քմ շինությունը ինքնակամ կառուցապատողի կողմից ձեռքբերման դեպքում համայնքային բյուջե կվճարվեր 573 հազ. դրամ, իսկ հողամասի համար' 6,918 հազ. դրամ:

- Անդրանիկի 20/2 հասցեում գտնվող բնակավայրային նշանակության 425 քմ հողամասում ինքնակամ կառուցված 191 քմ շինությունը կառուցապատողի կողմից ձեռք բերման դեպքում համայնքային բյուջե կվճարվեր 1,491.048 հազ. դրամ, իսկ հողամասի համար' 1,926 հազ. դրամ:

Երևան քաղաքում համայնքային սեփականության կառավարման և օգտագործման անարդյունավետության փաստերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է Վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվություններում:

2.7. Բնապահպանական խնդիրներ, տեխնիկական անվտանգություն

Հաշվետու ժամանակաշրջանի բնապահպանական վերահսկողությունն իրականացվել է աղբահանության և սանիտարական մքարման համակարգերում Նիդերլանդների Թագավորության հաշվիչ դատարանի փորձագետների մասնակցությամբ: Հայտնաբերվել են էական նշանակություն ունեցող խնդիրներ և խախտումներ, մասնավորապես.

. 2005 թվականին Նուբարաշենի աղբավայրից կենսագազի օգտահանման և էլեկտրաէներգիայի արտադրության հայ-ճապոնական ծրագրի շրջանակներում ճապոնական Շիմիձու կորպորացիան նախատեսում էր տեղադրել էլեկրոէներգիայի գեներատոր, որը պետք է աշխատեր աղբավայրից ստացվող մեթան գազով:

Հայաստանի Հանրապետության տեսանկյունից, ծրագրի ակնկալվող արդյունքը աղբի հետ կապված բնապահպանական խնդիրների լուծումն էր, ինչպես նաև աղբից ստացվող էլեկտրաէներգիայի տնտեսական շահավետությունը:

Ճապոնական Շիմիձու կորպորացիայի շահագրգռվածությունը ծրագրի հաջող իրագործման արդյունքում ակնկալվող միջազգային բնույթի հավաստագիրն էր: Ընդ որում, ճապոնական կողմը ծրագրի շրջանակներում պատրաստվում էր ներդնել 8 մլն ԱՄՆ դոլար:

Այնուամենայնիվ, 2005-2008թթ.-ի ընթացքում համաձայնագրի կնքումը ձգձգվում է: Երևանի քաղաքապետարանը, հիմք ընդունելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարծիքը՝ «...նպատակահարմար չէ ծրագիրն իրագործել ամբողջ ծավալով, քանի որ «Շիմիձու» կորպորացիան կարող է ստանալ Նուբարաշենի աղբավայրում կենսագազի օգտահանման և էլեկտրաէներգիայի արտադրության մենաշնորհ», նախագիծը կրճատում և իրականացվում է առանց էլեկտրաէներգիայի արտադրության բաղադրիչի: Կենսագազի հավաքման և այրման համակարգի շահագործումը սկսվում է միայն 2009թ. տարեվերջին՝ նախատեսված 8 մլն. ԱՄՆ դոլարի փոխարեն ներդրվում է ընդամենը 2,75 մլն ԱՄՆ դոլար (նախատեսվածի 34%):

Սակայն, վերահսկողության ընթացքում պարզվեց, որ ծրագրի ավարտից հետո ճապոնական կողմն իրապես պատրաստվում էր ողջ համակարգն անհատույց կարգով փոխանցել Երևանի քաղաքապետարանին: Դա նշված էր նաև կնքվող համաձայնագրի նախագծում:

Այսպիսով, իրավասու մարմինների կողմից չի ապահովվում հնարավոր ներդրումների լիարժեք իրականացումը և դրանց արդյունավետ օգտագործումը: Երեւանի Նուբարաշենի աղբավայրում մինչ օրս չի լուծվել աղբի տեղադրման, վերամշկման և օգտահանման հիմնախնդիրը:

Աղբանահության և սանիտարական մաքրման ոլորտում խնդիրներ և ակնհայտ ռիսկեր են հայտնաբերվել նաև պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներում, մասնավորապես.

. Չի ապահովվել թափոնների, այդ թվում՝ կենցաղային կոշտ թափոնների հաշ-վառումը կանոնակարգող օրենսդրության պահանջների կատարումը: Աղբավայրերի հաշվառման տվյալները չեն արտացոլում ՀՀ տարածքում առկա աղբավայրերի իրական պատկերը, որի հետևանքով անորոշ է ինչպես աղբավայրերի փաստացի քանակը, այնպես էլ դրանց զբաղեցրած հողատարածքների մակերեսը և տեղադրված աղբի քանակը:

. Ըստ վիճակագրական տվյալների, ՀՀ տարածքում տարեկան միջինում առաջանում և տեղափոխվում է 535.2 հազ. տոննա կենցաղային աղբ, որից 57.0 %-ը բաժին է ընկնում Երևան քաղաքին: Մինչդեռ 2011թ. բնապահպանական վճար է վճարվել ընդամենը 12.5 հազ. տոննայի տեղադրման համար (2.3%), իսկ 2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ 14.6 հազ. տոննայի տեղադրման համար (2.7%): Երևան քաղաքում վերջին երեք տարում ընդհանրապես բնապահպանական վճար չի վճարվել:

. Աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններ մատուցվում են ՀՀ գյուղական համայնքների՝ 46%-ի համար, իսկ քաղաքային բնակավայրերում' բնակչության 90%-ի համար:

. Չի կատարվել «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի պահանջը' սանիտարական մաքրման սխեմաները հաստատվել են 915 համայնքներից միայն 295-ում (32%):

. Չի կատարվել «Թափոնների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 30.01.2003թ. «ՀՀ վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» թիվ 121-Ն որոշման պահանջները՝ աղբավայրեր օգտագործողների (օպերատորների) գործունեությունն իրականացվել է առանց լիցենզիայի, որի տարեկան պետական տուրքը՝ 200.0 հազ դրամ է:

. Արագածոտնի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերի համայնքների մեծ մասում աղբի տեղադրումը շարունակում է իրականացվել ապօրինի' բնակավայրերին մերձակա և ճանապարհներին հարակից տարածքներում:

. Չի կատարվել «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 36-րդ հոդվածի պայմանները՝ տեղական ինքնակառավարման մարմինները ՀՀ բնապահպանության նախարարության հետ համաձայնեցված հսկողություն չեն իրականացրել բնապահպանական օրենսդրության նորմերի կատարման նկատմամբ:

. Բնապահպանական պետական տեսչության կողմից պատշաճ հսկողություն չի իրականացվել թափոնների գործածության համար սահմանված նորմերի, բնապահպանական վարչական վիճակագրություն վարելու և հաշվետվություններ ներկայացնելու կարգի պահպանման նկատմամբ:

Տեխնիկական անվտանգության բնագավառում իրականացված ուսում-նասիրությունների արդյունքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում նույնպես հայտնաբերվել են որոշակի խախտումներ և ռիսկեր, մասնավորապես.

. Հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից վարչական վարույթներ են կարճվել՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածով սահմանված կարճման հիմքերին ներկայացվող պահանջներին ոչ համապատասխան:

. Տեսչական ստուգումներով տրված կարգադրագրերով արձանագրված խախ-տումները չվերացնելու համար առանց տուգանք նշանակելու տրվել է 55 կրկնակի կարգադրագիր, որի հետևանքով պետական բյուջե պակաս է մուտք եղել 8,250.0 հազ. դրամ տուգանք:

. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության բողոքարկման հանձնաժողովն առանց հիմնավորման կարճել է «Երևանի առաջին տպարան» ՓԲԸ-ի վերելակը տեխնիկական անվտանգության փորձաքննություն չանցնելու համար Հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից նշանակված տուգանքը և բավարարվել է նախազգուշացումով:

. Հաշվետու ժամանակաշրջանում, տեխնիկական անվտանգության կանոնները և նորմերը խախտելու համար, Տեսչության կողմից նշանակված 48,500.0 հազ. դրամ տուգանքից պետական բյուջե մուտք չի եղել 26,241.4 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:

. Ընտրանքային ստուգմամբ հայտնաբերվել է, որ արտադրական վտանգավոր օբյեկտների հաշվառման գրանցամատյանում գրանցված չէին արտադրական վտանգավոր համարվող օբյեկտներ՝ 4 հանքավայր, չորս ավտոգազալիցքավորման ճնշակայան և 25 բենզալցակայան: Ստուգման պահի դրությամբ իրավիճակը շտկելու ուղղությամբ Տեսչությունը որևէ միջոց չէր ձեռնարկել, օրենքով նախատեսված' յուրաքանչյուր օբյեկտի համար 1,0 մլն դրամ տուգանք չէր նշանակել:

Վերոգրյալ խախտումների, թերությունների վերաբերյալ առավել մանրմասն տեղեկատվությունը ներկայացված Վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվություններում:

3. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՑ ԲԽՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ Ազգային ժողովին՝

. «Թափոնների մասին» ՀՀ օրենքում կատարել համապատասխան փոփո-խություններ՝ հստակեցնելով «տեղադրում» և «պահում» հասկացությունները: Մշակել և հաստատել արտադրության և սպառման թափոնների տեղադրման գործընթացի իրականացման կարգ:

. Համապատասխանեցնել կենցաղային աղբի աղբահանության հարաբերություն-ների կարգավորման մասով «Աղբահանության և սանիտարական մաքրման մա-սին» ՀՀ օրենքի և թափոնների մասին ՀՀ օրենսդրության դրույթների պահանջները:

ՀՀ կառավարությանը՝

. Բյուջետային միջոցների արդյունավետության բարձրացման նպատակով գնումների համակարգում սահմանել «հսկիչ» գներ:

. Ներքին աուդիտի գործընթացն առավել անկախ և օբյեկտիվ դարձնելու նպատակով տվյալ փուլում ներքին աուդիտորի նշանակման, ազատման և գործունեության այլ կարևոր հարաբերություններում նվազեցնել պետական մարմնի ղեկավարի ազդեցությունը

. Բյուջետային միջոցների շրջանառման նկատմամբ միասնական կարգով գան-ձապետական հսկողություն իրականացնելու նպատակով միջազգային համաձայնագրերով տրամադրվող բյուջետային միջոցների նկատմամբ ՀՀ գանձապետարանին վերապահել նախնական հսկողության գործառույթների իրականացման լիազորություն:

. Կոռուպցիոն ռիսկերից և ուռճացված գներից խուսափելու նպատակով, վերա-նայել շինարարական նախագծերի նախահաշիվներում կիրառվող տոկոսա-դրույքների չափերը:

. Հաստատել ճանապարհաշինարարական աշխատանքներում էական տեսակա-րար կշիռ ունեցող բնահողի տեղափոխման, ասֆալտի կտրման (ֆրեզ), ռեսայկլե-ռով ասֆալտբետոնե ծածկի սառը վերամշակմամբ հիմքի կառուցման (այդ թվում կապակցանյութերիª բիտումի և ցեմենտի ավելացմամբ), մեխանիզմով բնահողի փխրեցման աշխատանքների նախահաշվային միավոր արժեքները:

. Ճանապարհաշինության աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով ստեղծել բիտումի որակական հատկանիշների փորձարարական լա-բորատորիա:

. Վերանայել տուն-ինտերնատների և գիշերօթիկ հաստատությունների սպասարկող անձնակազմի նորմատիվները և գործող հաստիքացուցակները, ինչպես նաև հաստատել վարչական աշխատողների թվաքանակի վերաբերյալ նորմատիվներ:

. Կանոնակարգել տեխնածին վթարների, արտադրական դժբախտ պատահարների և այլ դեպքերում տեխնիկական անվտանգության փորձաքննությունների գործընթացը և ծախսերի հաշվառումը:

. Ապահովել Երևան քաղաքի Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջաններում 24 ժամյա ջրամատակարարում /ջրամատակարարում փաստացի 12 ժամից պակաս է/:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին

. Տնտեսվարող սուբյեկտների տուգանման գործընթացում ռիսկայնությունը նվազեցնելու նպատակով, մշակել և հաստատել տուգանքի չափի հաշվարկման մեթոդաբանություն:

. Կանոնակարգել տնտեսվարող սուբյեկտների կողմից թույլ տրված խախտումների վերացման փաստը հավաստիացնող փաստաթղթերի ներկայացման, ընդունման, գնահատման և ամփոփման գործընթացը:

4. ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հաշվետու տարում միջազգային հարաբերությունների ոլորտում Վերահսկիչ պալատի գործունեությունը նույնպես եղել է ծավալուն և ընդգրկուն: Համագործակցության ծրագրերը կրել են բացառապես գործնական նշանակություն:

Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատի հետ համագործակցությունն ավելի է խորացել:

. 2012 թվականին ք. Երևանում կայացած համատեղ նիստում ամփոփվել է երկու մարմինների միջև կնքված 2010-2012թթ. համագործակցության ծրագիրը, ինչպես նաև հաստատվել են պարենային ապրանքների անվտանգության և պարենամթերքի ներմուծման և արտահանման կարգավորման խնդիրների պետական ֆինանսական համատեղ վերահսկողության արդյունքները:

. Երկու երկրների վերահսկիչ կառույցների ղեկավարները ստորագրել են 2013-2015 թվականների համագործակցության ծրագիրը, որով նախատեսվում է իրականացնել մի շարք վերահսկողական միջոցառումներ, ինչպես նաև փորձի և տեղեկատվության փոխանակմանն ուղղված համատեղ այլ աշխատանքներ:

Նիդերլանդների Թագավորության հաշվիչ դատարանի կողմից ՀՀ վերահսկիչ պալատին ցուցաբերվող աջակցությունը եղել է ոչ միայն տեխնիկական, այլև' համատեղ վերահսկողության ու փորձի փոխանակման տեսքով:

. Հաշվիչ դատարանի աջակցությամբ ապահովվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների համալրման, ինչպես նաև Վերահսկիչ պալատի կայքի ընյութերի անգլերեն ու ռուսերեն լեզուներով թարգմանության շարունա-կականությունը, ինչպես նաև բարեփոխվել է ՀՀ վերահսկիչ պալատի տեղեկատվական տեխնոլոգիաների ռազմավարական ծրագիրը:

. Իրականացվել է համատեղ վերահսկողություն «Աղբահանության և սանիտարական մաքրման» թեմայով:

Հաշվետու տարում Վերահսկիչ պալատը համագործակցության պայմանագրեր է ստորագրել Բուլղարիայի և Չինաստանի վերահսկիչ մարմինների հետ: Նոր ծրագրերով նախատեսվում է իրականացնել փորձի փոխանակման, կադրերի վերապատրաստման, ինչպես նաև համատեղ ու զուգահեռ վերահսկողության միջոցառումներ: