Ազգային ժողովում այսօր Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց Վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվությունը։

Հաշվետվությունը ներկայացնելուց հետո պատգամավորները հերթագրվեցին Իշխան Զաքարյանին հարցեր տալու համար։ Վերջինիս հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով խոսեց հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման մասին. «Շատ հետաքրքիր մի բան է կատարվում. Հանրապետական հռետորները, խոսափողները ձեռք-ձեռքից խլելով, անցել են քննադատության։ Բոլորը ուզում են գտնել այդ գողին՝ չաղ ու բախտավոր չինովնիկին, բայց ոչ մեկը չի կարողանում գտնել, և չգիտեն, թե ինչ է պետք դրա համար անել։ Մինչդեռ շատ պարզ հարց կա, և պետք է այստեղ դնել նաև քաղաքական պատասխանատվության հարցը։ Ո՞ւր էր հանրապետության գործող նախագահը, վարչապետը։

Հարավ-հյուսին ճանապարհի այս ծրագրի հետ կապված՝ նախ առաջին հարցը. ինչքա՞ն միջոց է արդեն օգտագործվել այս կառուցապատման համար, երկրորդ՝ արդյոք այդքան աղաղակող խախտումներ կա՞ն, որ դուք ուզում եք դիմել, որպեսզի նոր տենդեռ անցկացվի, և երրորդ՝ արդյոք չե՞ք կարծում, որ այդ ծրագրի իրականացման կառավարման խորհրդի նախագահը՝ Տիգրան Սարգսյանը, իրավական և քաղաքական պատասխանատվություն է կրում այս բոլոր չարաշահումների համար»։

Վերջինիս ի պատասխան՝ Զաքարյանն ասաց. «Ասիական զարգացման բանկը հյուսիս-հարավ ճանապարհի հետ կապված ինչ առաջարկություն որ ներկայացրել է, 100 տոկոսով կառավարությունն այդ գործընթացն արել է։ Միասին մենք աշխատում ենք, որպեսզի արձանագրված խնդիրներն այլևս չլինեն։ Առայժմ շատ մեծ գումարներ չեն ծախսվել»։