Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Ախուրյանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 12-ին, Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այս մասին գրում է Shamshyan.com-ը: Ժամը 21:00-ի սահմաններում Ախուրյանի շտապ բուժօգնության կայանից ահազանգել են ոստիկանության Ախուրյանի բաժին, որ Գյումրի-Հացիկ ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր մեկնած օպերատիվ քննչական խումբը Ա. Միքայելյանի գլխավորությամբ պարզել են, որ նույն օրը՝ ժամը 20:40-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Անտառավան 3-րդ թաղամասի բնակիչ, 24-ամյա Վլադիմիր Ամիրխանյանը, վարելով ВАЗ 2106 մակնիշի 35 ԼP 653 համարանիշի ավտոմեքենան, Գյումրի-Հացիկ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել: Վթարի հետևանքով վարորդ Վ. Ամիրխանյանն ու ուղևորներ՝ Գյումրի քաղաքի բնակիչ, 25-ամյա Աննա Էլոյանը և Շիրակի մարզի Ախուրյան գյուղի բնակիչ, 27-ամյա Կարապետ Սաֆարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն: