Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ էր գումարվել, որը բավականին թեժ ընթացք ունեցավ: Նիստը սկսվեց առանց օրակարգի հաստատման, ինչն առաջացրեց «Բարև Երևան» դաշինքի ղեկավար Անահիտ Բախշյանի զայրույթը: Վերջինս արձանագրեց, որ առանց օրակարգի հաստատման՝ քննարկումը և ընդունումը օրենքի կոպիտ խախտում է, և փորձեց այն հիմնավորել:

Ընդհանուր առմամբ՝ նիստի ընթացքում «Բարև Երևանի» ներկայությունը լարվածություն էր մտցրել ավագանու անդամների միջև։ Շատերն անգամ ձանձրանում էին տարբեր քննարկումների ընթացքում։

Lurer.com-ի թղթակիցը ՀՀԿ համամասնական ցուցակով Երևանի ավագանու անդամ ընտրված, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանից հետաքրքրվեց՝ արդյոք ընդդիմադիր ուժի ներկայությունը կարող է արդյունավետ աշխատանքի հիմք հանդիսանել, դժվար չէ՞ նրանց ներկայությամբ աշխատելը, պատասխանեց.

-Դժվարության հարցը չի, ուղղակի օգտագործված տեխնոլոգիաները ձանձրացնում են։

-Ավելի արդյունավետ չէ՞, ի՞նչ եք կարծում։

-Գիտե՞ք ինչ, ամեն տեղ չէ, որ տառակերությունն ու բառախաղը արդյունաբեր է։

-Այս պարագայում...

-Այս պարագայում, ես գտնում եմ, ոչ, սա տեխնոլոգիաների օգտագործում է։

Նիստից մի փոքրիկ հատված առաջարկում ենք դիտել Lurer.com-ի պատրաստած տեսանյութում.