Ինչպես արդեն հրապարակել էր ԳԱԼԱ-ն, այսօր Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստը անցել է բավականին բուռն ու լարված մթնոլորտում, վիճաբանել են ավագանու «Բարև Երևան» դաշինքի և ՀՀԿ-ական անդամները:

ԳԱԼԱ-ն զրուցել է «Բարև Երևան» դաշինքի անդամ Ստեփան Սաֆարյանի հետ, ով ասել է, որ այսօրվա ավագանու արտահերթ նիստը կազմակերպել և վարել են ոչ պատշաճ օրենքի պահանջներին.

«Գլխամասային հանձնաժողովներում քննարկումներ չէին եղել, այն դեպքում, երբ որ քննարկվող փաստաթղթերը չափազանց կարևոր էին մեկնարկի համար: Մասնավորապես խոսքը վերաբերվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակին, կանոնադրությանը և աշխատավարձերը հաստատելուն: Իսկ այնտեղի աշխատավարձերը ուղղակի մի փոքր բնական չեն մեր՝ խնդիրներ ունեցող երկրի մայրաքաղաքի համար: Ասենք, օրինակ՝ Երևանի քաղաքապետի աշխատակազմը մեծաքանակ է, խոսնակները և տեղակալները կրկնում են գործառույթները, նաև աշխատավարձերը՝ վարչությունների պետերի աշխատավարձերը, գերազանցում են ԱԺ պատգամավորների աշխատավարձը: Երևանի քաղաքապետարանում օգնականներն ու քարտուղարուհիները ստանում են կրկին պատգամավորների չափ գումար: Մի խոսքով՝ այսպիսի աննորմալ երևույթներ կան, և թիվ մեկ խնդիրը, որ ծագեց, կանոնակարգի պահանջների խնդիրներն էր վերաբերվում: Հիմնական զեկուցողներ չկային, հանձնաժողովի կարծիքներ չկային և հարակից զեկուցողներ էլ չկային:

Հաջորդ խնդիրը կապված էր ելույթների հետ և հենց այն, որ քաղաքապետարանում, ըստ էության, առաջին անգամ կասկածի տակ են դնում քաղաքապետարանի աշխատակազմի կրթության արդյունավետությունը, և հրապարակ են հանվում թվեր՝ աշխատավարձերի թվի վերաբերյալ: Ակնհայտ էր, որ Երևանի ավագանին սովոր չէր ընդդիմադիր խմբակցության գոյությանը և դեժավյու էր ստացվում Աժ-ի հետ... Հետայսու կհասկանան, որ ավագանին խոսքի և քաղաքի խնդիրների մասին խոսելու ամբիոն է:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը մինչև հիմա չգիտի, որ ինքը նիստերի ժամանակ խոսելու իրավունք չունի և մի քանի անգամ արժանացավ մեր դիտողությանը, և միջանցքում դարձավ բուռն վիճաբանության առկա և ստեղծվեց բուռն լարվածություն՝ «Բարև Երևան» դաշինքի և ՀՀԿ-ական ավագանու անդամների միջև»,-ասաց Ստեփան Սաֆարյանը:

Քրիստինա Մկրտչյան