ԱԺ-ում 2013 թ. տնտեսական աճի վերաբերյալ կառավարության քննարկման մթնոլորտը, բնականաբար, բուռն էր, քանի որ երկրի տնտեսական զարգացմամբ շահագրգռված են շարքային քաղաքացուց մինչև պատգամավոր, չէ որ դրանով է պայմանավորված քաղաքացու կենսամակարդակի բարձրացումն ու երկրի զարգացման հեռանկարները: Իսկ երկրի տնտեսական զարգացումը ենթադրում է ճիշտ վարկային քաղաքականություն:

Տնտեսական զարգացման շուրջ կառավարության և Կենտրոնական բանկի կանխատեսումները տարբեր են' պայմանավորված տնտեսության տարբեր ճյուղերի ցուցանիշներով: Եթե ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի համոզմամբ 2013-ին տնտեսական աճը կձևավորվի 4,7-5,7 տոկոսի միջակայքում, ապա ԿԲ-ն ակնկալում է 2-4 տոկոս աճ:

2013-ի տնտեսական աճին մեծապես նպաստող արդյունաբերության, շինարարության /2,5-4,5 % /, գյուղատնտեսության / 2-4 %/ և ծառայությունների /4,2-6,2 % /, մասնավոր ներդրումների / 5,1 % / կանխատեսվող ցուցանիշների համար ԿԲ-ից ակնկալվում է ճշգրիտ դրամավարկային քաղաքականություն, ինչը պետք է շաղկապված լինի տնտեսության ընդհանուր քաղաքականության հետ: Սակայն ԿԲ-ի գործունեությունը մշտապես հանդիպում է ոչ միայն հանրության , այլև տնտեսական ոլորտի մասնագետների քննադատությանն ու դժգոհությանը:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի համոզմամբ հաճախ ԿԲ-ն ի զորու չէ գների կայունությունը պահել ցանկալի մակարդակի վրա: Այսինքն, տնտեսական զարգացման գործում ունենալով ոչ ցանկալի երևույթ, պարզապես դրամային իշխանություններն ի զորու չեն կոմպեսացնել բացասական երևույթները:

«ՀՀ-ում ֆինանսական համակարգի բացակայության պարագայում ամենահուզող կողմը բանկային համակարգն է, իսկ մենք չունենք ապահովագրական համակարգ, չունենք կապիտալի շուկա, չունենք ներդրումային քաղաքականություն, հիմնադրամներ և այլն, ուստի դրամային իշխանությունները ընդհանուր ֆինանսական համակարգի բոլոր խոցելիությունները չեն կարող իրենցով ծածկել»,-ասում է Վ. Բոստանջյանը:

Դրամավարկային քաղաքականության թիրախը հատկապես ծանր վիճակում գտնվող գյուղացին է, ով իր կորուստների (տուն, հողատարածք, գույք) համար մեղադրում է հիմնականում Կենտրոնական բանկին: Մինչդեռ ապահովագրական համակարգի առկայության և կայուն գործունեության պարագայում համակարգն իր բաժին ծանրաբեռնվածությունը չէր թողնի բանկային համակարգի ուսերին: Եվ որպես հարցի լուծում, բանկերը «պաշտպանվում են» բարձր դրույքաչափեր սահմանելով, ինչը դժգոհություն է առաջացնում անգամ իշխանական պատգամավորների շրջանում:

«Նորմալ տնտեսվարման պայմաններում 24 % վարկը ընդհանրապես ինչի՞ է նման: Այդ վարկը կարելի է հեշտությամբ վերցնե՞լ, իրագործե՞լ, մարե՞լ, բիզնես անե՞լ, զարգացնել ձեր տնտեսվարողի տնտեսական նախագի՞ծը, չէ՞ որ դա այդպես չէ »,- դժգոհություն է հայտնել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Սակայն խուսանավելու մեծ փորձ ունեցող ԿԲ-ն գրպանում մշտապես ունի ցանկացած հարցի պատասխան' սպառողների վարկավորումը համահունչ է բանկերի տոկոսադրույքների հետ, և որպես հիմնավորում հիշեցնում է ԱՄՆ-ում քարտային վարկավորման 19-22 % և Եվրոպայում' 15-27 % դրույքաչափերը, իհարկե, շրջանցելով հիշյալ երկրների և Հայաստանի քաղաքացու եկամուտի չափերը:

ԿԲ-ի դրամավարկային քաղաքականության «փայլուն» իրականացման արդյունքում Հայաստանի քաղաքացու կենսամակարդակի բարձրացման մասին շարունակ թմբկահարվող ելույթները հոդս են ցնդելու Հայաստան ներմուծվող գազի սակագնի բարձրացման արդյունքում, երբ հուլիսի 1-ից նույն քաղաքացին տնտեսագետ Վարդան Բոստանջյանի խորհրդով դեմքով կշրջվի դեպի «աթարը», երբ գազի թանկացման ֆոնին ԿԲ-ի կանխատեսած 2,5 % աճը կբազմապատկվի, որքան էլ Արթուր Ջավադյանը իրավիճակը մեղմելու համար փորձի իրականացնել դրամավարկային կոշտ քաղաքականություն, որքան էլ հայտարարի, թե ԿԲ-ի մոտ «պրագմատիզմը դեպի պահպանողական ավելի շատ է, քան թե Կառավարության մոտ»:

Ինչպես ասում են' «Երկուսն էլ մի սանրի կտավ են»:

Անուշ Ներսիսյան