Lragir.am. Ընտրությունների ժամանակ անհրաժեշտ էր ցույց տալ միջազգային հանրությանը, թե ինչպիսի ազատություն է տիրում հայկական հեռուստաընկերություններում, եւ որ ապահովված է կարծիքների բազմազանություն: Այդպես էլ արվեց: Ընտրություններն ավարտվեցին, ուստի կարելի է սկսել արդեն գրաքննություն կիրառել՝ հաշվեհարդար տեսնելով նախկինում լրագրողների հնչեցրած ազատ խոսքի համար:
Արմեն Դուլյանին սոցիալական կայքում սեփական կարծիքն արտահայտելու համար աշխատանքից հեռացնելու դեպքից հետո չի բացառվում, որ տարբեր քաղաքական ուժերի ազդեցությունների տակ գործող լրատվամիջոցները աշխատանքային պայմանագրի մեջ ավելացնեն մի տող, որով կարգելեն լրագրողի ազատ արտահայտվելու իրավունքը սոցիալական կայքերով: Կամ այդ տողը ամրագրված չի լինի թղթի վրա՝ լրագրողները պարզապես կդառնան ավելի զգույշ եւ ավելի գրաքննվող, քան նախկինում էին:
Սա այն դեպքն է, երբ լրատվամիջոցը ստիպված է լինելու հորինել գոյություն չունեցող պատճառներ՝ լրագրողին ազատելու որոշումն արդարացնելու համար, քանի որ ոչ տեղական, ոչ էլ միջազգային օրենսդրության մեջ սեփական կարծիքի համար լրագրողին աշխատանքից չեն հեռացնում: Ավելին, սեփական կարծիք արտահայտելը լրագրողի գործի մի մասն է համարվում: Այս դեպքը «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանը որակում է որպես դասական գրաքննություն:
«Ես իմ կարծիքը կարող եմ ձեւավորել միայն այն փաստերի հիման վրա, որոնք հնչեցվել են Արմեն Դուլյանի կողմից եւ սոցիալական ցանցերով ու մամուլով, քանի որ դեռ պարզ չէ, թե կոնկրետ ինչպիսի իրավական հիմքերով են նրան ազատել աշխատանքից: Իմ կարծիքով՝ անընդունելի է կարծիք արտահայտելու համար նրան աշխատանքից հեռացնելը: Ընդ որում, ոչ իրենց լրատվական թողարկման ընթացքում է Դուլյանը հնչեցրել իր կարծիքը, որը շատ կարեւոր է»,- lragir.am –ին հաղորդում է Դոյդոյանը:
Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը նշում է, որ Դուլյանի գրառումը պարզապես առիթ էր, որ նրան հեռացնեին աշխատանքից, քանի որ գրառումից հետո նա ոչ մի նախազգուշացում չէր ստացել:
«Դրանից հետո ինքը մի քանի հրապարակումներ ունեցավ՝ քննադատելով գլխավոր ճարտարապետին, քաղաքապետին, ու ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ իր հայացքների համար առիթ են փնտրել ու ճանապարհել են»,- համոզված է Բարսեղյանը:  

Կարինե Իոնեսյան