Ազգային ժողովն այսօր սկսեց արտահերթ նիստի աշխատանքները։ Նիստում շարունակվեց Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության քննարկումը։

Ելույթով հանդես եկավ ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Վերջինիս հարց տալու համար հերթագրվեց 23 պատգամավոր: Հարց ուղղեց նաև ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը.

«Սերժ Սարգսյանը 2012 թվականի սեպտեմբերի 15-ին ունեցել է խորհրդակցություն և ասել այն նույն բաները շատ ավելի կոպիտ, քան ասում է Վերահսկիչ պալատը: Նույն ժամանակահատվածի վերաբերյալ է այդ հաշվետվությունը:

Եթե հերքում եք Վերահսկիչ պալատին, ապա պետք է հերքեք նաև Սերժ Սարգսյանի ասածները: Սերժ Սարգսյանն ասել է. «գլխից պետք է բռնենք», դուք եկել ասում եք, որ Վայոց ձորի գյուղատնտեսության վարչության պետին բռնել եք, այսինքն՝ հասկացանք, որ այդ մեծը, որին պետք է բռնեք Վայոց ձորի գյուղատնտեսության վարչության պետն է»,-ասաց Փաշինյանը:

Վերջինիս ի պատասխան՝ Արմեն Գևորգյանն ասաց. «Ես կարծում եմ, որ մենք այսօր ոչ թե քաղաքական քննարկումներ ենք անում, այլ ՎՊ-ի 2012 թվականի հաշվետվությունը, և ըստ էության, իհարկե, կարելի է իմ ասածները տարբեր ձևերով մեկնաբանել, այդ թվում՝ նաև այնպես, ինչպես դուք դա արեցիք: Ես, համենայն դեպս, իմ ելությում որևէ հերքում կամ որևէ ամփոփիչ գնահատական Վերահսկիչ պալատի հաշվետվությանը չեմ ներկայացրել: Ես ընդամենը ներկայացրել եմ մեր մեկնաբանություններն այն դրվագների վերաբերյալ, որոնք արտացոլված են ՎՊ-ի զեկույցում»:

ՀԱԿ պատգամավորը կրկնեց իր հարցը. «Դուք չպատասխանեցիք այն հարցին, թե ինչ եք արել Սերժ Սարգսյանի ուղղակի հանձնարարականի շրջանակներում, որ պետք է խոշորների, մեծերի գլխից բռնեք»:

«Սերժ Սարգսյանի տված հանձնարարականների վերաբերյալ Հանրապետության վարչապետը ժամանակին և սպառիչ պատասխաններ է տվել»,-պատասխանեց Արմեն Գևորգյանը: