Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ հունիսի 17-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 00։20-ի սահմաններում Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ, 18-ամյա Անի Մուրադյանի վարած Nissan March մակնիշի 34 ԼV 170 համարանիշի և Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ, 35-ամյա Անժելա Բալյանի վարած Volkswagen Vento մակնիշի 35 ԼD 801 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով նշված ավտոմեքենաների վարորդները բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Քննիչի կողմից վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նրանք գտնվում են սթափ վիճակում։ Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, կին վարորդներից Ա. Մուրադյանը վթարի վայրում հայհոյանքներ և սպառնալիքներ էր տալիս Ա. Բալյանի հասցեին։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել էին հիվանդանոց: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը: Գ. Շամշյանը հայտնել էր, որ վթարի վայրում Nissan March մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ երիտասարդ աղջիկ, հայհոյանքներ էր տվել Volkswagen Vento մակնիշի կին վարորդի հասցեին, իսկ երբ ոստիկանները փորձել էին նրան կարգի հրավիրել, սկսել էր աղջկան ոչ հարիր պահվածք դրսևորել և անգամ հայհոյանքներ տվել ոստիկանների ներկայությամբ: «Երբ նա տեսավ, որ իր քաջագործությունները տեսանկարահանվում է, սկսեց հայհոյանքներ տալ նաև իմ հասցեին»,- հայտնել էր ֆոտոլրագրողը: Իսկ միջին տարիքի մի կին, որը ներկայացավ ոստիկանության աշխատակից և ազատամարտիկի այրի, նույնպես խոչընդոտել էր ոստիկանների և ֆոտոլրագրողի աշխատանքին: Այնուամենայնիվ ոստիկանները կարողացել են մեծ դժվարությամբ կարգի հրավիրել այդ սանձարձակին, ով սպառնում էր մյուս կին վարորդին և ձեռքի բջջայինը շպրտեց նրա ուղղությամբ: Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվել էին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի