«Երևույթին նախ և առաջ պետք է խորքային նայել, խնդիրը ավելի հնուց է գալիս, երբ որ քաղաքական ամբիոնի փոխարեն Ազգային Ժողովը դարձնում են գործարարների ակումբ. սխալը հնուց է գալիս: Ես մի դեպք հիշեցի, երբ որ կարդում էի այս գրառումները՝ կապված Վարդան Այվազյանի հետ: Երբ որ Ազգային Ժողովի պատգամավորին հարցնում են հասարակությանը հուզող խնդրի վերաբերյալ, նա պատասխանում է, բայց դուք մոռանում եք, որ ես ներկայացնում եմ իքս ՍՊԸ-ի շահերը: Իհարկե ՍՊԸ-ի անունը կոռեկտությունից ելնելով չեմ ասում, բայց դա նշանակում է, որ մարդը չի հասկանում, թե ինչու է ինքը գալիս ԱԺ»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին՝ ասել է հրապարակախոս Վարուժան Բաբաջանյանը: Ըստ նրա՝ եթե ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը մոռանում է, որ կարմիր դիպլով «գռուզչիկ» լինելը նրա համար քարտ բլանշ է, ապա չարաչար սխալվում է: «Գուցե նա դառնար արտադրամասի պետ, բայց ոչ ԱԺ պատգամավոր: Որովհետև ԱԺ-ում լրագրողը շատ նորմալ հարց էր տվել՝ ասելով, թե՝ «Հետք»-ը գրել է Ձեր մասին նման բան: Եթե սուտ է, դիմի դատարան, դու ինչու ես վիրավորական տոնով կամ հեգնանքով պատասխանում լրագրողին»:

Արդյոք հարցը պետք է բարձրացնել ԱԺ էթիկայի հանձնաժողովում, և այն կպատժի պատգամավորին, Վարուժան Բաբաջանյանը ասել է. «Չեմ կարծում, թե էթիկայի հանձնաժողովի խնդիր կա: Իմ կարծիքով ավելի շատ կա ներքին և մարդկային փոխհարաբերությունների խնդիր, ինքը՝ Վարդան Այվազյանը, լիներ քաղաքական գործիչ, ապա մի պարզ բան կհասկանար, որ ԱԺ-ում իրեն կարող են տալ ցանկացած տիպի հարց, որին ինքը պարտավոր է պատասխանել կոռեկտության սահմաններում: Եթե ԱԺ պատգամավորը քաղաքական գործիչ է, որին ընդհուպ կարող են ԱԺ ամբիոնից հայտարարություններ անել, և եթե ինքը չի կարողանում պատասխանել այդ հարցերին, ապա դա այլ հարց է: Լրագրողը նորմալ խոսել է, մինչդեռ Վարդան Այվազյանը սկսել է անիծել, «հողեմ գլուխդ» և նմանատիպ խոսքեր էր ասում»:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում վիճաբանություն է տեղի ունեցել ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի և ՀՀԿ-ական Վարդան Այվազյանի միջև, որին միջամտել էր նաև լրագրողներից մեկը: Վերջինիս հասցեին Վարդան Այվազյանը սկսել էր վիրավորական արտահայտություններ հնչեցնել: Փոխադարձ վիրավորանքները շարունակվել են մի քանի րոպե:

Փայլակ Ֆահրադյան