Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի Քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) հատկանիշներով: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գաիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է այն բանից հետո, երբ այսօր՝ հունիսի 19-ին, ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս Ոստիկանություն են բերման ենթարկել Արարատի մարզի Հայանիստ գյուղի Գետաշեն թաղամասի բնակիչ 27-ամյա Նիկոլայ Գևորգյանին և Երևան քաղաքի Բաղրամյան 61 տան բնակիչ 26-ամյա Կառլեն Ստեփանյանին: Ձեռնարկված օպերատիվ-քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված անձինք 2011 թ.-ի դեկտեմբերի վերջին դանակի սպառնալիքի տակ ավազակային հարձակում են կատարել Երևանում: Կեսօրին, մտնելով Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում գտնվող «Սթար» սուպերմարկետի հարևանությամբ գտնվող առևտրի տաղավար, դանակի սպառնալիքի տակ տաղավարում վարձակալական հիմունքներով աշխատող Ավան վարչական շրջանի բնակիչ Արմինե Հովսեփյանի մոտից հափշտակել են 1800 ԱՄՆ դոլար: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հարձակումը կատարելուց հետո նրանք հեռանալիս կպչուն ժապավենով (սկոչ) փակել են նրա բերանը, կապել ձեռքերն ու ոտքերը և դիմել փախուստի: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ն. Գևորգյանն ու Կ. Ստեփանյանը փեսա-աներձագ են, իսկ նախկինում Ն. Գևորգյանը՝ 5, Կ. Ստեփանյանն էլ 2 անգամ եղել են դատապարտված: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի