«Ելնելով ժողովրդավարության և ազատ մամուլի կայացման անհրաժեշտությունից Maxinfo.am լրատվավերլուծական կայքը նախաձեռնում է ֆոտոռեպորտաժների շարք՝ ցույց տալու՝ սոցիալական սուր բևեռվածությունը և տարաբնույթ հիմնախնդիրները:

Վերոնշյալ նպատակներից ելնելով՝ ֆոտոռեպորտաժ իրականացրեցի Կանաչուտ գյուղի Ալիկ Սարգսյանի անվան փողոցում, որտեղ գտնվում է Սարգսյանների շքեղ առանձնատունը: Ստորև ներկայացնում եմ եղելությունը.

Հունիսի 17-ին ֆոտոխցիկի միջոցով նկարելով վերոնշյալ հասցեում գտնվող առանձնատան ճակատային հատվածը, ընդ որում նկարահանումն իրականացրեցի՝ մուտք չգործելով Սարգսյանների սեփականություն հանդիսացող տարածք: Նկարահանումից հետո շարունակեցի ճանապարհս: Մի քանի կիլոմետր երթևեկելուց հետո հանկարծահաս «Մերսեդես» մակնիշի մեքենան կտրելով իմ մեքենայի դիմացը՝ ստիպեց արգելակել: Վթարից խուսափելու համար՝ արգելակեցի իմ մեքենան: Իջնելով մեքենայից՝ ինձ մոտեցավ այդ նույն «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով ՀՀ նախագահի խորհրդական՝ Ալիկ Սարգսյանի եղբայր Անդրանիկ Սարգսյանն էր, ում հետ երբևէ առընչություն չեմ ունեցել: Անդրանիկ Սարգսյանը տեղեկանալով թե ով եմ, և թե ինչու եմ ֆոտոխցիկով նկարել իրենց առանձնատունը՝ առանց ինձ հարցնելու իմ մեքենայի միջից հանեց մեքենայիս բանալին՝ թույլ չտալով օգտվել իմ իսկ սեփականությունից: Մեր միջև տեղի ունեցավ զրույց, որին հաջորդեցին հարվածները իմ ուղղությամբ: Ես ստիպված եղա հեռանալ, թողնելով մեքենաս այն վայրում, որտեղ կայանել էի: Մոտ մեկ ժամ անց ինձ զանգահարեցին Ոստիկանությունից և տեղեկացրեցին, որ մեքենան գտնվում է իրենց մոտ: Ինչպես հետո պարզվեց Ոստիկանություն էր դիմել հենց Անդրանիկ Սարգսյանը: Վերցնելով մեքենաս ոստիկաններից՝ բողոքս հայտնեցի Սարգսյանի կողմից իմ նկատմամբ իրականացված ապօրինի գործողությունների մասով:

Հիմնվելով ազատ խոսքի և ժողովրդավարության սկզբունքների վրա՝ անընդունելի եմ համարում «Չորրորդ իշխանության» ներկայացուցիչների դեմ կատարվող ոտնձգությունները և բռնությունները: Դատապարտելի եմ համարում բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև նրանց ազգականների ֆեոդալավայել կեցվածքը, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է ՀՀ նախագահի խորհրդականի ինստիտուտին: Պահանջում եմ գործի ընթացքի անաչառության ապահովում իրավապահ մարմինների կողմից:

Վստահեցնում եմ, որ բոլոր օրինական ձևերով պայքարելու եմ իմ սահմանադրական իրավունքի պաշտպանության համար»:

Maxinfo.am կայքի հիմնադիր՝ Բաբկեն Հարությունյան