Ռուսաստանից վերադառնալուց հետո, այսօր ԱԺ-ում ՀՀ Բնական պաշարների եւ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը պատասխանել է ՀԱԿ պատգմավոր Արամ Մանուկյանի հարցին «ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերի ՀՀ կառավարությանը պատկանող 20%-ը ռուսական «Գազպրոմ» ընկերությանը հանձնելու մասին երեկ այդ ընկերության տարածած հաղորդագրության վերաբերյալ:

«Որեւիցե գործարք կատարված չէ, ուղղակի բանակցություններ են ընթանում, բանակցությունների սեղանին կա նաեւ 20% բաժնետոմսերի տալու-չտալու մասին հարցը: Իհարկե, ոչ միայն 20% -ի, դրան զուգահեռ շատ ուրիշ բաներ կա, որ պետք է փոխադարձ պայմանավորվածություններ ձեռք բերվի»,- ասել է նախարարը:

Նա նաեւ վստահեցրել է, որ երկու երկրների միջեւ հնարավոր այդ պայմանագրի ստորագրումը տեղի ունենա, ինչպես կարգն է, ՀՀ խորհրդարանի վավերացմամբ:

«Երբ որ բանը հասնի նրան, որ միջպետական պայմանագիր ստորագրվի եւ դրա արդյուքում գործողություններ պետք է կատարվեն, նաեւ ֆինանսական պարտավորությունների մասով, անպայման կգա ԱԺ, առանց դրա հնարավոր չէ »,- իր խոսքում նշել է Արմեն Մովսիսյանը:

Հեղինակ:
«ՓԱՍՏԻՆՖՈ»