HayNews.am. «Այս քննարկումն ինձ հիշեցնում է «Հեքիաթն է կանչում» հաղորդումը. անհավանական տարբերակներ ու պատմություններ ենք լսում, թե ով ավելի վառ կներկայացնի «Գյուլնազ տատի հեքիաթները»:
Այսօր ԱԺ–ում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային ու մաքսային արտոնություններ տրամադրելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

Վերջինս անթույլատրելի համարեց ԱԺ ամբիոնից փաստերից զուրկ կարծիքներ արտահայտելը:

«Իրականում տեղի է ունենում այն, ինչ-որ գրանցված է մեր քաղաքական ուժի նախընտրական ծրագրում. մենք պետք է այնպես անենք, որպեսզի Հայաստանը դառնա տարածաշրջանային կրթական կենտրոն և խրախուսվեն արտաքին ներդրումները»,-հայտարարեց Շարմազանովը:

Շարմազանովը տեղեկացրեց, որ նմանատիպ դպրոցներ բացվել են թե Վրաստանում, թե Ադրբեջանում, թե հարևան այլ երկրներում:

«Ինչ-որ մեկը դե՞մ է, որ Հայաստանը դառնա միջազգային կրթական կենտրոն: Կա՞ մարդ, որը դեմ է Հայաստանի համաչափ զարգացմանը: Սա ներդրումների խրախուսում է, գիտության և կրթության զարգացում: Խնդրում եմ ձեզ, ցլի տակ հորթ մի փնտրեք»,-եզրափակեց իր խոսքը ԱԺ փոխխոսնակը: