Հունիսի 14-ին ԳԱԼԱ-ն հրապարակել էր Թուրքիայում դաժանորեն սպանված ազգությամբ եզդի, ՀՀ քաղաքացի եւ Գյումրու բնակչուհի Մայայի պատմությունը:

Հիշեցնենք, որ կինը ազգությամբ եզդի էր, սակայն ՀՀ քաղաքացի էր, գյումրեցի, ամբողջ կյանքում ապրել է Հայաստանում եւ ամուսնացել էր Թուրքիայում բնակվող քաղաքացու հետ եւ համատեղ ամուսնական 13 տարվա կյանք ու 2 երեխա ունեին: ՀՀ քաղաքացի Մայային սպանել էր տեգրը՝ կրոնական հողի վրա:

Նշենք, որ այսօր ԳԱԼԱ հեռուստաընկերություն էր ներկայացել սպանված կնոջ ամուսինը եւ քույրը՝ Գուլիկո Բասեն, ովքեր մանրամասներ են պատմել Թուրքիայում կնոջ սպանությունից:

Ամուսինը՝ Էվլիյա Գումուշթեքին, ասել է, որ լրատվամիջոցների կողմից սխալ է ներկայացվել, թե ինքը ազգությամբ թուրք է: Ինքն ազգությամբ քուրդ է, պարզապես բնակվելիս են եղել Թուրքիայում, իսկ Մայան ոչ թե հայ է, այլ եզդի ու մինչեւ վերջ մնացել է եզդի:

«Ասում են՝ հայ աղջիկը ամուսնացել է թուրքի հետ, ես հայտարարում եմ, որ ես թուրք չեմ, իմ կնիկը հայ չէ, իմ կնիկը եզդի է, շեյխի աղջիկ էր, իմ կինը նաեւ մուսուլման չէ, նա եզդի է»:

Տպավորությունն այնպիսին էր, որ եզդի համայնքի ներկայացուցիչների հետ Մայայի ընտանիքը ինչ-ինչ խնդիրներ ունի, քանի որ նրանց մեղադրել են, որ Մայան ամուսնացել է ազգությամբ թուրք տղամարդու հետ, դարձել է մուսուլման: Այսօր հանգուցյալի քույրն ու ամուսինը եւս մեկ անգամ հաստատեցին, որ սպանված կինը եզդի է, եւ որ մուսուլմանություն ինքը չի ընդունել:

«Իմ քույրը եզդի եղել է, եզդի ծնվել եւ եզդի էլ մահացել է, մուսուլմանություն չի ուզեցել ստանալ, այդ իսկ պատճառով նրան տվել-սպանել են: Ես գժված եմ, ներեք ինձ»,-ասաց Մայայի քույրը:

Իսկ ազգությամբ քուրդ Թուրքիայում բնակվող Էվլիյան պատմեց հետեւյալը.

«Մենք նոր ամուսնացած մարդ ու կին չենք, 13 տարի շարունակ ես այստեղ եմ բնակվում, մենք 13 տարվա մարդ ու կին ենք, երեխես ամսի 7-ին դառնում էր ութ տարեկան, հայերը կնքել են ասում, մենք պայմանավորվել էինք, որ գնալու ենք Թուրքիա, որ սունատ անենք, գնացել էինք, որ քավորին տեսնեինք, ամսի 7-ին երեխեքի ծննդյան օրը սունատ էինք անելու: Մեզ շատ լավ ընդունեցին, գնացինք նստեցինք, ամեն անգամվա նման մեզ ընդունեցին եւ կերել, խմել, քեֆ ենք արել, իմ մեծ եղբայրը, ով որ խփել է կնոջս, սեղանի վրա հարցրեց կնոջս, թե դու մուսուլման դառե՞լ ես, կինս պատասխանեց. «Ո’չ, ես եզդի եմ, ես շեյխի աղջիկ եմ, դա ի՞նչ հարց է, որ դու տալիս ես ինձ, թե մուսուլման դառել ես: Ես եզդի եմ, շեյխի աղջիկ եմ, նման բան չկա»:

Ես էլ միջամտեցի, թե դա ինչ հարց է, որ դու տալիս ես հարսին, իմ կինը եզդի է ու այդպես փակվեց, քնեցինք մյուս եղբորս տունը եւ առավոտ, երբ կինս գնաց երեխաներիս լողացնելու, որ հետո գնայինք պիտի քավորի տուն, այդ դեպքը պատահեց: Ես նստած էի եղբորս տանը, տեսա՝ երեխաները կանչում են՝ մաման խփվեց, Բասեն՝ հարսը, խփվավ, մեռավ: Ես վազելով գնացի, վերցրի շտապ կնոջս, տարա բժշկի...Ինչպես է ձեզ համար, որ այդ օրվանից չեմ քնել եւ չեմ նստել անգամ»,-ասաց Էվլիյա Գումուշթեքին:

Նա հավելեց նաեւ, որ դրանից հետո եղբորը չի տեսել: «Բայց պատմել են, որ սպանությունից հետո ինքը իրա գլխին էր խփում, թե «ես այս ի՞նչ արեցի, այս ինչ արեցի»: Ես բողոքելու եմ, բողոքել լինի, ես կբողոքեմ, իսկ սպանելու լինի, ես կսպանեմ, եւ ոչ ոք էլ չի կարող խառնվել այս գործին: Իմ կինն է մահացել եւ իմ երեխաներն են մնացել իմ վրա, սպանելու պետք լինի, ես կսպանեմ իմ եղբորը, դատել լինի, ես դատել կտամ, դա իմ գործն է»,-ասաց Էվլիյան:

Քրիստինա Մկրտչյան

Լուսանկարները՝ Տիգրան Գասաբյանի