Այսօր Շվեդիայի դատարանը շվեդահպատակ, ծագումով ռուանդացի 54-ամյա Ստանիսլաս Մբանենդեին դատապարտեց ցմահ բանտարկության՝ հիմք ընդունելով 1994թ. Ռուանդայում կատարված ցեղասպանության մեջ նրա դերակատարությունը: Այդ մասին հաղորդում է «interfax.ru»-ը՝ հղում անելով շվեդական դատարանի որոշմանը: «Ապացուցված է, որ այն գործողությունների նպատակը, որոնց համար դատապարտվեց մեղադրյալը, եղել է թութսի էթնիկական խմբի ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացումը: Հետևաբար, այդ գործողությունները գնահատվել են որպես ցեղասպանություն»,- նշված է դատավճռում: Մբանենդեն մեղավոր է ճանաչվել Ռուանդայի արևմուտքում կատարած սպանությունների և մարդկանց առևանգման համար: Ինքը' ռուանդացին, իր մեղքը չի ընդունում: 1994թ. 100 օրվա ընթացքում Ռուանդայի զինվորները և Հութու ցեղի ապստամբները սպանել են մոտ 800 հազար մարդ, որոնց մեջ հիմնական մասը կազմել են թութսի ցեղի ներկայացուցիչները: