Օրեր առաջ գործարար Աշոտ Սուքիասյանը նամակ էր ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և Hetq.am կայքին: Նամակում Սուքիասյանն անդրադարձել էր վերջերս մեծ աղմուկ բարձրացրած օֆշորային սկանդալին:

Հիշեցնենք, որ «Հետք»-ը հրապարակել էր հոդված, ըստ որի՝ Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերից են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է և Նավասարդ Կճոյանը։

Սուքիասյանն իր նամակում նշել էր. «Ուզում եմ անդրադառնալ օֆշորային կազմակերպությանը՝ WLISPERA HOLDINGS LIMITED-ին: Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ և ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի և Ն. Կճոյանի անուններով՝ առանց նրանց գիտության և առանց նրանց համաձայնության: Դա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետևանքներ ունենալ»:

Այժմ Աշոտ Սուքիասյանը գտնվում է հետախուզման մեջ: Քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով քննության վարչությունում երեկ որոշում է կայացվել Աշոտ Սուքիասյանին մեղադրանք առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ Քր.օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է հետախուզում:

Լուրեր.com-ի հետ զրույցում տնտեսագետ, նախկին ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է առանց մարդու համաձայնության նման գործարքների գնալ, ասաց. «Ես բացարձակապես նման երևույթների հետ չեմ առնչվում, ինքս մինչև անգամ չգիտեմ՝ դա հնարավոր է, թե անհնար, այդ պատճառով ես այս պահին դժվարանում եմ որևէ բան ասել»:

Մի շարք շրջանառվող տեսակետների համաձայն էլ՝ այս ամենը բավական հաջող գծագրված սցենար է, և իրականաում թե՛ Տիգրան Սարգսյանը և թե՛ Նավասարդ Կճոյանը տեղյակ են եղել գործողությունների ամբողջ ընթացքի մասին:

Վարդան Բոստանջյանը, սակայն, կարծում է, որ դա, ամենայն հավանակությամբ, այդպես լինել չի կարող, որովհետև միայն այն հանգամանքը, որ վարչապետը դիմել է իրավապահ մարմիններին, մասնավորապես՝ դատախազությանը՝ այդ հանգամանքները պարզելու, դա արդեն ցույց է տալիս, որ, ամենայն հավանականությամբ, ինքը դրա հետ առնչություն չի ունեցել:

«Օրինակ՝ երեկ Կառավարության նիստի ժամանակ կտրուկ մոտեցումը, որ Վերահսկիչ պալատի կողմից իրականացված բացահայտումների պարագայում գործադիր իշխանության յուրաքանչյուր ղեկավար պետք է կա՛մ հերքի, կա՛մ պատասխան տա, դա ևս խոսում է այն մասին, որ եթե մարդը վստահ չլինի իր վրա, չի կարող նման բան ասել»,-ասաց Բոստանջյանը: