Եվրամիությունը կարծում է, որ Հարավային Կովկասում կայունությունը հնարավոր չի լինի առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար կարգավորման. ուրբաթ օրը Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ավարտին հայտարարել է Եվրոպական խորհդրի նախագահ Հերման Վան Ռոմպեյը. մեջբերում է Trend-ը:

«Եվրամիությունը կարծում է, որ Հարավային Կովկասում կայունություն հնարավոր չի լինի հաստատել առանց Ղարաբաղյան հակամարտության արդար կարգավորման, ուստի մենք կշարունակենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությանը»,-ասել է նա:

Ռոմպեյի խոսքերով' Ալիևի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային հարցեր:

«Ես իմ աջակցությունն եմ հայտնում Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից G8 խմբի հանդիպման ժամանակ արված հայտարարությանը»,-ասել է Ռոմպեյը: Նա խորհուրդ է տվել խուսափել ռազմական կոնֆլիկտի հանգեցնող ցանկացած հռետորիկայից: