ԳԱԼԱ-ն տեղեկացնում է, որ Գյումրու կենտրոնական հրապարակի վերակառուցումն ավարտական փուլում է. այսօր շինաշխատանքների ընթացքին ծանոթացել է Գյումրու քաղաքապետը: Սալիկապատվել է Յոթվերք եկեղեցու տարածքը, ասֆալտապատվել հրապարակն ու շրջակա որոշ փողոցներ, ավարտվել են նաեւ նշված հատվածների գծանշման աշխատանքները: Մի քանի օրից, ըստ Սամվել Բալասանյանի, Կենտրոնական հրապարակը պատրաստ կլինի մշակութային մայրաքաղաքի միջոցառումների բացման հանդիսավոր արարողությանը, կընդունի հյուրեր՝ տարբեր երկրներից: Օտարերկրացիների համար Գյումրին գրավիչ կդառնա դեռեւս միայն իր կենտրոնով, քանի որ ծայրամասային շատ փողոցներ դեռեւս գտնվում են անմխիթար վիճակում: Այդ փողոցներում լավագույն դեպքում փոսալցման աշխատանքներ կկատարվեն: Այն ճանապարհահատվածները, որոնք առավել դժվար երթեւեկելի են, ըստ Սամվել Բալասանյանի, կխճապատվեն, քանի որ հնարավորությունները դեռեւս թույլ չեն տալիս շինարարություն սկսել: