Երբ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը ընտրվեց Գյումրու քաղաքապետ, կուրծք ծեծելով ամպագոռգոռ հայտարարում էր, թե Գյումրին ծաղկելու է և Գյումրու քաղաքապետարանի վարչական շենքի տանիքին երբևիցե չեք տեսնի գունափոխված, բզկտված եռագույն դրոշը: Այսօր՝ հունիսի 21-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Գյումրիում նկարել է, թե ինչպիսի «բարվոք» վիճակում է ծածանվում քաղաքապետարանի տանիքին հայոց եռագույնը, գրում է Shamshyan.com-ը:

Մի քանի գյումրեցիներ տեսնելով, որ ֆոտոլրագրողը նկարում է դա, կատակում էին. «Շամշյան ջան, էդ եռագույնի ծալքերը քաղաքապետի ուղեղի ծալքերն են. քաղաքապետը, որ իրա Ռենջ Ռովերից իջնում է, լայաղ չի անում գլուխը վերև բարձրացնի, աշե եռագույնին, որովհետև Ռենջից իջնում է, թե չէ՝ ախռանիկների ուղեկցությամբ մոխրոտիկի նման էնպես կվազի շենք, որ քաղաքացիները չտեսնեն, իրենց դարդուցավը չպատմեն»: Իսկ մի տարեց գյումրեցի էլ ասում էր. «Ա՜յ Շամշյան ջան, Երևանից եկել-հասել ես Լենինական, որ Բալասանյանի փալա՞սը նկարես»: Եթե քաղաքապետ Ս. Բալասանյանի միջոցները չեն բավականացնում՝ բզկտված եռագույնը փոխելու նորով, ապա shamshyan.com-ը պատրաստ է նրան նվիրել եռագույն դրոշ:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի