Shamshyan.com. Ուժեղն ուտում է թույլին, ավելի ուժեղանում, ապրում իրենից թույլի մահվան հաշվին: Սըր Չարլզ Դարվինի տեսությունը գիտությանն այնքան օգուտ չտվեց, որքան մարդկությանը' ապտակ: Ապտակն այն էր, որ ցույց տրվեց, թե բնական ընտրությունը տեղի է ունենում նաև հասարակության մեջ: Այս պարագայում մարդը չի տարբերվում անտառի բնակիչներից: Ժամանակակից փիլիսոփա Լ. Աբրահամյանը հարցնում է. «Մենք ի՞նչ ենք անում, որպեսզի այս բնորոշումը մեզ վրա չտարածվի»: Աշխարհին բացառապես սև ակնոցներով նայող մի հանրույթ մի օր բարբաջեց, թե այն, ինչ բնական է, բարոյական է: Եվ շատ մարդիկ այս դրույթով իրենց խղճի ատամները կոտրեցին, որի խայթը դարձավ համբույր: Այն, որ թռչունը որդ է ուտում, մեկ այլ կենդանի' այդ թռչունին, իսկ մեկ ուրիշը' վերջինին, դա բնական է: Այն, որ բարձրաստիճան ծառայողը իր աթոռն ամրապնդում է իր ենթակաների աթոռները կոտրելով, կամ մեծահարուստը, վեքսիլ գրելով, իր համաքաղաքացու արյուն է խմում, սա էլ է բնական: Այսինքն' այն, ինչ բնական է, անբարոյակա՞ն է: Ուրեմն ո՞րն է մարդու առանձնահատկությունը: Հնարավոր բարոյականությունը վայելում է բացառապես մարդուն, և մարդը մարդ է միայն այդքանով: Եթե հասարակությունը ապրում է անտառի օրենքներով, ապա այն հեռու է հասարակություն կոչվելուց, որովհետև հասարակության մեջ ոչ թե թույլն է մեղավոր, այլ օրինազանցը: Հակառակ դեպքում, ստացվում է սոցիալ-դարվինիզմ. այն, ինչ անտառում է, նույն էլ քաղաքում: Դարվինիզմի տարատեսակներից մեկի համաձայն, կապիկը վերածվեց մարդու, որովհետև անտառում հրդեհ տեսավ և խելագարվեց: Սկսեց անել այնպիսի բաներ, որոնք չէին անում իր ցեղակիցները: Ի վերջո, այս խելագարված կապիկն իրեն անվանեց մարդ: Եվ որքան էլ նա փորձի իրեն վեր դասել նախկին ցեղակիցներից, միևնույն է, նա կապիկ է, այն էլ խելագար կապիկ: Այս դեպքում ամեն ինչ կարելի է. գողանալ, սպանել, հարաբերվել ում հետ և որտեղ պատահի և այլն։ «Աստված մեռավ», ուրեմն ամեն ինչ թույլատրված է: Անում ես այն, ինչ կամենում ես և կարող ես։ Կան սրամիտ մտածողներ էլ, ովքեր, հակադարձելով դարվինիզմին, մարդու և կապիկի նմանությունից բխեցնում է այլ եզրակացություն։ Սկզբնապես այդ մարդանման կապիկները մարդ են եղել և ապա, իրենց կենդանական վարք ու բարքի արդյունքում կապիկներ դարձել: Էական չէ' խելագար կապիկները մարդ դարձա՞ն, թե՞ գազանաբարո մարդիկ' կապիկներ։ Էականն այլ է. եթե Դարվինը սխալ էր, ապա որտեղի՞ց մեր հասարակության մեջ այսքան կապիկ: Կան մարդիկ, որ կարծում են, թե Ֆեյսբուք սոցկայքում հայհոյանք գրելով' դառնում են խիզախ մտավորական: Կամ եթե մարդ մի կարծիք է հայտնում, ապա նրան հակադարձելու ամենակարևոր տարրը անձնական վիրավորանքն է: Ոմանց էլ թվում է, թե եթե իրենք տանը նստած կամ հրապարակում մեկին հայհոյում են, ապա արդարության մարտիկներ են: Եվ այս ոմանց շարքը, ցավոք, շատ երկար է։ Աշխարհից պահանջում ենք պաշտպանել մեր արդար Դատը: Սակայն եթե մեր բարեկամին ու հարևանին, առանց գեթ մեկ վայրկյան տատանվելու, պատրաստ ենք խժռել, էլ ինչո՞ւ ենք զարմանում, որ տարածքով մեծ ու ուժեղ երկրները խժռում են թույլերին ու փոքրերին: Հիմա եթե մենք ապրում ենք ոչ թե բարոյական, այլ բնական օրենքներով, ապա էլ ումի՞ց ենք ինչ պահանջում: Մարդիկ, ինչ կարողացել, այն էլ արել են: Եվ առայժմ ոչ մի կերպ չենք կարողանում ընդունել, որ եթե մեկին մի բանում նախատում ես, ապա նախատելու իրավունքի անհրաժեշտ պայմանը միևնույն դրության մեջ նույն կերպ չվարվելն է: Իսկ դա արդեն բնական չէ: Բնական օրենքի տեսանկյունից' աննորմալ է, այսինքն' բարոյական, մարդկային, չափազանց մարդկային:

ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆ