Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը իրականացնում է «Ավելի մաքուր Երևան» նախաձեռնությունը, որի կազմակերպչական աշխատանքներին մասնակցում է նաև Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովը։

«Ավելի մաքուր Երևան» նախաձեռնության առաջին մաքրման աշխատանքներն իրականացվել են Հրազդանի կիրճում՝ կիրճի ողջ երկայնքով։ Աշխատանքներին ներգրավվել է 26 միավոր մեքենասարքավորում՝ աղբատար ու ջրցան։ Կենտրոն, Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների կոմունալ և կանաչապատման ընկերությունների աշխատակիցներին աջակցել են նաև ավելի քան 400 կամավորներ՝ բուհերի ուսանողներ, հասարակական կազմակերպությունների անդամներ։

Երևանի քաղաքապետարանի կամունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանի խոսքով՝ այս կերպ հնարավոր կլինի մաքրել Երևանի ամենամարդաշատ կանաչ տարածքները, հատկապես այն, որոնք բնակիչները վերածել են հանգստի վայրերի, որտեղ այդ պատճառով աղբի մեծ քանակություն է կուտակվում։

«Ավելի մաքուր Երևան»-ը ծրագիր է, որի միջոցով, նաև կամավորների ներգրավմամբ, մաքրման աշխատանքներ են իրականցվելու Երևանի հանրային օգտագործման կանաչ զանգվածներում։ «Ավելի մաքուր Երևան» ծրագրի հաջորդ հավաքը հունիսի 29-ին է` «Հաղթանակ» զբոսայգում։