Այս պահին արտակարգ և պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Արմավիր քաղաքից դեպի Բաղրամյանի տարածաշրջան ընկած հատվածում 400-ից ավելի գյուղացիներ, ովքեր հիմնականում Արմավիրի մարզի Մյասնիկյան, Խանջյան և Նաիրի գյուղերի բնակիչներ են, արդարացիորեն բարձրաձայնում են, որ Գյուղնախարարության պաշտոնյաները իրենց խաբել են:

Բաղրամյանից դեպի Արմավիր ընկած ճանապարհահատվածը գյուղացիները փակել են և սպառնում են, որ ոտքով գալու են Երևան և իրենց բողոքի ձայնը բարձրացնեն Կառավարության առջև, քանի որ ծիրանը ամբողջովին ոտքի տակ կորում է՝ միայն այն բանի համար, որ ինչ-որ անձինք հրաժարվում են ընդունել գյուղացու աճեցրած բերքը և դրան զուգահեռ արգելում են, որ Վրաստանից ժամանած առևտրականները ծիրան տեղափոխեն Վրաստան: Գյուղացիները պահանջում են նաև, որ իրենց այցելի գյուղնախարարը և տեղում հարցին լուծում տա, ոչ թե հեռուստաէկրանների առջև բարձրաձայնի, թե գյուղացին ծիրանի արտահանման հետ խնդիր չի ունենա: