ԳԱԼԱ. Պաշտոնական այցով այսօր Գյումրիում էր Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը: Վերջինս Հայաստան էր ժամանել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով: Պատվիրակության կազմում են ՌԴ անվտանգության խորհրդի աշխատակազմի, Ռուսաստանի Դաշնության գործադիր իշխանության մարմինների և կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր եղել են Գյումրու 102-րդ ռուսական ռազմական բազայում, ապա ծաղկեպսակ դրել հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող «Պատվո բլուր» հուշահամալիրում: Հուշամեդալներով են պարգևատրել նաև 102-րդ ռազմաբազայի զինվորակններին: Նիկոլայ Պատրուշևը, խոսելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցի վերաբերյալ, նշել է . «Գիտեք, Ռուսաստանը առևտրային հարաբերություններ ունի բոլոր երկրների հետ և ցանկացած երկիր, ով զենք գնելու ցանկություն կունենա, հնարավորություն կստանա օրենքի սահմաններում Ռուսաստանի Դաշնությունից զենք գնել»:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն երեկ է ընդունել աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին:

Զրուցակիցները քննարկել են ռազմավարական դաշնակից երկու պետությունների միջև փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային զարգացումներին և մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա վիճակին:

Պատվիրակության այցի ավարտին կստորագրվի արձանագրություն և մի շարք այլ պաշտոնական փաստաթղթեր: