Lragir.am. Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը ռուսական Ռեգնում գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե Հայաստանը լինի Մաքսային միության անդամ, ապա գազը եւ ատոմակայանի համար նախատեսված ուրանը կներկրվեն ավելի էժան գներով: Արմեն Մովսիսյանը հայտարարել է նաեւ, որ Հայաստանը անկախ պետություն է եւ ինքը պետք է որոշի՝ մտնել Մաքսային միության մեջ, թե չմտնել: Միեւնույն ժամանակ, նա ասում է, որ Ռուսաստանի հետ առեւտրաշրջանառության հետ ծավալն ու համադրությունը այլ երկրների հետ համեմատության իմաստով, հուշում է, որ Հայաստանի համար նպաստավոր է Մաքսային միությանն անդամակցելը:
Արմեն Մովսիսյանը բանակցում է Գազպրոմի հետ, որպեսզի Հայաստանը Ռուսաստանին փոխանցի Հայռուսգազարդի իր 20 տոկոս բաժնեմասը: Ամենայն հավանականությամբ, Արմեն Մովսիսյանի հայտարարությունները Գազպրոմի հետ բանակցության արդյունքն են, եւ էներգետիկայի նախարարը Հայաստանում ստանձնել է Մաքսային միության գովազդային գործակալի կարգավիճակ:
Շատ հետաքրքիր պատկեր է ստացվում՝ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն օրինակ, ռուսական մամուլում հրապարակված իր հոդվածներով փորձում էր հիմնավորել, թե ինչու Հայաստանը չի կարող անդամակցել Մաքսային միությանը: Հիմա Հայաստանի կառավարության անդամը ակնարկում է, բավական թափանցիկ ու հստակ, որ Մաքսային միություն մտնելը Հայաստանի համար խոստանում է էժան գազ եւ ուրան, նաեւ տնտեսական այլ հետաքրքրություններ:
Հայաստանի կառավարությու՞նն է փոխել իր մոտեցումները, թե պարզապես ստացվում է, որ վարչապետը մի մոտեցման կողմնակից է, իսկ էներգետիկայի նախարարն, օրինակ՝ մեկ այլ: Վարչապետը փորձում է հիմնավորել Մաքսային միությանը չանդամակցելը, իսկ էներգետիկայի նախարարը՝ հակառակը:
Ամենայն հավանականությամբ, կառավարությունում խնդիրն իսկապես առկա է եւ բավական լայն ընդգրկումով: Պատահական չէր, որ օրինակ մի քանի օր առաջ Վերահսկիչ պալատի հաշվետվության վերաբերյալ իր քաղաքական հայտարարությունն անելիս, Տիգրան Սարգսյանը դիմեց նախարարներին եւ կոչ արեց չլռել, այլ պատասխանել կառավարության հասցեին գրոհներին: Այլ կերպ ասած, Տիգրան Սարգսյանը հարց դրեց նախարարների առաջ՝ դուք ինձ հետ եք, թե իմ դեմ: Այդ հարցն անկասկած ունի շատ ավելի լայն քաղաքական ենթատեքստ, քան զուտ ՎՊ հաշվետվությամբ պայմանավորված մեղադրանքները:
Վարչապետը փաստացի ակնարկեց, որ կառավարության մեջ կա միասնական մոտեցումների, միասնական կուրսի եւ դրա համար թիմային պատասխանատվության խնդիր: Էներգետիկայի նախարարի հարցազրույցն ու Մաքսային միության վերաբերյալ արտահայտած մտքերը այդ խնդրի առկայության ապացույցներից մեկն են:
Ընդ որում, էներգետիկայի նախարարին գուցե կարելի է համարել նույնիսկ շարիկային նախարար, բայց ամենեւին ոչ շարքային: Շարքային նախարարը Հայաստանի կառավարությունում 12 տարի չի մնում, այն էլ այնպիսի մի ոլորտում, ինչպիսին էներգետիկան է: Մովսիսյանն ամենաերկարակյաց նախարարն է Հայաստանի կառավարությունում, բոլոր ժամանակների ամենաերկարակյաց նախարարը: Հայաստանում դա իսկապես նշանակալի ցուցիչ է: Արմեն Մովսիսյանի նախարարության տարիներին են տեղի ունեցել Հայաստանի էներգետիկայի իրավա-քաղաքական նշանակալի անցուդարձերը, որոնց մի զգալի մասի վերաբերյալ հասարակությունն ունի բազմաթիվ կոռուպցիոն կասկածներ, մամուլը բարձրացրել է բազմաթիվ պատմություններ, եւ նախարար Մովսիսյանն այդ հարցերով առնվազն արժեքավոր վկա կարող է լինել, եթե ոչ ավելին:
Այդ իմաստով, գուցե ամենեւին պատահական չէ, որ հենց էներգետիկայի նախարարին է բաժին ընկնում Հայաստանի կառավարությունը կիսելու առաքելությունը: Իսկ գուցե այդ առաքելությունը կստանձներ միայն նա, ով ամենից շատ բան գիտե եւ ում մասին ամենից շատ բան գիտեն: 

 

Հակոբ Բադալյան