Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այս տարի հանգստանալու կգնա Վրաստան՝ Քոբուլեթի։ Այս մասին գրում է Tert.am-ը:

Հարցին, թե ինչու սեփական երկրի զբոսաշրջությունը չի զարգացնում և իր գումարները չի ծախսում հայաստանյան հանգստավայրերում, պատգամավորն ասաց. «Ո՞վ ա ասում չեմ գնում, գնում եմ Սևան, հետո գնում եմ Քոբուլեթի, էլի գալիս եմ Սևան, էլի գնում Քոբուլեթի»։

Հարցին, թե որտեղ է ավելի թանկ, պատգամավորը չկարողացավ պատասխանել. «Չգիտեմ, կճշտեմ, կասեմ»։ Սամվել Ալեքսանյանը հավաստիացրեց, որ պատգամավորի աշխատավարձը բավականացնում է իրեն լավ հանգստանալու համար։ «Հա հերիք ա, Քոբուլեթիի համար բավականացնում է»,- ասաց նա։

Իսկ հարցին, թե որքան գումար է ծախսում Քոբուլեթիում հանգստանու համար, ՀՀԿ–ական պատգամավորը վստահեցրեց, թե չի ծախսում և հանգստանում է ընկերների և «շատ երեխաներ ունենալու» հաշվին։

«Ես Քոբուլեթիում լավ ընկերներ ունեմ, իրանք են ծախսում, 7 երեխա ունեմ, ինձ անվճար է հասնում, առանց ոչ մի բանի»,- ասաց նա և խնդրեց դրանով եզրափակել հարցերը. «Միամիտ ապարանցի եմ, ի՞նչ եք ուզում»։

Ընդդիմադիր «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Tert.am-ի հարցին, թե կարողանո՞ւմ է գումարներ տնտեսել հանգստանալու համար, պատասխանեց. «Ո՛չ, իհարկե ոչ, դրա համար կամ Երևանում կմնամ, մեկ էլ գյուղ կգնամ, իմ ծննդավայր» (Թալինի շրջանի Ոսկեթաս գյուղ)։

ՀՅԴ պատգամավորը հանգստանալու համար մեծ գումարներ չի ծախսում։ «Չէ, դա շռայլություն է մեզ համար։ Գյուղում անվճար է ամեն ինչ, հայրական տունս եմ գնում, տնական մածուն, կաթ, պանիր, դե գրեթե չեմ ծախսում էլի, ամենօրյա ծախսերը, ինչպես դուք կծախսեիք»,- ասաց նա։

Հարցին, թե գյուղում կոնկրետ ինչ է անում, պատասխանեց. «Հանգստանում եմ, քնում եմ, արթնանում եմ, երեխեքի հետ հեծանիվ ենք քշում, նարդի եմ խաղում, թենիս եմ խաղում»,- ասաց նա։

Մեր դիտարկմանը, թե ունևորների հանգստանալու հնարավորություններից ու իրենց ունեցածից չի՞ նեղվում, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ամենևին ոչ, 1 մլրդ դոլար էլ ունենայի, միևնույն է ես իմ հանգիստը չէի փոխի այլ ճոխությունների հետ, իմաստ չկա, որովհետև դա իմ հոգու հարազատ հանգիստն է, դրա համար էլ հարուստ չեմ լինում էլի»,- կատակեց նա։

ՀՀԿ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի հանգիստը նույնպես չի տարբերվի ընդդիմադիր պատգամավորի հանգստից։ Նա էլ իր գործընկերոջ նման իր ծննդավայրում կանցկացնի, ծնողների հետ՝ Վանաձորում, սակայն ոչ թե նրա պատճառով, որ գումար չունի, այլ որովհետև այդպես է ուզում։

«Չէ, չէի ասի, նույնիսկ չեմ էլ մտածել այդ մասին, ուղղակի ինձ հաճելի է հայրական տանը, մանկական ընկերներիս հետ»,-ասաց նա։

Հարցին, թե, այդուհանդերձ, պատգամավորը կարող է իրեն թույլ տալ արտերկրում հանգստանալ, նշեց, որ այո, քանի որ, ըստ նրա, այսօր հանգստանալու տեղերի ընտրությունը, գները այնքան բազմազան են, որ յուրաքանչյուրն իր գրպանին համապատասխան տեղ կգտնի։

Հարցին, թե նման հնարավորություն ունենալ, բայց մշտապես նախընտրել Վանաձորը նրա երեխաներին չի հոգնեցնում, նշեց.«Չէ իրենց հայրիկը որտեղ լինի, իրանց համար հաճելի է»։

ՀՀԿ պատգամավորն ամեն դեպքում համաձայնում է, որ Հայաստանում հանգստյան տներն ավելի թանկ արժեն, քան օրինակ՝ Վրաստանում։ «Այո՛, համաձայն եմ, մենք գնային քաղաքականությանը պետք է հետևենք։ Եթե ուզում ենք Հայաստանում զբոսաշրջություն զարգացնել, ուրեմն պետք է գնային քաղաքականությունը վերանայենք, որովհետև այսօր ավելի կայացած սերվիս ունեցող երկրներում ավելի ցածր գներ են, քան մեզ մոտ, և դա գաղտնիք չէ։