Lragir.am-ի զրուցակիցն է քաղաքացիական ակտիվիստ, ծրագրավորող Արթուր Ղազարյանը
Արթուր, հանրությունը բուռն արձագանքեց վարչապետի և արքեպիսկոպոս Կճոյանի օֆշորային սկանդալին, Վերահսկիչ պալատի հաշվետվությանը, սակայն կարծես չի բարձրացվում նրա հրաժարականի պահանջը: Հնարավո՞ր է՝ այս բացահայտումները հանգեցնեն նրա հրաժարականին:
Անցյալ տարի՝ Վերահսկիչ պալատի նախագահի ելույթից հետո, փորձել եմ գումարել նրանց բոլոր բացահայտված խախտումների գումարը: Ստացվել է մի թիվ, որն ուղղակի հավասար էր Վերահսկիչ պալատի ծախսերի գումարին: Այսինքն՝ նրանք ընդամենը փորձում են ցույց տալ, որ բյուջեից սնվող վնասաբեր կառույց չեն: Այս տարի արդեն չեմ էլ կարդացել այդ պալատի հաշվետվությունը, քանի որ նոր բան չեմ սպասել այդ հաշվետվությունից:
Ինչ վերաբերում է վարչապետին: Իսկ ո՞վ պետք է պահանջի այդ հրաժարականը. ՀՀԿ-ն, որը դեռ չի կարողանում կողմնորոշվել Ռուսաստան-Արևմուտք հարցի շո՞ւրջ, ընդդիմությո՞ւնը, որն ուղղակի չկա, կուսակցություննե՞րը, որոնք լիովին վարկաբեկվել են իշխանությունների հետ իրենց խաղերով:
Վարչապետն այս կրիմինալ իշխանությունների խնդիրը լիովին լուծում է: Նրա օրոք բյուջեն կրկնապատկվել է և դեռ ավելին, և համապատասխանաբար ավելացել են օլիգարխիայի գրպանների ատկատները: Վարչապետը հարմար ֆիգուր է այսօր այս կոնֆիգուրացիայում: Մի կողմից, թվում է, թե նա եվրոպամետ է, քանի որ մի պահ սովորել է Արևմուտքում, թվում է, թե ռուսամետ է, քանի որ ավարտել է ռուսական դպրոց և սովորել Ռուսաստանում: Նա բացահայտ դեմ է արտահայտվում Մաքսային միությանը, ռուսական «Հայրենակիցներ» ծրագրին, մյուս կողմից, ԱՊՀ ղեկավարների հանդիպմանն արդեն չի մերժում Մաքսային միության գաղափարը: Հարցը նրանում է, որ իշխանությունների և մասնավորապես վարչապետի քայլերը իմպուլսիվ են և թելադրված պահի լրջությամբ: Մի թեթև լուր եկավ, որ Մոսկվան դատարան է հանձնել Նաիրիտի հետ կապված թղթերը, մյուս կողմից Արևմուտքը Կիպրոսում բացում է նրա օֆշորի գործարքը: Մեր իշխանությունը պատանդ է աշխարհի հզորների ձեռքին:
Արդյո՞ք այս ամենը 2017-2018 թթ. ընտրություններին նախապատրաստվելու քայլեր են և իշխանության մեջ լուրջ վերադասավորումների հնարավորություն:
Մինչև 2017-18 թթ. ընտրություններ, կարծում եմ, դեռ շատ բաներ են լինելու: Նրանք հիմա հաստատ դրան չեն պատրաստվում:
Արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն կլինի՞, թե կարծում եք՝ մինչև 2018 շատ իրադարձությունների թվում կլինի նաև իշխանափոխություն:
Արտաքին քաղաքական փոփոխությունը, որը բացահայտ հայտարարված է, Եվրասիական միության ստեղծման ժամկետն է' 2015 թվականի հունվարի սկիզբ: Մյուս ժամկետը նոյեմբերին Եվրոպայի հետ ասոցացման պայմանագրի նախանշված ստորագրումն է: Մեր «կոմպլեմենտար» քաղաքականությունն ուղղակի քամում է երկիրը: Այս քաղաքականությունը մեզ դարձրել է գործիք բոլոր կողմերի ձեռքում, և այսօր մեզ ոչ մի գործընկեր ուղղակի չի հավատում: Բոլորը կասկածում են, քանի որ խաղի մեջ ենք հակադիր ուժերի հետ' ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան, Իրան, Թուրքիա:
Վարչապետի փոփոխությունը եթե լինի, կարվի արդեն կողմնորոշման համատեքստում: Վերջին հինգ տարում արտագաղթել է 200.000-ից ավելի մարդ: Սա ահագնացող գործընթաց է, որն արդեն անիմաստ է դարձնում ամեն բան: Ո՞ւմ համար է երկիրը, եթե այնտեղ քաղաքացի չի ապրելու, ո՞ւմ համար են հենց այն ազատագրված տարածքները, որոնք մենք չենք բնակեցնում: Բայց ինչպես ասում են'սուրբ տեղը դատարկ չի լինում: Եթե մենք չլրացնենք այդ տեղը, այլ լրացնողներ միշտ էլ կգտնվեն: Եթե հայ գյուղացին չի կարող ոչխար պահել Սյունիքում, դա կանի պարսիկ գյուղացին: Եթե հայը չապրի Արցախի ազատագրված տարածքում, դա կանի ադրբեջանցին: Արտագաղթողը թուլացնում է պայքարը, սակայն մնացողների վրա պատասխանատվության բեռն էլ է ավելանում:
Իշխանությունն ապիկար է, կուսակցությունները՝ վարկաբեկված, ի՞նչ պետք է անեն մտածող քաղաքացիները, բացի արտագաղթի դիմելուց:
Քաղաքացիական հատվածն այսօր այն հույսն է, որը պետք է շունչ տա, վերակենդանացնի մեր երկիրը: Այնտեղ են չվարկաբեկված, կիրթ, անձնազոհ, լայն աշխարհահայացքով երիտասարդներ, որոնք պայքարում են ամեն խնդրի համար: Իսկ իրադարձություններն այնքան շատ են տեղի ունենում, որ արդեն չենք էլ հասցնում արձագանքել, քանի որ սրընթաց են զարգանում: Իմ կարծիքով՝ պետք է ձևավորվի Շարժում, նոր շարժում, պետք է քննարկվի մեր երկրի ճակատագիրը, այլևս սպասել չի կարելի: Վիճակը բոլորի համար պարզ է: Մինչև 2018 թ. անհնար է այսպես շարունակվի: ԱՄՆ դեսպանը վերջերս արդեն ուղիղ տեքստով է կառավարությանը ասում' «Մի կանգնեք մեր ճանապարհին ՏՏ ոլորտում: Մի խանգարեք զարգացմանը»:
Մյուս կողմից, հաճախ է շահարկվում այն տեսակետը, որ այս քաղաքացիական հատվածն էլ ուղղորդված է դառնում այս կամ այն քաղաքական գործչի կամ ուժի կողմից:
Այո, կա այդպիսի միտում: Մահացող կուսակցությունները փորձում են գալ և սեփականացնել փոքրիկ հաղթանակները, քաղաքացիական ակտիվիստներին ներգրավել իրենց կուսակցակաշինությանը, այլ կերպ ասած՝ կուսակցականացնել նրանց և ենթարկել իրենց խաղի կանոններին: Իսկ քաղաքացիական հանրության համար դեպքերն են կարևոր, հարցին լուծում տալը, այլ ոչ թե ՈՎ կամ Ում համար: Ընտրություններին էլ շատ ակտիվիստներ պայքարեցին տեղամասերում, բայց ապարդյուն: Կուսակցությունների համար քաղաքացիական հանրությունը միայն ռեսուրս է, որը կարելի է անվճար օգտագործել իրենց շահերի համար: Ո՞ւմ են հաճելի ինչ-որ չկառավարվող, չենթարկվող, մտածող, ընդհանուր տրամաբանությունից դուրս խմբեր… Դրա համար փորձում են անվանարկել, պիտակավորել, վախեցնել: Քաղաքացիական հանրության հարթակն այսօր ֆեյսբուքն է, որը չգիտեմ՝ լա՞վ է, թե՞ վատ: Միգուցե եթե չլիներ ֆեյսբուքը, դեպքերի զարգացումը այլ՝ ավելի ռադիկալ ընթացք ստանար:
Ինչո՞ւ քաղաքացիական հանրությունը չի միավորվում, այլ առանձին սելեկտիվ պայքարներ է իրականացնում, փոքր հաղթանակներ գրանցում, ամբիցանե՞րն են խանգարում:
Կոչը չի հնչեցվել: Մի քանի ամիս առաջ մարդիկ միավորվել էին: Հիշենք «Բարև» կոչվող հեղափոխությունը: Անգամ ապրիլի 9-ին 4-րդ հանրապետության ուխտ հռչակվեց: Մարդիկ երդվեցին: Ես էլ էի այդ շարժման ոգեշնչվածներից: Ավա՜ղ… Մարդիկ միշտ պատրաստ են ոտքի կանգնելու: Հիշեք՝ այդ օրերին շատ խմբերի ներկայացուցիչներ եկան, հարթակից խոսեցին, մասնակցեցին ակցիաներին, երթերին, միտինգներին: Մարդիկ, քաղաքացիական ակտիվիստները միավորման խնդիր չունեին: Ազատության հրապարակում տեսնում էինք համարյա բոլոր կուսակցությունների, խմբերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, Նախախորհրդարանի անդամներին, քաղաքացիական ներկայացուցիչներին ևս: Սակայն արդեն մի քանի օրից այդ շարժումը կուսակցականացվեց, նրա ղեկավարությունը չդարձավ ժողովրդական, եթե այն կար իհարկե: Քաղաքացիական ակտվիստներին հրապարակում փորձեցին սադրիչներ անվանել, արդեն ապրիլի 10-ի նախօրեին ոստիկանության բաժինները լցված երիտասարդների մասին Ժառանգության ներկայացուցիչները հայտարարեցին, որ նրանք իրենց հետ կապ չունեն: Ցավալի էր նաև նրանց պահվածքը ավագանու ընտրությունից առաջ և հետո: Ինչևէ: Սա լավ դաս էր, որ հաջորդ անգամ թույլ չտրվի սեփականացնել շարժումը, թաքուն որոշումներ կայացնել: Այս փուլը շատ պետք էր մեզ: Այն ավելի է մոտեցնում մեզ հաղթանակին: Ի վերջո, ովքե՞ր են քաղաքացիական ակտիվիստները կամ հանրությունը… Ժողովուրդն է:
Կգա մի պահ, երբ այդ կոչի հնչյունի տակ այս բոլոր շարժումները և հոսքերը կդառնան մի մեծ, ահռելի ալիք:

Սիրանույշ Պապյան