Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը կասկածի տակ է դնում ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության' մարզերում կատավարության հատկացրած մատչելի դիզվառելիքի բաշխման գործընթացում կատարած բացահայտումները:
«Մեր մարզում չարաշահումներ չեն եղել»,- Lragir.am-ի այն հարցին, թե տեղյակ եղե՞լ է իր ղեկավարած մարզում կատարված չարաշահումների մասին, պատասխանեց Կովալենկո Շահգալդյանը:
Հիշեցնենք, որ ֆինանսների նախարարությունը ստուգումների արդյունքում խոշոր չարաշահումներ է բացահայտել մատչելի դիզվառելիքի բաշխման գործընթացքում: Հատուկ քննչական ծառայությունում Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզպետարանների պաշտոնատար անձանց կողմից կատարված յուրացման, պաշտոնեական կեղծիքի և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերի առթիվ հունիսի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 4-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է չորս քրեական գործ' կապված հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ և ազոտական պարարտանյութ տրամադրելու ծրագրի հետ:
«Լսեք, հիմի ձեզ ինչ խորհուրդ եմ տալիս' էդ հարցով դիմեք ուսումնասիրությունն իրականացրած մարմնին, թող նրանք ձեզ պարզաբանումներ տան, կամ էլ պիտի սպասեք հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվի, էն ժամանակ ձեզ ամեն ինչ պարզ կլինի»,- խորհուրդ տվեց Կոտայքի մարզպետը:
Նա նշեց, որ տեղյալ չի եղել չարաշահումների մասին և խուսափեց պատասխանել այլ հարցերի:
«Շատ չելա՞վ հարցերը, ես որ մի բան ասում եմ, ուրեմն ավարտի: Ես ասեցի այն, ինչ պիտի պատասխանեի»,- դիզվառելիքի չարաշահման հարցերից նյարդայնացած ասաց Շահգալդյանը: