Այսօր ՀՀ ԱԻ նախարարություն էր այցելել Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան անվտանգության հարցերով կցորդ Ստեֆան Ռոպերսը:

Այցելության հիմնական նպատակն էր քննարկել համագործակցության 2014թ. հիմնական ուղղությունները։

- Բազմիցս եղել եմ Հայաստանում և կարծում եմ, որ ավելի հաճախ պիտի հանդիպենք, որպեսզի ԱԻ և Ֆրանսիայի ՆԳ նախարարությունների փոխգործակցությունն ավելի սերտանա,- ասաց պարոն Ռոպերսը,- մենք նախատեսել ենք այս տարվա նոյեմբերին ԱԻ նախարար Ա. Երիցյանին հրավիրել Ֆրանսիա' ներկա գտնվելու քաղաքացիական պաշտպանության և ներքին անվտանգության նորագույն տեխնոլոգիաների թեմայով սալոնին, որը կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ։

ՀՀ ԱԻՆ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Մ. Գևորգյանի և ՓԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Ն. Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում անվտանգության հարցերով կցորդ Ս. Ռոպերսը նշեց, որ կանի ամեն հնարավորը երկկողմանի համագործակցությունն ավելի ընդլայնելու համար։ Մասնավորապես' հաջորդ տարի, «Թայեքսի» գրասենյակի օժանդակությամբ, կկազմակերպվեն բազմաթիվ սեմինարներ, վերապատրաստման դասընթացներ արտակարգ իրավիճակների (հիմնականում' սեյսմիկ և միջուկային ռիսկերի հետ կապված) տարբեր մասնագետների համար։

Իսկ մինչ այդ ԱԻ նախարարությունը պետք է պատրաստի մանրամասն ծրագրի նախագիծ, որը կներկայացվի Ֆրանսիայի ՆԳ նախարարին' վերջնական հաստատման համար։