Tert.am-ը տեղեկացնում է, որ Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն անսպասելի չի համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «ցանկացած պահի, ցանկացած ճանապարհով երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու և Ղարաբաղում դարձյալ ադրբեջանական դրոշ ծածանելու» մասին այսօր հնչեցրած հայտարարությունը և կարծում, որ, ամեն դեպքում, մինչև նախագահական ընտրությունները Ադրբեջանը նման արկածախնդրության չի դիմի:

«Նման հայտարարությունները սպասելի են՝ հաշվի առնելով առաջիկայում սպասվող նախագահական ընտրությունները, և որքան մոտենան այդ ընտրությունները, այնքան հայտարարություններում շեշտադրումներն ավելի ընդգծված են լինելու, թե իրենք ամեն ինչ անելու են՝ վերականգնելու իրենց տարածքային ամբողջականությունը և այլն, և այլն»,- ասաց Կորյուն Նահապետյանը՝ հավելելով, որ չի կարծում, թե դրանից պետք է խուճապի մատնվել կամ շատ մեծ անհանգստություն ապրել, որովհետև հասկանալի է, որ այդ հայտարարությունները, նախևառաջ, ուղղված են ներքին սպառման համար, և ադրբեջանական իշխանությունները դրանով քայլեր են անում, որպեսզի ընտրությունների ժամանակ հավելյալ ձայներ հավաքեն:

Այս ամենը հաշվի առնելով՝ պատգամավորն, այնուամենայնիվ, կարծում է, որ մենք չպետք է զգոնությունը թուլացնենք, համարժեք գործողություններ չձեռնարկենք, մեր անվտանգության համակարգը չամրապնդենք և, անկախ այդ հայտարարություններից ու շեշտադրումներից, միևնույն է, այս ուղղությամբ նպատակասլաց աշխատանքներ են տարվում:

Հարցադրմանը՝ նման շեշտադրումների ընդգծման մեջ որոշակի դեր ունեցա՞վ արդյոք Ռուսաստանի Դաշնությունից մեծ քանակությամբ զինամթերքի գնման վերջին գործարքը, Նահապետյանն արձագանքեց, թե դա ևս ներքին սպառման համար է՝ դարձյալ առաջիկա ընտրությունների համատեքստում, և Ադրբեջանի իշխանությունը կօգտագործի նաև այդ հանգամանքը, որ Ռուսաստանից ձեռք է բերել մեծ քանակությամբ զենք-զինամթերք՝ ցույց տալով, թե իրենք ամեն ինչ անում են՝ հետ բերելու համար (իրենց պատկերացմամբ), «ադրբեջանական» կորսված տարածքները:

Ինչ վերաբերում է խոսքից գործի անցնելու հավանականությանը, պատգամավորն ասաց. «Իրատեսորեն գնահատելով ստեղծված իրավիճակը՝ ես ունեմ վստահություն, որ դա լինելու է ընդամենը խոսքի մակարդակով: Ես չեմ կարծում, որ մինչև նախագահական ընտրությունները նրանք նման արկածախնդրության դիմեն: Գնահատելով ներկա իրողությունները, միջազգային մեր գործընկերների, գերտերությունների մոտեցումները, վերջին հայտարարությունները, որոնք Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների կողմից արվեցին՝ այդ ամբողջական վերլուծության հիման վրա կարող եմ ասել, որ Ադրբեջանն ուղղակի նման քայլի չի դիմի»:

Հարցին՝ իսկ հնարավոր չէ՞, որ համանախագահների համբերությունը սպառված լինի, վերջին գործարքը է՛լ ավելի մեծ եռանդ հաղորդի մեր հարևանների ռազմատենչությանը և նրանք գոտեպնդված գերտերությունների ինչ-որ մի պահի դրսևորված «հոգնությունից» ու թողտվությունից՝ խոսքից անցնեն գործի, որին հաջորդի հակաքայլը, ինչն էլ հիմք կդառնա հակամարտության վերջնական լուծմանը, հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Իհարկե, ոչինչ բացառել չի կարելի, բայց այդ վերլուծությունը այս փուլում ես իրատեսական չեմ համարում: Բոլոր դեպքերում, կարծում եմ, բանակցային գործընթացը ինչ-որ մի փուլում լինելու է ավելի հաջողված և առավել շոշափելի արդյունքներ տեսանելի են լինելու մեր հասարակությունների համար: Ինչպես Հայաստանի Հանրապետությունը, այնպես էլ միջազգային հանրությունը շատ հստակ է արտահայտվել, որ միայն խաղաղ, բանակցային ճանապարհով է հնարավոր հակամարտության կարգավորումը և բոլոր կողմերը՝ այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ, քննարկեն առանցքային բոլոր խնդիրները, որոնց արդյունքում մենք վերջնականապես կունենանք հարցի լուծում: Մեր ժողովրդի, մեր պետության ցանկությունն է՝ ունենալ խաղաղություն այս տարածաշրջանում, որովհետև մենք շատ լավ հասկանում ենք, որ մեր ժողովրդի և մեր պետության զարգացումը պայմանավորված է այն հանգամանքով, թե ինչպիսի տարածաշրջանում է գտնվում. եթե հաստատվում է հարատև խաղաղություն, դա զարգացման շատ կարևոր նախադրյալ կարող է լինել»:

Նահապետյանը միջազգային գերտերությունների գործողությունների առումով ես որևէ փոփոխություն չի տեսնում, որ նրանք հակված լինեն հարցի՝ ռազմական ճանապարհով լուծմանը: «Դա չի բխում իրենց շահերից. ևս մեկ ռազմական օջախ՝ ռազմական գործողություններով՝ հղի անկանխատեսելի հետևանքներով ոչ միայն այս տարածաշրջանում զարգացումների առումով, ինչը կարող է ավելի մեծ ընդգրկում ունեցող խնդիրներ հարուցել միջազգային հանրության համար՝ հաշվի առնելով առկա հակամարտությունները, որոնք կան այլ տարածաշրջաններում»:

ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյանը հավաստիացրեց, որ մենք ամբողջապես պատրաստ ենք դիմակայելու հարձակումը, որ կարող է լինել մեր պետության հանդեպ՝ շեշտելով, այն հանգամանքը, որ զինված ուժերի մարտունակության գնահատման հարցում, իհարկե, սպառազինումը շատ կարևոր է, բայց առավել կարևոր է մարտական ոգին, որը մեր զինված ուժերի պարագայում անհամեմատ ավելի բարձր է, քան հակամարտող մյուս կողմում:

«Մեր զինված ուժերի մարտունակությունը, մեր զինված ուժերի կառավարումը անհամեմատ ավելի բարձր է, քան հարևան պետության պարագայում: Եվ դա ոչ միայն մեր ներքին դիտարկումների արդյունքն է, այլ նաև մի շարք միջազգային հեղինակավոր փորձագիտական կազմակերպություններ նույնպես նման գնահատականներ են տվել»,- հայտնեց Նահապետյանը: