ԳԱԼԱ. Դեռահասության շրջանում տղաները իրենց տղամարդ զգալու համար հաճախ փորձում են նմանվել հանցագործ աշխարհի ներկայացուցիչներին, իսկ այդ մարդկանց մեջ բավականին շատ են թմրամոլները:Այսօր թմրամոլության դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը և հավելեց, որ թմրամոլների 80-ից 90 %-ը դարձել է այդպիսին դեռահասության փորձի արդյունքում:

Հոգեբանը նշում է, որ սկզբնական շրջանում դեռահասը թմրանյութ փորձում է հետաքրքրությունից դրդված: Հաճախ շատերը օգտագործում են, այսպես կոչված, «պլան», որը համարում են անվնաս: Սակայն, ըստ հոգեբանի, չի կարող «պլանը» լինել անվնաս և բացառված չէ, որ այն փորձելուց հետո մարդու մեջ հետաքրքրություն առաջանա ավելի ուժեղ թմրամիջոցներ փորձելու:

Հոգեբանը նշում է թմրամոլ դառնալու այլ պատճառներ ևս: Դրանցից մեկը սթրեսն է, երբ մարդը իր ունեցած խնդիրների դեմ պայքարում է հարբեցողության և թմրամոլության միջոցով:

Պատճառներից մեկն էլ մարդու պատկերացումների և իրականության անհամապատասխանությունն է, երբ մարդը երևակայում է ունենալ ավելին, քան հնարավոր է:

Խուդոյանը նշում է, որ հասարակության վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ խիստ բացասական է, ուղղակի քանի որ թմրամոլությունը Հայաստանում այն աստիճանի տարածված չէ, որքան մի շարք այլ երկրներում, ուստի այդ վերաբերմունքը լուրջ քննարկումների առիթ չի դառնում:

Ըստ հոգեբանի' թմրամոլության դեմ պայքարի ճանապարհին կարևոր է մարդու անհատականությունը, տարիքը:

Օրինակ' եթե մարդը ավելու ուշ տարիքում է սկսում օգտագործել թմրանյութ, ապա նրա համար ավելի հեշտ կլինի պայքարել դրա դեմ, քանի որ նա ավելի կայուն է: Հոգեբանը նշում է, որ եթե մարդը լիարժեքորեն բուժվում է թմրանյութերի նկատմամբ ունեցած կախվածությունից, ապա շատ հավանական է, որ նրա վրա ազդած լինեն որոշակի հոգեբանական գործոններ, նա տարված լինի ինչ-որ հոգևոր ուսմունքով:

Խուդոյանը գիտի նաև որոշ թմրամոլների, ովքեր հիվանդացել են հեպատիտ C-ով, և նրանց մեջ այնքան շատ է եղել կյանքի նկատմամբ սերն ու մահվան նկատմամբ վախը, որ ինքնուրույն' առանց դեղորայքային կամ այլ միջամտության, ազատվել են թմրամոլությունից:

Հոգեբանը զգուշացնում է, որ անկախ նրանից, թե ինչ տիպի թմրանյութ ես օգտագործում և որքան, այն տանում է դեպի մահ:

Արաքս Մամուլյան