Ոստիկանների կողմից շորթմամբ առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու գործով հուլիսի 11-ի նիստում մեղադրական ճառով հանդես կգա մեղադրող Վահագն Մուրադյանը:
Իսկ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօրվա դատական նիստում հայտարարվեց գործի դատաքննության ավարտի մասին:

Մինչ այդ դատարանում պաշտպանական կողմի միջնորդությամբ հարցաքննվեց լրացուցիչ վկա, նախկին ոստիկան Վահագն Հակոբյանը, ով ըստ էության պաշտպանության վարկածը հիմնավորող ցուցմունքներ: Նա հաստատեց, որ գործով ամբաստանյալ, ՀՀ Ոստիկանության Երևանի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի ավագ օպերլիազոր Էդուարդ Զաքարյանը գերեզմանաքարերի իր ընկերոջ արտադրամասում իր հոր գերեզմանաքարն էր պատվիրել և պարտք մնացել նրան 2500 դոլար: Ինքն այդ հարցով հեռախոսազրույցներ է ունեցել Է.Զաքարյանին, ինչպես նաև նրա անմիջական ղեկավար, ամբաստանյալ Վաղինակ Վարդանյանի հետ: Ի վերջո իր ընկերը փոխզիջում է առաջարկել՝ 1000 դոլարը չի պահանջի, եթե մոտ օրերս մնացած 1500 դոլարը Է.Զաքարյանը միանվագ վճարի:

Է.Զաքարյանն իր դատաքննական ցուցմունքում հայտնել էր, որ միջնորդի միջոցով թմրանյութ օգտագործելու կասկածանքով 2012թ. դեկտեմբերի 12-ին ատամնաբուժարանից ՀՀ Ոստիկանության Երևանի վարչություն բերման ենթարկված, տուժող Դավիթ Եդիգարյանին խոստացել է թմրանյութերից «մաքուր» փորձագիտական եզրակացություն՝ գումարի դիմաց: Իր կողմից նշվել են գումարի վերացական չափեր, ի վերջո 3000 դոլարից իջել է 2000-ի, ապա նաև 400 հազար դրամի: Ըստ Է. Զաքարյանի՝ ինքը «կեղտոտ» եզրակացությունը «մաքուրի» փոխելու որևէ լծակ ու լիազորություն չի ունեցել, եթե «մաքուր» տվյալներ «չստացվեին», ինքը վերադարձնելու էր գումարը՝ ասելով, որ «ոչ մի բան չստացվեց»:

Իր պայմանավորվածությունների մասին, ըստ ամբաստանյալի, գործընկերները տեղյակ չեն եղել: Է.Զաքարյանը հայտարարել էր նաև, որ գումարի առաջարկի համար ինքը անձնական պատճառներ ուներ. ինքը ֆինանսական խնդիրներ ուներ՝ իր հոր գերեզմանը բարեկարգելու հետ կապված, Վահագնը (այսօրվա լրացուցիչ վկան) իրենից պահանջում էր 2500 դոլար պարտքը: Իսկ իր անմիջական ղեկավար Վաղինակ Վարդանյանի հետ իր հեռախոսազրույցում, ըստ ամբաստանյալի, խոսքը գնացել է ոչ թե կաշառքի, այլ պարտքի գումարի մասին, իսկ «4 հատ» և այլ կրճատ արտահայտություններ իրենց համար սովորական երևույթ է, իրենք սովոր են խոսել կոդերով, անգամ գործակալներին «շոկոլադ» են ասում:

Անմիջական ղեկավարը՝ ՀՀ Ոստիկանության Երևանի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի պետ, ամբաստանյալ Վաղինակ Վարդանյանը, նույնպես տվել էր ասվածին համահունչ ցուցմունքներ: Նա հայտնել էր, որ Ա.Զաքարյանի պարտքի հարցով իրեն զանգահարել է վերոհիշյալ Վահագն Հակոբյանը, ով նախկինում ոստիկանության համակարգում է ծառայել և բողոքել իր ենթակա ավագ օպերլիազոր Է.Զաքարյանից, ով չէր վճարում պարտքը և չէր պատասխանում իր հեռախոսազանգերին: Ինքն իր հերթին պահանջել է ենթակայից կարգավորել անձնական հարցերը և խնդիրներ չստեղծել: Ըստ ղեկավարի՝ նա տեղյակ էր, որ արագ վճարելու դեպքում Վահագնը համաձայնել էր, որ իրեն վճարվի 1500 դոլար՝ 2500-ի փոխարեն, և իր հետ հեռախոսազրույցում խոսքը բացառապես գնացել է պարտքի գումարի մասին:

Վ.Վարդանյանն իր հերթին իր դատաքննական ցուցմունքում հայտարարել էր, որ չի ընդունում մեղադրանքը և որ «ոչ մի գումարային հարցում նախնական պայմանավորվածություն» չի ունեցել: Վ.Վարդանյանի ցուցմունքի ավարտից հետո մեղադրող Վահագն Մուրադյանը հետաքրքրվել էր՝ «Վահագնի էպոսն ո՞վ է գրել»: Այսօր էլ, ի դեպ, մեղադրողն անդրդվելի էր, նա հրաժարվեց վկային հարցաքննել, քանի որ վկան որևէ կապ չունի գործի հետ:

Հեղինակ:
‹‹Փաստինֆո»