Հուլիսի 1-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ, կսկսվի Արամուս գյուղի Վլադիկ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի 2011-2012 թթ. ուսումնական տարվա ընթացքում 12-րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Արշակյանի մահվան գործով դատավարությունը: Ամբաստանյալները երեքն են՝ «Աբովյանի ԲԿ» ՓԲ ընկերության վիրաբույժ Վահագն Կիրակոսյանը, նույն բժշկական կենտրոնի թերապևտիկ բաժանմունքի օրդինատոր Նարինե Ամիրխանյանը և հիվանդանոցային ծառայության վերակենդանացման բաժնի հերթապահ բժիշկ անեսթեզրոլոգ-ռեամատոլոգ Աշխարհաբեկ Մեհրաբյանը: Բոլոր երեք բժիշկները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով' բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը։

Ըստ մեղադրանքի՝ բժիշկներն, ունենալով բարձրագույն բժշկական կրթություն, հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, իրենց մասնագիտական պարտականությունները կատարել են ոչ պատշաճ, դրանց նկատմամբ դրսևորել են անփույթ վերաբերմունք, որը 2012 թվականի մայիսի 20-ին Ժամը 22:00-ի սահմաններում անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդ Մարիամ Արշակյանի մահը:

Սկզբնապես ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործով հիշյալ հոդվածով մեղադրանք էր առաջադրվել նաև «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկ-վնասվածքաբան Երեմ Շմավոնյանին, սակայն նրա մասով մեղադրանքը նախաքննության ընթացքում հերքվել է և նախաքննական մարմնի կողմից 2013թ. մայիսի 22-ին որոշում է կայացվել նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու մասին' բժշկի արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Բժիշկ Երեմ Շմավոնյանի պաշտպան Երեմ Սարգսյանը «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց, որ բժիշկներին առաջադրված մեղադրանքի հիմքում ի սկզբանե դրված է եղել հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն' Մարիամ Արշակյանի մահը վրա է հասել ճարպային էմբոլիայից' ձախ ազդրի միջին երրորդականի փակ կոտրվածքի հետևանքով:

Փորձագիտական հանձնաժողովը հանգել էր այն եզրակացության, որ Մարիամ Արշակյանին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող վերը նշված բժիշկները բուժման ընթացքում թույլ են տվել մի շարք բժշկական սխալներ, որոնց պատճառով էլ ժամանակին չեն կարողացել կանխատեսել Մ.Արշակյանի մոտ առաջացած ճարպային էմբոլիան, հետևաբար նաև համապատասխան բուժում չեն իրականացրել, որի արդյունքում էլ հիվանդը մահացել է:

Ըստ պաշտպանի' փորձագետների կողմից տրված այդ եզրակացությունը զուրկ է եղել որևէ պատճառաբանությունից և գիտական հիմնավորումից, դրանում ներառված են եղել ընդամենը դատաբժշկական բնագավառի այդ մասնագետ-փորձագետների սուբյեկտիվ կարծիքներն ու դատողությունները: «Փորձագետները նշել էին այն ենթադրյալ սխալները, որոնք բժիշկներն, ըստ իրենց, թույլ էին տվել, այն ենթադրյալ բժշկական միջոցառումները, որոնք կատարելու դեպքում հնարավոր է, որ ժամանակին ախտորոշեին ճարպային էմբոլիան, ապա նաև բուժեին այն: Սակայն իրենց հետևությունները կատարելիս փորձագետները հղում չէին կատարել այն նորմատիվ-իրավական փաստաթղթերին, որոնք սահմանում են բժշիկների պարտականությունները եզրակացությունում նշված' չկատարված ախտորոշիչ և բուժական հետազոտությունները և գործողությունները կատարելու մասով, ինչի պատճառով էլ անհասկանալի է եղել, թե նշված հետևություններին հանգելու համար փորձագետներն ի՞նչ մեթոդիկա են կիրառել: Եթե նրանք որպես ուղեցույց են ընդունած եղել համապատասխան միջազգային փորձը, ապա այդ դեպքում էլ հղում չէին կատարել նաև որևէ մասնագիտական գրականության վրա»,- ասաց պաշտպանը:

Հենց նշված պատճառաբանություններով էլ Ե.Սարգսյանը նախաքննական մարմնին միջնորդություն է ներկայացրել կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին, որում հղում կատարելով ճարպային էմբոլիայի վերաբերյալ միջազգային ճանաչված մասնագետների հեղինակած մասնագիտական կոնկրետ գրականությանը, դրանցում նշված հիմնավորումներով, ինպես նաև հիվանդության պատմագրում առկա տվյալներով հերքել է փորձագետների հանձնաժողովի կողմից իր պաշտպանյալին վերագրված բժշկական սխալները և բացթողումները:

Ներկայացված միջնորդությունը նախաքննական մարմնի կողմից բավարարվել է և նշանակվել կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն: Նոր հանձնաժողովն իր կողմից տրված նոր եզրակացությամբ հիմնավոր է համարել պաշտպանության կողմի ներկայացրած պատճառաբանությունները և գտել է, որ կոնկրետ բժիշկ Ե.Շմավոնյանի կողմից հիվանդին ցուցաբերվել է անհրաժեշտ և բավարար ծավալով բժշկական օգնություն, նրա կողմից բժշկական սխալ թույլ չի տրվել և, հետևաբար, հիվանդի մահը բժիշկ Ե.Շմավոնյանի կողմից իրականացված սխալ գործողությունների կամ դրսևորած անգործության հետևանք չի հանդիսանում:

Ավելին՝ http://www.pastinfo.am/hy/node/17652#sthash.7UCfC8nD.dpuf