Հունիսի 29-ից կմեկնարկի «Տուր դը Ֆրանս» (Le Tour de la France) հեծանվավազքը: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:

Դեսպանը տեղեկացրեց, որ այս տարի մրցարշավին կմասնակցի 22 թիմ, որոնք կներկայացնեն 25 ազգություն: Այս տարի մրցաշարը տարբերվում է նրանով, որ առաջին անգամ հաղթողին դեղին շապիկը կտա հենց հանրապետության նախագահը:

«Տուր դը Ֆրանս»-ն այս տարի առավել մեծ ուշադրության է արժանացել, կլինի մոտ 6 միլիոն հանդիսատես, 3,5 միլիարդ հեռուստադիտող, 190 երկրում այն կհեռարձակվի հեռուստատեսությամբ, քանի որ մարզական բացառիկ միջոցառում է:

«Այս հեծանվարշավն իր ետևում մեծ պատմություն ունի, այն սկիզբ է առել 1903-ին: Բյուջեն կազմում է մոտավորապես 100 մլն եվրո: Սա մեր մարզական կյանքում չտեսնված իրադարձություն է և իր վարկանիշով կարող է զիջել միայն ֆուտբոլի համաշխարհային առաջնություններին»,- ասում է դեսպանը:

Վերջինիս խոսքով՝ շատ լավ կլինի, եթե Հայաստանն էլ ինչ-որ կերպ իր մասնակցությունը ունենա «Տուր դը Ֆրանս»-ին: «Կցանկանայի՝ Հայաստանը հետագայում ևս ներգրավվի այս մրցաշարին: Շատ գեղեցիկ վայրեր կան Հայաստանում, որտեղով որ կարող են անցնել մասնակիցները, օրինակ՝ Սելիմի լեռնանցքը, Տաթևի վանական համալիրը: Շատ կարևոր է գեղեցիկ բնությունը, քանի որ հեռուստադիտողը մրցաշարի ընթացքում մեծ ուշադրությամբ է նայում հատկապես բնությանը»,-ասաց դեսպանը և հիշեց, որ մրցավազքին հայկական ծագում ունեցող մասնակիցներ ևս եղել են: