Վերջերս ՌԴ-ն Ադրբեջանին շուրջ մեկ միլիարդ դոլարի ցամաքային սպառազինություն է մատակարարել: Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը զինտեխնիկա է մատակարարում Ադրբեջանին:

Մեր թղթակիցն այսօր Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին խնդրեց մեկնաբանել և վերաբերմունք արտահայտել այս գործարքի վերաբերյալ: Դեսպանը, հարցը լսելով, միանգամից ասաց. «Je ne commente pas» (Չեմ մեկնաբանում):

Մեկնաբանելով Ադրբեջանում ռազմական շքերթի ժամանակ Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարությունները՝ հիշեցնենք, որ Ալիևը հայտարարել էր. «Ավարտվել է պատերազմի առաջին փուլը, եւ մեր բանակը յուրաքանչյուր րոպեին պետք է պատրաստ լինի ցանկացած ճանապարհով վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը: Ուժեղ Ադրբեջանը կարող է խոսել թույլ Հայաստանի հետ ցանկացած լեզվով: Ուղղակի տարածաշրջանում կայունության պահպանման համար մենք առայժմ նախապատվությունը տալիս ենք բանակցություններին»։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն ասաց. «Կարծում եմ՝ Ադրբեջանը պետք է առաջնորդվի Մեծ ութնյակի գագաթաժողովի շրջանակներում Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների կողմից արված հայտարարություններով, և այդ հայտարարությունները պետք է հիմք լինեն թե՛ ներկա, թե՛ ապագա բանակցային գործընթացի համար»:

Չնայած այն հանգամանքին, որ լրագրողներն ամեն կերպ փորձում էին դեսպանից Ֆրանսիայի հստակ վերաբերմունքը լսել Ալիևի հայտարարությունների վերաբերյալ, բայց այդպես էլ դեսպանը ոչ մի խոսք չասաց և չկոնկրետացրեց իր տեսակետը:

 Նելլի Ավետիսյան