Lragir.am. Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը միակ հայ պաշտոնյան է, ով մտահոգություն է հայտնել Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենք վաճառելու կապակցությամբ: Պաշտոնական հայտարարությամբ ուրիշ ոչ ոք, նույնիսկ խորհրդարանական խմբակցությունները հանդես չեն եկել:
Շավարշ Քոչարյանը դարձել է հայկական դիվանագիտության գլխավոր խոսնակը, ով փորձում է արդարացնել քաղաքականության անվճռականությունը: Ինչ-որ մեկը կամ նախագահի վարչակազմում, կամ էլ ԱԳՆ-ում հորինել է «եւ-եւ» քաղտեխնոլոգիան՝ ներկայացնելով դա որպես հայկական նոու-հաու: Դժվար չէ գուշակել, թե դրա տակ ինչ է թաքնված, սակայն խեղճ Շավարշ Քոչարյանը ստիպված է բացատրել անբացատրելին:
Նա հայտարարում է, որ միություններ մտնելու մակարդակում Հայաստանը չի ցանկանում մտնել ոչ Եվրամիություն, ոչ էլ Մաքսային միություն, սակայն տնտեսական համագործակցության մակարդակում մտադիր է համագործակցել թե մեկի, թե մյուսի հետ: ԱՊՀ հետ Տիգրան Սարգսյանը դեռ մեկուկես տարի առաջ է ստորագրել ազատ առեւտրի համաձայնագիրը, իսկ նոյեմբերին նույնը պատրաստվում ենք անել ԵՄ հետ:
Շավարշ Քոչարյանը պարկեշտ, հայրենասեր մարդ եւ համոզիչ հռետոր է: Սակայն նույնիսկ նրան՝ որպես հայկական դիվանագիտության խղճի, չի հաջողվում նորմալ բացատրել՝ արդյոք արդեն որոշում ընդունվել է նոյեմբերին ԵՄ հետ համաձայնագիր ստորագրելու մասին, թե այն կարող է տորպեդահարվել:
Մոլդովան երեկ հայտարարել է, որ ավարտել է ԵՄ հետ բանակցությունները: Ուկրաինայի վարչապետը կոչ է արել խորհրդարանն արգելափակող ընդդիմությանը վերադառնալ, որպեսզի վերջին օրենքներն ընդունեն Ասոցիացիայի համաձայնագրի համար: Վրաստանի վարչապետը նույնպես հայտարարել է, որ իր ժողովուրդը հանրաքվեով որոշել է, որ Վրաստանի ճանապարհը ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն է:
Առայժմ միայն Հայաստանն է ասում «եւ-եւ»՝ չբացատրելով, թե ինչպես է պատրաստվում իրականացնել իր քաղտեխնոլոգիական նոու-հաուն:
ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի մեջ սկզբում 6 երկրներ են ընդգրկվել՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա եւ Բելառուս: Բոլոր նախագծերը սինխրոն են իրականացվել: Սակայն շուտով պարզվել է, որ Բելառուսն ու Ադրբեջանը չեն ցանկանում մասնակցել նախագծին: Ընդ որում, Ադրբեջանի դեպքում դա ակնհայտորեն կապված է ղարաբաղյան խնդրի հարցում Բաքվի անհաշտ դիրքորոշման հետ:
Մնացել են 4-ը, եւ եթե նրանցից մեկը տրվի Մոսկվայի ճնշմանը եւ հրաժարվի ԵՄ հետ ասոցիացիայի ստորագրումից, սպառնալիքի տակ կարող է հայտնվել ողջ նախագիծը: Սերժ Սարգսյաննն արդեն ակնարկել է այն հանգամանքի մասին, որը կարող է Հայաստանի հրաժարվելու պատճառ դառնալ: Նա ասել է, որ դառնալով Եվրամիության Մաքսային միության անդամ, Հայաստանը միեւնույն է դրա հետ սահման չի ունենալու, որովհետեւ նույն Մաքսային միության անդամ Թուրքիան փակ է պահում սահմանները:
Հատկանշական է, որ հենց ընդհանուր սահմանի բացակայությունն է Ռուսաստանի առաջարկած Մաքսային միություն չմտնելու Հայաստանի գլխավոր փաստարկը: Փաստորեն, Սերժ Սարգսյանն ակնարկում է, որ Ռուսաստանի հետ մաքսային միության մեջ չմտնելով եւ Թուրքիայի հետ փակ սահմանների պայմաններում ԵՄ հետ համաձայանգիր ստորագրելով՝ Հայաստանը ճզմված վիճակում կհայտնվի երկու միությունների միջեւ:  

Նաիրա Հայրումյան