N-idea.am. Ռուսաստանում գործող Ազգային միաբանություն կուսակցության նախագահ Սոյուն Սադիկովին ստիպում են խոսել Ռուսաստանի հատուկ ծառայությունները, որոնց նա հավատարմորեն ծառայել է երկար տարիներ։ Նման ձևով են ռուսաստանյան հատուկ ծառայությունները փորձում Ադրբեջանը ներգրավել Եվրասիական միության մեջ։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Միլի մեջլիսի (խորհրդարանի- Ա.Բ.) պատգամավոր, Ադրբեջանի Դեմոկրատական բարեփոխումներ կուսակցության նախագահ Ասիմ Մոլլազադեն՝ մեկնաբանելով Սոյուն Սադիկովի մեղադրանքները (իմա՝ քննադատությունը) Ադրբեջանի իշխանությունների հասցեին։

Ադրբեջանցի պատգամավորը հիշեցրել է նաև Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլու աղմուկ հանած հայտարարությունը, թե «Ռուսաստանն Ադրբեջանի համար նույն «սցենարն» է պատրաստում, որը կիրառվեց Վրաստանի դեմ անցած տարվա հոկտեմբերյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ, և այդ նպատակով ուզում է որպես լրտես օգտագործել ծնունդով վրաստանցի Սոյուն Սադիկովին»։

Ի դեպ, վերջին ժամանակներս «ծնունդով վրաստանցի», այժմ՝ «ռուսական լրտես» և ադրբեջանցի Սոյուն Սադիկովը, «Ադրբեջանի արտաքին թշնամի» նշանակվելուց հետո, անասելի ժողովրդականություն է ձեռք բերել։ Ինչ ասես, որ չեն կապում նրա անվան հետ։ Օրինակ, նրա անվան հետ է կապվում առաջին հայացքից ճոռոմ պատմությունն այն մասին, թե Ադրբեջանի դեմոկրատական աշխարհ կուսակցությունը (ԱԴԱ) պետության ղեկավարի պաշտոնում առաջարկում է առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի թեկնածությունը։

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին սոցիալական ցանցերում հայտնվեց տեսանյութ մի խումբ անձանց ժողովի մասին, որոնք իրենց ներկայացնում էին որպես ԱԴԱ ղեկավարություն, որտեղ խոսվում էր Մ.Ալիևայի թեկնածության առաջադրման մասին, բայց հետո «ներկայիս» ղեկավարությունը թեկնածությունը «հետ կանչեց»։ Կարճ ասած՝ տիկնոջ «առաջադրման» հետ կապված ողջ պատմությունը վերագրեցին Սոյուն Սադիկովի գլխավորած «սադրիչների խմբին»...

Կարծում եմ՝ ռուսական լրտեսների նման «բացահայտումները» լուրջ չեն։ Լուրջ չեն թեկուզև այն պատճառով, որ այդ նույն «ռուսական լրտես» Սոյուն Սադիկովը երբեք չի թաքցրել, որ «միշտ պաշտպանելու է այն գաղափարները, որոնք արտահայտել է Վլադիմիր Պուտինը՝ կապված Եվրասիական միության ստեղծման հետ»։ Ուստի, Ադրբեջանի գալիք նախագահական ընտրություններում «ռուսաստանցի ադրբեջանցիները» կպաշտպանեն այն թեկնածուին, որի ծրագիրն ուղղված կլինի «Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների պահպանմանն ու զարգացմանը»  

Ինչ վերաբերում է Մեհրիբան Ալիևային նախագահի թեկնածու առաջադրելուն, ապա այստեղ ամեն ինչ չէ, որ միանշանակ է։ Բանն այն է, որ մինչ Ադրբեջանում ջղաձգորեն փնտրում են (իմա՝ արդեն գտել են) սադրանքի «պատվիրատուներին», հանդիսության մեղավորն ինքը (և ոչ միայն նա)՝ Մ.Ալիևան, քար լռություն է պահպանում։ Տեսնես ինչո՞ւ։ Մի՞թե ոչ այն պատճառով, որ սույն «սադրանքը» ընդամենը հայտարարություն է Իլհամ Ալիևի «հաջորդի» մասին...

Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ