Lragir.am. Հարցազրույց Կանադայի Հայ Առաքելական եկեղեցու թեմի նախկին առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանի հետ
Դուք թեկնածուական թեզ եք գրել, որտեղ անդրադարձել եք սելեկտիվ աբորտներին Հայաստանում: Ինչու՞ եք անդրադարձել այդ թեմային՝ լինելով հոգեւորական:
Իմ թեկնածուական թեզը բարոյագիտական եւ աստվածաբանական մոտեցումների մասին է ժամանակակից խնդիրների վերաբերյալ: Նաեւ Հայաստանի առողջապահական համակարգի մասին է, թե ինչպես կարող են բարոյագիտությունը եւ աստվածաբանությունը նպաստել գործնական իմաստով առողջապահական համակարգի զարգացմանը: Եւ ես անդրադարձա սեռով պայմանավորված պտղի արհեստական ընդհատմանը, որը մեծ ուսումնասիրության առիթ դարձավ ինձ համար:
Եթե ավելի առարկայական խոսենք, ինչպիսի՞ խնդիրներ եք բացահայտել այդ ոլորտում:
Թե՛ բարոյական, թե՛ հոգեւոր, թե՛ օրինական եւ ժողովրդագրական տեսանկյունից կան խնդիրներ, նաեւ երկրի անվտանգության խնդիրներ կան ու զանազան այլ երեւույթների ներթափանցման վտանգ կա դեպի Հայաստան: Կանանց ու երեխաների թրաֆիկինգը օրինակ: Բնական է, որ կանանց նվազումը պետք է էմիգրացիա բերի դրսից, մարդիկ պետք է վերջիվերջո ամուսնանան ու բնականաբար այդ բոլոր երեւույթների մեջ ամենառարկայականը այն է, որ հստակ կերպով իրավունք ու պատասխանատվություն պետք է լինի ու շեշտված լինի կնոջ արժանապատվության հարցը: Ցավոք, մեր երկրում շատ կարեւորություն չի տրվում այդ հարցին: Պետք է բոլոր մակարդակներով պայքարեն այս խնդիրը լուծելու համար: Պետք է ազնվություն ունենանք բոլորս՝ ընդունելու, որ խնդիրը առկա է:
ՀՀ առողջապահության նախարարությունը ունի՞ այդ ազնվությունը:
Ես վստահ եմ, որ մտահոգ են ու զբաղվում են, բայց թե որքանով, չգիտեմ, թերեւս դա զգալի տեսանելի չէ:
Նույն նախարարությունը պատրաստվում է լրամշակել օրենքը այնպես, որ կանայք իրենց երեխաների սեռի մասին իմանան միայն այն ժամանակ, երբ արդեն ուշ կլինի արհեստական ընդհատել հղիությունը: Կարծում եք օրենքի նման փոփոխությունը լուծու՞մ է:
Օրենքում նման փոփոխություն մտցնելը անընդունելի է, քանի, որ կան կոռուպցիոն ռիսկեր, ու պետք է խնդիրը լուծել՝ կրթության ու հաղորդացվածության մակարդակը բարձրացնելով: Լավագույն օրենքն էլ եթե ընդունեն, մարդը նորից ճանապարհ կգտնի օրենքը խախտելու:
ՀՀ Առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանն ասում է, որ գոհ կլինեն, եթե հոգեւորականները այս խնդրի մասին բարձրաձայնեն եկեղեցիներում:
Եկեղեցին միայն քարերը չէ, պատերը չէ, ջահերը չէ, եկեղեցին առաջին հերթին ժողովուրդն է, որի ներկայացուցիչները մկրտվելով արդեն իսկ պետք է հասկանան, որ քրիստոնեության մեջ հավասարակության սկզբունքն է դրված, ուրիշ հարց է, որ հասարակությունները սկսել են դա այլ կերպ մեկնաբանել : Իսկ ես անընդհատ բարձրաձայնել ու կշարունակեմ բարձրաձայնել այս խնդրի մասին:
Հարցս թեմային չի առնչվում, բայց բոլորին հետաքրքիր է, թե այժմ որոնք են լինելու Ձեր հետագա անելիքները, քանի որ մայիսի վերջին կայացած եկեղեցական որոշման համաձայն՝ Դուք այլեւս Կանադայի Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ չեք:
Ես վերադարձել եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու կսպասեմ, թե Վեհափառը ինչ նոր նշանակում կանի:
Կարինե Իոնեսյան