Lragir.am.Կիրակնօրյա նոթեր
Ժամանակ առ ժամանակ սկսնակ կամ ոչ էնքան լավ լրագրողները հարց են տալիս, թե ով է մեր ժամանակի հերոսը: Մոտեցումն արհեստավարժ չէ, որովհետև հերոսները՝ «մեկ-արարքի-մարդիկ», պատերազմի «բաղկացուցիչներից» են: Ըստ այդմ, հարցն իմաստ ունի մեկ էլ պատերազմին մոտիկ իրավիճակներում: Ես ինքս վերջին անգամ էդ հարցը լսել եմ մի քանի տարի առաջ, սկսնակ լրագրողից՝ 2010 թ. մարտի 3-ին, Գրողների միջազգային օրվա առթիվ: Պատասխանեցի, որ մեր ժամանակի հերոսը Նիկոլ Փաշինյանն է: Նիկոլն էդ պահին բանտում էր: Նկատի ունեի ոչ միայն իրեն, մյուս քաղբանտարկյալներին էլ: Ովքեր իշխանությունից ներում չհայցեցին, որ ազատություն ստանան, հրաժարվեցին նվաստացնել Դիմադրության գաղափարն ու իրենք իրենց: Քաղբանտարկյալները հերոսներն են էն պատերազմի, որ ժողովրդի դեմ սանձազերծել է պաշտոնեությունը, էս պահին՝ ՀՀԿ մակնշմամբ: Անհասկանալի… կամ հասկանալի պատճառներով խոսքիս էդ հատվածը եթեր չգնաց «Երկիր-մեդիայով»:
Եթե հիմա ինձ նույն հարցը տային, կասեի, որ մեր ժամանակի հերոսը Էդուարդ Սնոուդենն է, ով զանգվածային լրատվամիջոցների միջոցով աշխարհին իրազեկեց, որ Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունները վերահսկում են քաղաքացիների հեռախոսային ու համացանցային անձնական շփումները: Հեշտ է ասելը՝ իրազեկեց: Նա որպես ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակից, ըստ ամենայնի, պայմանագիր է ստորագրել, որ ծառայողական գաղտնիքներ չի հրապարակի: Դա նրան ցմահ զրկում է հայրենիքում ապրելու հնարավորությունից, եթե չի ցանկանում ցմահ բանտարկության դատապարտվել: Նա չի կարող բնակություն հաստատել նաև Անգլիայում կամ որևէ այլ արևմտյան երկրում, որի ապրելակերպը մոտ է ԱՄՆ-ին, որովհետև կձերբակալեն ու կարտահանձնեն...
Իր քաղաքացիությունից զրկվեց, ավելի ստույգ՝ հրաժարվեց նաև Ժերար Դեպարդյեն: Մինչև էդ արարքը սիրված ֆրանսիացի դերասանը ռուսական քաղաքացիություն ընդունեց, որպեսզի քիչ հարկ մուծի հայրենիքում: Չնայած տեսքից չէր երևում, որ սոված է: Դեպարդյեն հարկերի փո՛ղը խնայեց, ռուսները կրկնակի շահեցին. հարկերը՝ մեկ, երկրորդ՝ շատերը հավատացին, թե Ռուսաստանն ավելի լավ երկիր է, քան Ֆրանսիան… Քանի դեռ դերասանը, առանց հրավերների միջև խտրականություն դնելու, չգնաց նաև ռուսների աչքի փուշ Չեչնիա, որտեղ Կադիրովը նրան հինգ սենյականոց բնակարան նվիրեց: Քանի դեռ Դեպարդյեն չհայտարարեց, թե մտադիր է ևս 7 երկրի քաղաքացի դառնալ: Որոնցից նշեց Ալժիրը, հազիվ թե Ռուսաստանի հետ համեմատելի երկիր:
Բայց Սնոուդենը Դեպարդյեի օրինակին չի հետևել, այլ Ջուլիան Ասանժի, ով, ինչպես հիշում ենք, նույնպես ամերիկյան գաղտնիքներ էր հրապարակել մի քանի տարի առաջ: Դրանք միլիոնավոր մարդկանց համար բացահայտեցին ամերիկյան տիկնիկավարի ու արտասահմանյան խամաճիկների էությունը: Ասանժը ևս, հայտնի չէ, թե ինչքան ժամանակով, ստիպված է լինելու ապրել իր երկրից հեռու:
Վաշինգթոնի պարզաբանմամբ՝ Սնոուդենն ու Ասանժը դավաճան են, որովհետև ԱՄՆ-ը մարդկանց լրտեսել է ահաբեկության դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար... Բայց հունիսի 29-ի գերմանական «Շպիգել» հանդեսը, հիմնվելով Սնոուդենի բացահայտումներին, գրեց, որ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները լրտեսել են Եվրամիության ու Եվրախորհրդարանի դիվանագետներին՝ Նյու-Յորքում ու… Բրյուսելում: Հարց է ծագում. ո՞ր մի ահաբեկչական մեղքի համար:
Ուրեմն, Սնոուդենը հերոսն է էն պատերազմի, որ գերտերությունը վարում է մնացած աշխարհի դեմ՝ մի տարածաշրջանում հրահրելով «գարուն», մյուսում պահպանելով «խորը աշունը», իսկ երրորդը պահելով խստագույն հսկողության տակ: Նա և Ասանժը Ամերիկայի լավագույն քաղաքացիներն են: Նրանց ամբողջ կյանքում ներշնչել են մարդու իրավունքների և անձնական կյանքի անձեռնամխելիության գերակայությունը, լսել են էդ մասին պերճախոս քաղաքական ճառեր, կարդացել հոդվածներ, տեսել բազմաթիվ ֆիլմեր... Եվ, համակվելով ամերիկյան արժեքներով, որոշել են նախապատվությունը տալ դրանց և ոչ թե մի լրտեսական կազմակերպության տված ստորագրությանը կամ քաղաքացու պարտքի պարզունակ ընկալմանը:
Ցավալի է, որ Սնոուդենի սկանդալը շարունակվում է արդեն շաբաթներ, իսկ հայաստանյան մեդիայում, ըստ Գուգլի որոնման, մի մեկնաբանություն է եղել մինչև հիմա («Լրագրում»): Սոցցանցերում նույնպես շատ չեն քննարկումները, եղածներում մեծամասնությունը դավաճան է համարում Սնոուդենին: Ինչպես ամեն ինչ, որ ամենաուղղակի կերպով մեզ չի վերաբերում: Ես իմ ողջույնն եմ հղում նրանց, ովքեր Հայաստանում ու ամբողջ աշխարհում պաշտպանում են Ասանժին ու Սնոուդենին: Նրանք իրենց երկրների լավագույն քաղաքացիներն են, որովհետև, դրանով ազդարարում են, որ վատ հրամաններ չեն կատարի, երբ հերթը հասնի իրենց:
Երբ բացահայտվում է հանցանքը, դա երկու տհաճություն է պատճառում: Մեկը՝ որ մարդիկ իմանում են, մյուսը՝ որ սխալ ես գործել: Արևմտյան արժեքները թելադրում են, որ երկրորդի վրա կենտրոնանաս, մինչդեռ ամերիկացիների ամբողջ պաթոսն ուղղված է նրա դեմ, ով բացահայտել է հանցանքը:
Ուրեմն, բացառված չէ, որ, էս իմ նոթերին ծանոթանալով, ամերիկացիները կիտեն իրենց նոթերն ու ինձ, դիցուք, մուտքի արտոնագիր չտան, եթե նորից առիթ լինի գնալ ԱՄՆ: Է, հա՜, ոչինչ… մի բան զոհում ես, որպեսզի ուրիշ բան ձեռք բերես: Ավելին, առանձնահատուկ հաճույք է, երբ գիտես, որ ինչ-որ բան ձեռք բերեցիր զոհողության գնով: Թեկուզ դա լինի «ընդամենը» կարծիքդ ազատ ասելը:

Վահրամ Մարտիրոսյան