«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրեն Աշոտ Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ դեռևս հրաման չկա, և որևէ մեկնաբանություն անել չեմ կարող։ Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասաց «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը։

Վերջինս նշեց նաև, որ Աշոտ Սարգսյանի արձակուրդի վերաբերյալ ևս այս պահին հրաման չկա։

Նշենք, որ 168.am-ի հավաստի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրեն Աշոտ Սարգսյանը, հրաժարական է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից: Ա.Սարգսյանը, ով 2005թ.-ից ի վեր զբաղեցնում էր գործարանի կոմերցիոն գծով փոխտնօրենի պաշտոնը և, ըստ մամուլի բազմաթիվ հրապարակումների, սերտ առնչություն ունի գործարանում վերջին տարիներին տեղի ունեցած ֆինանսական, վարկային մեքենայությունների հետ, և ով ստանում էր ամսական 3.5 մլն դրամ աշխատավարձ, հանկարծ որոշել է գնալ «հանգստի»: Ամեն դեպքում, նա այդպես է պատճառաբանել իր հրաժարականը և նշել է, որ որևէ այլ աշխատանքի առաջարկ դեռևս չունի: